«Առաջին հայացքից, որ նայում ես այդ ստորագրված համաձայնագրին, թվում է` ամեն ինչ հրաշալի է, եւ Հայաստանը թեւակոխում է մեծ աշխարհ, բայց այդ խաղաղության համաձայնագրի տողատակերում թե ինչ կա, հետագայում հայ ժողովուրդն ինքն իր կաշվի վրա պիտի զգա»,- ասում է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը` անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ԱՄՆ նախագահի միջնորդությամբ նախաստորագրված խաղաղության համաձայնագրին:
«Մենք աշխարհից բազմիցս ստացել ենք մեր դասերը, երբ ամենակարեւոր պահերին մեզ լքել են, քաշել են, ուշացել են, իրենց նավերը մեր լեռները չեն բարձրացրել: Հիմա Սյունիքը հերթական նավահանգստարանն է, որտեղ նավերը չպետք է կարողանան մեր լեռները բարձրանալ, եւ մենք նորից պետք է Դոն Կիխոտի պես հողմերի դեմ կռիվ տանք:
Խաղաղություն, իհարկե, դեռ չի բերվել, եւ պատերազմը դեռ շարունակվում է, ավելին` պատերազմը չի էլ ավարտվել, ոչ թե խաղաղությունը չի եկել: Ամբողջ հարցը սա է: Սյունեցին եւ, ընդհանրապես, հայաստանցին, աշխարհասփյուռ հայությունը իր կաշվի վրա սա կզգա, եթե ոչ մեկ տարվա ընթացքում, գոնե առաջիկա ամիսներին, որովհետեւ ամերիկացիներն իրենց ժպիտներով ու ձեռքսեղմումներով երբ մեզ սիրաշահեցին, իրենց բուն նպատակը մեզ սիրաշահելը չէր:
Այստեղ բոլորն ունեն իրենց շահերը, եւ կարծում եմ` սա Թրամփին շատ պետք է, որ կարողանա Պուտինի հետ ամսի 15-ի բանակցությունների ընթացքում Ուկրաինայի հետ խաղաղության կամ փոխանակման հարցեր կարգավորել»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ կատարվածը նաեւ առեւտուր է հիշեցնում` Թրամփին Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու առումով, քանի որ երկու կողմն էլ խոստացավ, որ դիմելու է Նոբելյան մրցանակ շնորհող կազմակերպությանը` ԱՄՆ նախագահին մրցանակ տալու խնդրանքով:
«Մանկական խաղ, երբ փոքր տարիքում երեխաները տունտունիկ էին խաղում, նույն վիճակն էր այդ ժամանակ, եւ ես շատ ափսոսում եմ, որովհետեւ մեր ղեկավարը, ըստ էության, ինքն է մանուկ: Իսկապես դա ցավալի է, որովհետեւ, երբ նայում ես աշխարհի լուրջ ղեկավարներին, ու նրանց կողքին կանգնել է մեր ղեկավարը, որը չգիտի, թե ինչի համար է այնտեղ կանգնել, որովհետեւ իրեն ինչ ասեն, ինքը միայն դա պետք է անի»,-ցավով արձանագրում է գրողը:
Երկարատեւ խաղաղության, լավ ապրելու, երկաթուղի, նավթուղիներ ունենալու, տնտեսության աճի եւ մեծ աշխարհի հետ կապ հաստատելու վարչապետի խոստումներին այնքան էլ չի հավատում Արա Նախշքարյանը։ «Մարդու հոգեբանության վրա ազդելու առաջին միջոցը ո՞րն է` տեսանելիությունը, հիմա մենք փողոցներում ասֆալտ ենք փռում` ժողովուրդը տեսավ, դա, իհարկե, ազդող գործոն է:
Հիմա, ենթադրենք, մեր երեխաները չեն զոհվում, դա նշանակում է, որ ապագայո՞ւմ էլ նրանք չեն զոհվելու, իսկ այն մարդկանց երեխաները, որ մի քանի տարի առաջ զոհվեցին, նրանք երեխաներ չէի՞ն…: Ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մեր երեխաներն այսուհետ չեն զոհվելու եւ ապրելու են խաղաղ, քանի որ մեր թշնամին անկանխատեսելի է, հատկապես, երբ չստացավ իր ուզածը»,-ասում է զրուցակիցս` հիշեցնելով Ադրբեջանի առաջ քաշած նոր նախապայմանը անմիջապես Վաշինգտոնում ստորագրված համաձայնագրից հետո, այն է` Հայաստանը պետք է փոխի ՀՀ սահմանադրությունը:
«Ըստ էության, այդ փաստաթուղթը, որ հիմա առել ու թափահարում են, իրենից ներկայացնում է պարզապես թուղթ, ոչ թե փաստաթուղթ: Ցանկացած մեկը, ով եկավ իշխանության, այդ փաստաթուղթն առոչինչ է անելու, սա միանշանակ է: Ու այդ երազանքները, ճանապարհներն ի չիք կդառնան, իսկ այդ խաղաղության ճանապարհը կդառնա պատերազմի ճանապարհ, որովհետեւ թշնամին արդեն համակերպվել է, որ այդ ճանապարհն իրենն է լինելու, եւ հանկարծ գա նոր ղեկավար ու ասի՝ իրենը չէ, բնականաբար, ինքը կռիվ պիտի տա դրա համար, իսկ կռվում ովքե՞ր են զոհվում` մեր տղերքը»:
Ա. Նախշքարյանի համար ակնհայտ է, որ այս փաստաթուղթը Փաշինյանի համար գալիք ընտրություններում վերընտրվելու լավ առիթ է տալիս, բայց «դա այդքան էլ իրեն չի փրկի ընտրվելու համար, որովհետեւ, այո, իրեն հավատացողները մեր հայրենիքում էլի շատ են, բայց որ կուրորեն հավատացողների զանգվածն արդեն քչացել է, փաստ է, եւ դրա համար չեմ կարծում, որ այդ փաստաթուղթն իրեն օգտակար կլինի: Եթե պիտի էլի գնա ընտրության ու ժողովրդին խաբի, ինչպես Աբաջյանի պապիկի դեպքում, ու ժողովուրդն էլ նորից նույն ձեւի խաբվի, ուրեմն այս պարագայում ոչ թե Նիկոլին պետք է փոխենք, այլ՝ ժողովրդին: Ցավոք, այս ամեն ինչն անգրագիտության հետեւանք է, մեր ժողովուրդը, որպես այդպիսին, կրթված չէ եւ քաղաքականապես տհաս է, այս է ամբողջ խնդիրը:
Ես մեր ժողովրդին չեմ անպատվում կամ փնովում, իմ խոսքն այն զանգվածի մասին է, որի համար բոլորովին մեկ է, թե ինչ կլինի երկրի հետ, որովհետեւ իրենց համար կարեւորն այն է, որ իրենց տակը չոր լինի, տեղները տաք լինի, փորն էլ՝ կուշտ, իսկ այդ մարդկանց համար կարեւոր չէ՝ իրենց դիմացի հարեւանը քուրդ է, թուրք է, թե հնդիկ»:
Բաց մի թողեք
Իշխանությունները Արկադի Դումիկյանի համերգի տրամադրությունների մեջ են
Ով է 30 տարի ՀՀ ԱԱԾ-ում ծառայած Վայոց Ձորի մարզպետը եւ ինչ է հայտարարագրել․ Լուսանկար
Ինչ է հայտարարագրել, մյուսների պես, 2018 թվականից հետո կենսագրություն ունեցող Էկոպարեկային ծառայության պետը․ Լուսանկար