16/10/2025

Օրբանի պարտությունը կգետնի Պուտինին

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հերթական հաղորդագրությունն է տարածել: Այս անգամ Նարիշկինի հաստատությունը զգուշացնում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ Եվրահանձնաժողովը ցանկանում է Հունգարիայում իշխանափոխություն իրականացնել:

Ռուսաստանի ԱՀԾ-ի ձեռք բերած տեղեկություններով՝ Բրյուսելում զայրացած են, որ Բուդապեշտը փորձում է ազդել Ռուսաստանին և Ուկրաինային վերաբերող հավաքական որոշումների ընդունմանը, իսկ համբերության բաժակի վերջին կաթիլը Հունգարիայի կողմից Եվրամիության յոթամյա բյուջեի ընդունման արգելափակումն էր:

Ըստ այդմ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լրջորեն ուսումնասիրում է Բուդապեշտում վարչախմբի փոփոխության սցենարները: Նա, ինչպես ՌԴ ԱՀԾ-ն է համոզված, Հունգարիայի վարչապետի հիմնական թեկնածու է տեսնում ընդդիմադիր «Հարգանք և ազատություն» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին:

Վերջինիս աջակցության համար արդեն նշանակալի նյութական և վարչական, տեղեկատվական և լոբբիստական ռեսուրսներ են հավաքագրվել, իսկ ֆինանսական միջոցներ պատրաստ են տրամադրել գերմանական կուսակցական հիմնադրամները, նորվեգական մի քանի իրավապաշտպան ՀԿ-ներ և Եվրոպական ժողովրդական կուսակցությունը:

Հաշվարկն այն է, որ Պետեր Մադյարը պետք է իշխանության «բերվի» եկող գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջոցով: Ընդսմին, Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը չի բացառում, որ Հունգարիայում կարող է ստեղծվել «արտահերթ ընտրություններ նշանակելու իրավիճակ»:

Նարիշկինի հաստատությունը, իհարկե, չի շրջանցել նաև Ուկրաինայի հատուկ ծառայություններին և «բացահայտել է», որ Կիեւը Վիկտոր Օրբանին տապալելու համար «գործի է դրել ինչպես Հունգարիայում ստեղծած գործակալական ցանցը, այլև տեղի ուկրաինական համայնքներին»:

Դիտարժան է, որ ՌԴ ԱՀԾ այդ հաղորդագրության տարածման նախօրեին հեռակա «բանավեճ է ծավալվել» Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Օրբանի միջև: Զելենսկին Օրբանին քննադատել է Եվրամիությանն Ուկրաինայի անդամկցության դեմ ելույթի համար, ինչին Օրբանը հակադարձել է, որ Հունգարիան ունակ է մեկ օրում փլուզել Ուկրաինան:

Եվրոպական առաջնորդներից Վիկտոր Օրբանը հայտնի է Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ընկերական հարաբերություններով: ԵՄ երկրներին, կարծես, հաջողվել է Պուտինից հեռացնել Սերբիայի նախագահ Վուչիչին:

Եթե առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում Օրբանը պարտվի, ապա դա Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի համար շատ ցավալի կորուստ կլինի: