19/08/2025

Հայաստանում Թրամփի ուղի է, Ուկրաինայում՝ Թրամփի ընդերք

Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվեց եռակողմ համատեղ Հռչակագիր:

Սակայն Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքները մշուշոտ են, եռակողմ համաձայնագիր ստորագրելուց հետո Հայաստանում իրավիճակն անորոշ է: Թե հանրությունը և թե ընդդիմադիր շրջանակները թերահավատորեն են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի խոստացած «խաղաղությանն» ու «տնտեսական վերելքներին»:

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային ասում է. «Ո՞վ է ասում, որ կարող է Հայաստանն առևտուր անել, կամ տնտեսական ակտիվություն արձանագրել` ՔՊ-ական պատգամավորնե՞րը: Նրանք շատ բան կարող են ասել: Հանրային հեռուստաընկերությունն էլ իր հերթին կարող է շատ բաներ ասել: Այդ հեռուստաալիքը երբեք` ոչ մի ղեկավարի օրոք չի եղել այսքան ոչ հանրային, ինչպես հիմա է: Ես ուղղակի ուզում եմ մեկ նրբերանգի վրա սևեռել հանրության ուշադրությունը, դրանից այն կողմ ասելու անհրաժեշտություն չկա: Երբ փաստաթուղթը ստորագրվեց եռակողմ ֆորմատով, հավանաբար բոլորը նկատած կլինեն, որ այն ստորագրեց նաև Ադրբեջանը:

Այսինքն` Հայաստանով անցնող կոմունիկացայի նկատմամբ Ադրբեջանը որոշակի իրավունքներ է ստանում: Ոմանք կարող են ասել` նոյեմբերի 9-ի համաձայնագրի տակ էլ է Ալիևը ստորագրել, սակայն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ենթադրում էր տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակում:

Դեռ ամեն ինչ մի կողմ թողած, Լաչինի միջանցքի վերաբերյալ կար պայմանավորվածություն, սակայն այս պայմաններում մենք ստորագրել ենք մի փաստաթղթի տակ, որտեղ Ադրբեջանը նույնպես փայատեր է: Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիների փայատերը Ադրբեջանն է: Եթե ավելի խորանանք այս ամենում, ապա մարդիկ չպետք է զարմացած լինեն, որ պարզվի` Հայաստանը զրո ներդրում է անելու Հայաստանում` կոմունիկացիների կարգավորման, շինարարությունների համար, սակայն փայաբաժին է ունենալու տրանզիտային հոսքերից:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ Հայաստանն աշխատում է ենթադրենք 100 դոլար, որից 60 դոլարը վերցնում է ԱՄՆ-ն, մենք ու Ադրբեջանը` 20-ական դոլար: Ստացվում է, ոչ միայն մեր տարածքներ ենք հանձնել, այլև Ադրբեջանը մեր հաշվին գումար է վաստակում և զենք է գնում, որը պետք է օգտագործի նաև մեր դեմ: Մի քանի ամիս առաջ Ուկրաինան և ԱՄՆ-ն մի փաստաթղթի տակ ստորագրեցին, որով Ուկրաինայի ողջ ընդերքը հանձնեցին ԱՄՆ-ին: Եթե Հայաստանում Թրամփի ուղի է, ապա Ուկրաինայում` Թրամփի ընդերք է: Ռուս զինվորը թքած ունի, թե Թրամփը ինչ է արել, ինչի տակ է ստորագրել»: