Պաշտոնական Երևանը հրապարակել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, որն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել էին երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։
«Կողմերը ճանաչում են և կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքական անկախությունը»,- ասված է փաստաթղթում։ Բացի այդ, նշվում է, որ կողմերը միմյանց հետ փոխադարձ հարաբերություններում ձեռնպահ կմնան տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից։
Իր ֆեյսբուքյան էջում համաձայնագրի տեքստը հրապարակել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս համաձայնագիրը հուսալի և տևական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք, որն արտահայտում է երկու երկրների հավասարակշռված շահերը»,- գրել է նա։
Հայաստանն ու Ադրբեջանը կարո՞ղ են երբևէ խաղաղություն հաստատել և եղբայրանալ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է երազում, Հրապարակ թերթը հարցրել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին: Նա մեզ հետ զրույցում անդրադառնալով նոր` Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ համաձայնագրին ու Սյունիքից ԱՄՆ-ին տարածքներ վարձակալության հանձնելու իշխանության ճիգերին, նկատում է.
«Եթե խաղաղություն, ապա միայն` արժանապատիվ: Ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղությանը: Խաղաղությունը չի կարող այսպես ստորացված լինել: Հայ ժողովրդին անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն: Հայ տղամարդուն ամեն գնով փորձում են արժեզրկել, բայց մենք ոչինչ չունենք զիջելու: Մեզ նման խաղաղություն պետք չէ: Եթե քաղաքական իշխանությունները շեշտում են, որ մենք պարտվել ենք պատերազմում, դա նշանակում է, որ հայ տղամարդու ոգին դիտավորյալ կոտրում են: Մենք չենք պարտվել, պարզապես մեր վզին պարտություն են փաթաթել: Իսկ նպատակը Հայաստանը կտոր-կտոր հանձնելն է: Ադրբեջանը երբեք չի կարող Հայաստանի հանդեպ զիջող լինել: Նրանց նպատակը մեզ ոչնչացնելն է», – ասում է մեր զրուցակիցը:
Ինչո՞ւ ընդդիմությունը ոչինչ չի անում, ո՞րն է նրանց լռության պատճառը, մեր զրուցակիցը շեշտեց. «Լուռ են, որովհետև նրանք էլ են մեղավոր այս իրավիճակի համար: Ժամանակին նրանցից ոմանք պատմություն էին կեղծում, լավ տղաներին դարձրին ոչինչ, ինչքան սողուն կար բրդեցին առաջ, վերջը սա եղավ: Հիմա ո՞ւր են այդ սողունները, դե թող պաշտպանեն հայրենիքը:
Նախկին բոլոր իշխանությունները նպաստեցին, որ Հայաստանը կործանման հասնի: Այս ամենի հիմքը դրել են այն մարդիկ, ովքեր պատմություն էին կեղծում: Ես շատ լավ եմ հիշում` դեռ այն ժամանակ, ով պատերազմից փախչում էր, նրան գովերգում էին, պաշտոններ էին տալիս, իսկ ով կռվում էր, զոհվում էր, մոռացվում` գնում էր: Ամեն ինչ պլանավորված է եղել դեռ այն ժամանակներից: Մեր հաղթանակները ամեն հնարավոր ձևով արժեզրկեցին:
90-ականներին մենք ու ադրբեջանցիները նույն զենքերն ունեինք, բայց մենք հաղթեցինք…. 2020 թվականին էլ մենք զենք ունեինք, այնպես ինչպես Ադրբեջանը, բայց այս անգամ չհաղթեցինք»: Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ բանակում զենք չկար, քանի որ նախկին իշխանությունները թալանել էին բանակը. «Անգամ այդպիսի իրավիճակում մենք կարող էինք հաղթել պատերազմում:
Անգամ մեր ունեցած զենքերով կարող էին պատերազմը գոնե կանգնեցնել: Մեր ունեցած զենքերի, զինամթերքի հետ սարսափելի անփույթ են վարվել, ոչինչ չեն խնայել: Հիմա էլ ուզում են Սյունիքից տարածքներ տալ: 10-20 կիլոմետր առանձնացնելու են, միջանցքը տալու են թուրքերին, հետո հայերին կամաց-կամաց կհանեն, փոխարենը ադրբեջանցիներին կբնակեցնեն այնտեղ, Սյունիքը կկտրեն լրիվ Իրանից և մենք կդառնանք լիովին անպաշտպան երկիր»:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը