17/10/2025

«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է

Oգոստոսի 15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Մամիկոն Դ.-ն:

Վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում՝ քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի տան մոտ գտնվող կամրջի տակ տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի ու կրակոցների հետևանքով:

Ըստ սկզբնաղբյուրի՝ մահացածը երբևէ քրեական պատմությունների մեջ չի եղել, նա հարգանք է վայելել ոչ միայն գյուղում, այլև շրջապատում, ու շատերի համար զարմանք ու զայրույթ է եղել, թե ով է կրակոց արձակել իր ընտանիքի հետ արդար քրտինքով հաց վաստակող Մամիկոն Դ.-ի վրա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 14-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ Հրազենային վնասվածքով քաղաքացի էր տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։