18/08/2025

Ստեփանակերտ-Երևան, Երևան-Մոսկվա, Մոսկվա-Բաքու, Բաքու-Անկարա, Բաքու-Թեհրան և այլ ուղղություններով ինչ կոմունիկացիաներ են եղել

2022 թվականի փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հյուրընկալեց նախ Պակիստանի վարչապետ Իմրան Խանին, ապա՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Պուտինի հետ հանդիպումից և ամենայն հավանականությամբ, գաղտնի պայմանավորվածություններից երկու շաբաթ հետո Պակիստանի խորհրդարանը վարչապետին անվստահություն հայտնեց և նրան պաշտոնանկ հայտարարեց:

Միջազգային մամուլը գրեց, որ Խանը պաշտոնազրկվել է ԱՄՆ ԿՀՎ «կազմակերպած պալատական հեղաշրջման արդյունքում»:

Պուտին-Ալիև «Ռազմավարական դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի ստորագրումից ուղիղ մեկ ամիս անց Բաքու ժամանեց ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակություն, որ գլխավորում էր ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ գեներալ գնդապետ Ալեոսեյ Կիմի գլխավորությամբ:

Վերջինս մինչև 2023 թվականի հունվար զբաղեցրել էր ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի շտաբի պետ-գլխավոր հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից նշանակվել ուկրաինական ռազմաճակատի միացյալ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ:

Ռուսաստանի զինվորական պատվիրակությունը դեռ գտնվում էր Բաքվում, երբ ռուս «խաղաղապհներն» ադրբեջանական կողմին հանձնեցին Փառուխ գյուղը և Քարագլուխ բարձունքի մի հատվածը: 2022 թվականի հուլիսի 30-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում «ապօրինի զինված խմբավորումների դեմ սկսվում է «Վրեժխնդրություն» ռազմագործողություն»:

Հետագա երեք օրերին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման և ռուս «խաղաղապահ» ուժերի դիտորդական կետերի տեղաբաշխման գծի ողջ երկայնքով Ադրբեջանն անցավ մարտական գործողությունների՝ կիրառելով զրահատեխնիկա, ծանր հրետանի, ԱԹՍ-եր և օդուժ:

Եռօրյա բախումներից հետո Ադրբեջանը տիրացավ շփման գծի բոլոր իշխող բարձունքներին և գրեթե ռազմական ուղղակի վերահսկողություն հաստատեց Լաչինի միջանցքի նկատմամբ: Օգոստոսի 5-ին Ադրբեջանի զինված ուժերը մտան Լաչին, որտեղից, ինչպես նաև Աղավնո և Սուս բնակավայրերից հայ բնակչությունը տարհանվեց:

Փաստացի Լեռնային Ղարաբաղի շրջափակումն սկսել է 2022 թվականի օգոստոսի 5-ին՝ Ադրբեջանի իրակաանցրած «Վրեժխնդրություն» ռազմագործողությամբ, որ, ամենայն հավանականությամբ, մշակվել է Բաքու ՌԴ ԶՈՒ բարձրաստիճան պատվիրակության եռօրյա այցի ընթացքում:

Չի կարելի ասել, թե Պաշտպանության բանակը «Վրեժխնդրություն» ռազմագործողությանը չի հակադարձել: Քարագլուխ բարձունքի մի հատվածը հայկական վերահսկողության տակ է մնացել կատաղի մարտերից հետո:

Բայց Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարությունը փորձել է իրավիճակը հարթել ռուս «խաղաղապահների» միջնորդությամբ: Մինչդեռ պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղին պատերազմ է հայտարարված:

Հետադարձ հայացքը միշտ սուբյեկտիվ է: Մենք բավարար տեղեկացված չենք, թե այդ օրերին Ստեփանակերտ-Երևան, Երևան-Մոսկվա, Մոսկվա-Բաքու, Բաքու-Անկարա, Բաքու-Թեհրան և այլ ուղղություններով ինչ կոմունիկացիաներ են եղել, խնդիրն ինչ պրիզմայով է գնահատվել, բայց նաև փաստ է, որ Ստեփանակերտը ղարաբաղյան չորրորդ պատերազմի մարտահրավերը չի ընդունել:

Միամտություն կլինի նույնիսկ վարկածել, թե այդ պատերազմում Պաշտպանության բանակը կարող էր հաղթել, բայց, եթե ամենավերջում պիտի կայացվեր բռնատեղահանությունից առաջ պատվո ճակատամարտ տալու որոշում, ապա, գուցե, չորրորդ պատերազմի ելքն ավելի նպաստավոր լինե՞ր: Բայց «պատվո ճակատամարտը» Ստեփանակերտի՞ որոշումն էր: