Ադրբեջանի ԱԳ նախկին ղեկավար, քաղաքական վերլուծաբան Թոֆիկ Զուլֆուգարովը կարծում է, որ Սպիտակ տանը կնքված եռակողմ հռչակագիրը խաղաղության գործընթացում նկատելի քայլ է, սակայն նա Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս չշտապել այդ պայմանավորվածություններից բխող մեխանիզմները գործարկելու հարցում:
Նա ասել է, որ տարածաշրջանի համար որեւէ էական սպառնալիք չի տեսնում ո՛չ Հյուսիսից, ո՛չ էլ Հարավից՝ առաջին հերթին այն պատճառով, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Թեհրանը բավարար գործիքներ չունեն՝ տարածաշրջանի երկրների վրա լուրջ ճնշում գործադրելու համար։
Եվ խորհուրդ է տվել հատկապես չշտապել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, սահմանների բացման եւ գործարար հարաբերությունների հաստատման հարցում։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, Զուլֆուգարովի խոսքով, Մեղրիով անցնող ճանապարհը եւ հայ-թուրքական սահմանի բացումը պետք է տեղի ունենան միաժամանակ:
Ռազմական փորձագետ, հասարակական գործիչ Դավիթ Ջամալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրավիճակին, իշխանությունների կողմից ամեն օր ներկայացվող աննախադեպ հաղթանակին եւ խաղաղություն հաստատելու լալահառաչ հայտարարություններին, նկատում է. «Անկախ այն հանգամանքից, թե նիկոլական իշխանավորներն ինչ տերմինների աճպարարությամբ կփորձեն մանիպուլացնել մեր հասարակությանը, փաստը հետեւյալն է` Նիկոլը միջանցքը հանձնել է:
Այս ճակատագրական պահին, երբ մեր պետականությունը վտանգի տակ է, ցանկացած հանրային գործիչ պետք է ունենա սկզբունքայնություն՝ այս մասին խոսելու, որովհետեւ խոսքը պետության մասին է: Միջանցքը տվել են, իրերը պետք է իրենց անունով կոչել:
Ամեն ինչ շատ հստակ է, եթե ադրբեջանական փոխադրամիջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային վարչարարություն չեն անցնելու, եթե ՀՀ սահմանապահ ծառայությունն անձնագրային զննում չի իրականացնելու այն ադրբեջանական փոխադրամիջոցների, որոնք Հայաստան են մուտք գործելու, եթե անարգել մտնելու են օկուպացված Արցախից` Քաշաթաղի շրջանից, ի՞նչ է սա, եթե ոչ միջանցքի հանձնում:
Ուզում եմ հիշեցնել, որ Զանգելանի տարածաշրջանը, որի մասին խոսում են, Արցախի Քաշաթաղի շրջանն էր, որտեղ կար երկու քաղաքի կարգավիճակ ունեցող շրջան` Կովսականը, Միջնավանը: Այժմ եթե Արցախի օկուպացված տարածքներից ազերիները Հայաստան են մուտք գործելու, այն էլ՝ առանց հայկական կողմի համապատասխան վերահսկողության, դա նշանակում է, որ միջանցքը հաձնված է, անկախ այն բանից, թե ինչպես կպատառոտեն իրենց, ինչ անուններ կտան դրան: Ալիեւը մեկ ամիս առաջ Ստեփանակերտում հայտարարեց, որ Ստեփանակերտի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայ սահմանապահների հետ:
Սրանից հետո հռետորական հարց` արդյո՞ք Ալիեւը կստորագրեր մի փաստաթղթի տակ, որում իր սկզբունքային պահանջները բավարարված չլինեին: Վերլուծելով վերջին հինգ տարվա իրադարձությունները՝ գալիս ենք այն մտքին, որ Ալիեւն ինչ պահանջ որ դրել է, այս թրքահպատակ իշխանությունը դրանք լրիվ կատարել է: Առնվազն պետք է անմեղսունակ լինել՝ հավատալու համար, որ Ալիեւը հրաժարվել է իր պահանջներից:
Եթե Ալիեւը ստորագրել է այս թղթի կտորի տակ, դա նշանակում է, որ իր բոլոր պահանջները կատարված են: Եթե մեր մաքսային մարմինները, սահմանապահներն իրենց գործառույթը կատարեին եւ վերահսկեին ադրբեջանական բեռները, պատկերացնո՞ւմ եք՝ Նիկոլ Փաշինյանն այդ ամենն ինչ ուռճացված ձեւով կներկայացներ հասարակությանը՝ իբրեւ մեծագույն ձեռքբերում, հաղթանակ: Չեղած տեղից է փորձում հաղթանակ նկարել: Միջանցքի անունը կարող են դնել «Թրամփի երթուղի», «Թրամփի միջանցք», ինչպես կցանկանան, փաստն այն է, որ Ադրբեջանն անարգել մտնելու է Հայաստան եւ դուրս գա:
Իհարկե, այստեղ կան մանիպուլյատիվ արդարացումներ, իբրեւ թե Հայաստանի տարածքում գործելու են հայաստանյան օրենքները, սակայն Դոնալդ Թրամփը շեշտեց, որ դա միջանցք է: Նիկոլն ու նիկոլականները պնդում են, որ դա զուտ ճանապարհ է, սակայն Թրամփը շեշտեց` միջանցք: Ամենավատն այն է, որ մենք չենք ունենալու վերահսկողություն մեր երկրի ներսում, լավագույն դեպքում՝ ինչ-որ կրճոններ են շպրտելու, եւ վերջ:
Խոսքն ինչ-որ 30 տոկոս եկամտի մասին է: Ինչ վերաբերում է այն կազմակերպությանը, որը ստանձնել է միջանցքի կառավարումն իրականացնելը, ապա անմիջապես հայտնվելու է թուրանական աշխարհի ուշադրության կենտրոնում, քանի որ Մեղրիի ճանապարհը թուրանական աշխարհի համար ամենախնդրահարույցն է:
Նրանք ջանք ու եռանդ չեն խնայելու՝ այդ հատվածն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար: Ի՞նչ են անելու, փորձելու են միջնորդավորված կերպով ամերիկյան կազմակերպության բաժնետոմսերը գնել, թուրքերին աշխատանքի մտցնել տվյալ ընկերության կառավարման խորհրդում եւ այլն:
Ես հավաստիացնում եմ, որ թուրքական կողմն ամեն ինչ անելու է՝ այդ կազմակերպությունն իրենով անելու համար: Եթե այլ տարբերակ չլինի, ապա մեծ փողերով կաշառելու են եւ ամեն ինչ վերցնեն իրենց վերահսկողության տակ»:
Բաց մի թողեք
Աջապահյանի կալանքի երկարաձգո՞ւմն է, որ պիտի «զարդարի» ու նոր շտրիխներ հաղորդի Նիկոլ Փաշինյանի կերպարին
Ինչպես բարձրացնենք հանրության իմունիտետը
Գողությունը վերացնելու փոխարեն ՀԷՑ-ի նոր տնօրինությունը որոշել է կոստյում հագցնել բոլոր էլեկտրիկներին