2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ԿԳՄՍ պատասխանատուները պատասխանել են ուսուցիչներին հուզող հարցերին, որոնք հավաքագրվել էին նախապես։
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ նոր ուսումնական տարվանից հանրակրթության պետական չափորոշիչը կներդվի եւս չորս դասարաններում՝ ՀՊՉ-ով դասավանդում իրականացնող դասարանների թիվը հասցնելով 11-ի:
Անդրադառնալով քննությունների կազմակերպման գործընթացին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ 4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն իրականացվում է արտաքին գնահատման միջոցով։
Մայիսին անցկացվող միասնական թեստը ներառում է երեք առարկա՝ «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես եւ շրջակա աշխարհը»։ 9-րդ դասարանում փոփոխվել է քննությունների ձեւաչափը։ Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական եւ մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ կարող են հանձնել թեստային կամ նախագծային աշխատանք։
Տավուշի մարզում փորձարկումները ցույց են տվել, որ տարեցտարի աճում է նախագծային աշխատանք նախընտրող աշակերտների թիվը։
Նոր ձեւաչափ է ներդրվել նաեւ «Պատմություն» եւ «Գրականություն» առարկաների համար` էսսե գրելու եղանակով։ Աշակերտները պատմական իրադարձությունները կապում են գրական ստեղծագործությունների եւ իրավիճակների հետ՝ դրսեւորելով վերլուծական եւ ստեղծագործական մտածողություն։
Այս տարի Տավուշում աշակերտների գրած էսսեների որակը, ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, զգալիորեն բարձրացել է, եւ առաջիկա ուսումնական տարում նախատեսվում է էսսե գրելու հմտությունների զարգացման նպատակով հանրապետական մակարդակով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։
Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ 12-րդ դասարանում, որտեղ հանրակրթության պետական չափորոշիչը դեռ չի ներդրվում, քննությունները հիմնականում կանցկացվեն նախկին ձեւաչափով, բացառությամբ Տավուշի մարզի։
Նոր չափորոշչի ներդրումից հետո՝ հաջորդ տարվանից, բոլոր ավարտական քննությունները կանցկացվեն նոր ձեւաչափով՝ ընդգրկելով այնպիսի առաջադրանքներ, որոնք նաեւ սովորողների գործնական կարողությունները, հմտությունները ստուգելու հնարավորություն կընձեռեն։
Բաց մի թողեք
Օգոստոսյան խորհրդակցությունները կմեկնարկեն Արարատից, կավարտվեն՝ Երևանում
Դեկանի ընտրությունը մտել է փակուղի
Տնօրենը կստուգի՝ ուսուցիչը կամավոր ատեստավորման չհաղթահարման նախադեպ ունեցել է