16/10/2025

Անորակ յուղի և ոչ լիարժեք տեղազննման մասին. «Լելե Թեփեի օպերացիա»-ի գործով երկրորդ դատական նիստը․ Տեսանյութ, Լուսանկարներ

2020-ի պատերազմից առաջ Ստեփանակերտի «Ցոր» զորամասը ստացել է գրավոր կարգադրություն, որ անորակ յուղի պատճառով չօգտագործեն զրահապատ տեխնիկան։ Այս մասին օգոստոսի 11-ին «Լելե Թեփեի օպերացիա»-ի գործով նիստին հայտարարեց «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը։

https://www.civilnet.am/ Երևանի քրեական դատարանում օգոստոսի 11-ին դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ տեղի ունեցավ 2020-ի հոկտեմբերի 11-ի բանակային հակահարվածի գործով երկրորդ դատական նիստը, որը հայտնի է «Լելե Թեփեի օպերացիա» անվամբ։ Մեղադրյալի աթոռին են Պաշտպանության բանակի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի («Ցոր») հրամանատար Արթուր Օհանյանը, նույն զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանը և տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանը։ Զորամասի հրամանատարը մեղադրվում է ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, իսկ գումարտակի հրամանատարները՝ զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից հրաժարվելու համար։

Բանակային հակահարվածի գործով երկրորդ նիստը, օգոստոսի 11, 2025

Փաստաբան Ապրեսյանը նշեց, որ մինչև պատերազմը զորամասը ստացել էր գրավոր կարգադրություն չշահագործել տանկերն ու հետևակի մկարտական մեքենաները (ՀՄՄ) անորակ յուղի պատճառով։ «Գրավոր ստանում է կարգադրություն՝ չքշեք հանկարծ, յուղը անորակ է։ Ու վեց ամիս հետո պատերազմը սկսվում է։ Ի՞նչ պիտի աներ Օհանյանը»,- հարցրեց նա։

ՍիվիլՆեթին «Ցոր»-ի հրամանատարներից մեկը ժամանակին հայտնել է, որ հենց այդ անորակ յուղի պատճառով պատերազմից առաջ տեխնիկաներով ո՛չ մարտական հրաձգություններ են կատարել, ո՛չ էլ մարտական մեքենավարում։ Նա կարծիք էր հայտնել, որ դա քրեական նյութի գործ է, և այդ օպերացիային էկիպաժները պատրաստված չէին նաև այդ պատճառով։

Նիստի ընթացքում հանրային մեղադրող Ալեքսանյանը ներկայացրեց «Ցոր»-ի մարտական տեխնիկայի վիճակի վերաբերյալ ՊԲ Վերանորոգման գումարտակի տվյալները։ Ըստ դրանց՝ զորամասի 21 տանկից 20-ը և բոլոր ՀՄՄ-ները սարքին են եղել։

Սակայն Արթուր Օհանյանը պարզաբանեց, որ տվյալները վերաբերում են 2020-ի մինչև սեպտեմբերի 27-ը իրավիճակին։ Եվ մի շարք տեխնիկաներ շարքից սկսել են դուրս գալ երթի ժամանակ, և զորամասի վերանորոգման ստորաբաժանումը ամեն ինչ արել է դրանք վերականգնելու համար։

 

Օպերացիայից առաջ երթի ժամանակ զորամասի մի շարք տանկեր ու ՀՄՄ-ներ շարքից դուրս են եկել՝ մնալով ճանապարհին, և հակահարվածին մասնակցել է տեխնիկայի ոչ ամբողջական մասը։ 2020-ին Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, որը այս օպերացիայի հեղինակն է, իր հարցազրույցներում բազմիցս կասկած է հայտնել, որ տեխնիկական խնդիրներից զատ, սպառազինությունը դիտավորյալ շարքից հանել են նաև զինծառայողները։

Ոչ լիարժեք տեղազննման մասին

Այսօրվա նիստին հանրային մեղադրողը պնդեց, որ «Ցոր»-ի հրամանատար Արթուր Օհանյանը առաջադրված խնդիրները ենթակա ստորաբաժանումներին պարզաբանել է ուշացումով և մակերեսորեն՝ մարտական խնդրի կատարումից երկու ժամ առաջ:

Օհանյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը պարզաբանեց, որ հոկտեմբերի 6-ի առավոտյան Օհանյանը գումարտակների հրամանատարների հետ միասին տեղատեսության է մեկնել պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարի հանձնարարությամբ: Սակայն հակառակորդի հրետակոծության, մառախուղի և ուղեկցող Վահան Բադասյանի ծանր վիրավորման պատճառով մի քանի փորձից հետո չի հաջողվել լիարժեք տեղատեսություն կատարել:

Փաստաբանն ասաց, որ անձնակազմն ու զինտեխնիկան լիարժեք նախապատրաստելու համար, հաշվի առնելով նաև տեղանքի հեռավորությունը՝ Օհանյանը խնդրել է օպերացիան գոնե մեկ օրով հետաձգել, սակայն, այդ առաջարկը չի ընդունվել:

Ըստ փաստաբանի՝ Օհանյանը միայն երեկոյան է վերադարձել և 20:00-ին մասնակցել հրամանատարական խորհրդակցությանը, որից անմիջապես հետո՝ 21:00-ին, անցկացրել է ժողով ստորաբաժանումների սպայական կազմի հետ՝ ներկայացնելով բոլոր առաջադրանքները։ Երթը նշանակված էր 22:30-ին՝ ՊԲ հրամանատարության որոշմամբ։

Փաստաբան Ապրեսյանը նշեց, որ Օհանյանը ֆիզիկապես չէր կարող ավելի վաղ խորհրդակցություն անցկացնել, քանի որ հանձնարարականը ստացել էր միայն նախորդ օրը երեկոյան և գաղտնիության պահանջով։

«Ի՞նչ ժամանակի ուշացման մասին է խոսքը, Օհանյանը պիտի օրը երկարացներ՞»,- հարցրեց պաշտպանը։

Ապրեսյանը նաև ասաց, որ Օհանյանը բրիգադի ծավալման և հակառակորդի դեմ մարտերի ամբողջ ընթացքում մինչև վիրավորվելը մշտապես եղել է անձնակազմի հետ: Հետևաբար նա հերքեց իր պաշտպանյալի անփույթ վերաբերմունքի համար մեղադրանքը։

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը տարածվե՞լ է Արցախի տարածքի վրա

«Ցոր»-ի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար Գեղամ Աբրահամյանի պաշտպան Մհեր Հակոբյանը բարձրացրեց իրավական հարցեր։ Հակոբյանն ընդգծեց, որ Գեղամ Աբրահամյանը փախստականի կարգավիճակ ունի և երբեք ՀՀ քաղաքացի չի եղել, և հետևաբար չի կարող լինել հանցագործության սուբյեկտ։

Հաջորդ խնդիրը կապված էր ռազմական դրության հետ։ Պաշտպանը պնդեց, որ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը չի տարածվել Արցախի տարածքի վրա, հետևաբար չի կարող հիմք լինել մեղադրանքի ծանրացման համար։

Հիշեցնենք, որ «Ցոր»-ի մոտոհրաձգային բրիգադի հրամանատար Գեղամ Աբրահամյանը մեղադրվում է այն բանի համար, որ ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից։

Ինչո՞ւ է Ջալալ Հարությունյանը հոկտեմբերի 8-ին հրամայել օպերացիան կրկնել

«Ցոր»-ի տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի փաստաբանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը չի հրաժարվել հրամանը կատարելուց։ «Ուղղակի ճակատագրի բերումով դա նրան չի հաջողվել, քանի որ երթի ժամանակ փոխել է երեք տանկ, և վերջում երրորդ տանկն ընկել է տանկային փոսի մեջ»,- բացատրեց նա։

Տանկային գումարտակի հրամանատար Գառնիկ Մնացականյանի փաստաբան Էրիկ Բեգլարյանը

Բեգլարյանը հռետորական հարց հնչեցրեց. «Եթե իմ պաշտպանյալը հանցագործություն է կատարել, ապա ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը հոկտեմբերի 7-ից հետո հրաման է տվել նույն օպերացիան կազմակերպել և իրականացնել նաև հոկտեմբերի 8-ին»։

Ըստ քննչական կոմիտեի՝ Ջալալ Հարությունյանը բանակային հակահարվածի տապալումից հետո հաջորդ օրը որոշում է կայացրել իրականացնել ռեյդային գործողություններ։ Ջալալ Հարությունյանը բանակային հակահարվածի գործով արդարացվել է. 11 ռազմագետ կարծիք է հայտնել, որ նրա գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, և նա հակահարվածի ժամանակ գործել է բարեխիղճ, զգույշ և գրագետ:

Դատարանը հայտնեց, որ հաջորդ նիստը կանցկացվի օգոստոսի 21-ին և դռնփակ։

***

Բանակային հակահարվածի գաղափարը տվել էր Սամվել Բաբայանը՝ Արցախի այն ժամանակվա Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Ըստ այդ մտահղացման՝ անհրաժեշտ էր Արցախի հարավային ուղղությամբ ներթափանցած խմբավորումներին շրջափակել և զրկել սնուցումից։

Ադրբեջանի զինված ուժերի սնուցման ճանապարհը անցնում էր 2016-ին կորսված Լելե Թեփե բարձունքի մոտով ու Իրանի սահմանի երկայնքով ձգվելով՝ հասնում մինչև Հայաստանի սահման։ Հայկական ուժերի խնդիրն էր Քենդ Հորադիզից ելնել և փակել սնուցման այդ ճանապարհը՝ թիկունքում թողնելով Լելե Թեփեն։

Հակահարձակման մասնակից գլխավոր ուժերը պաշտպանության բանակի ռեզերվային ստորաբաժանումներն էին՝ Իվանյանի տանկային և Ստեփանակերտի մոտոհրաձգային բրիգադները։ Տանկային բրիգադը պիտի փակեր սնուցման ճանապարհը՝ հաստատվելով նոր բնագծում, մոտոհրաձգային բրիգադը՝ «Ցոր»-ը, առաջինի թիկունքը ապահովելով պիտի ոչնչացներ ներս թափանցած հակառակորդին։