Մեզ հասած տեղեկություններով, անշարժ գույքի շուկայում լճացման վիճակ է` առքուվաճառքի գործարքները խիստ նվազել են: Հետաքրքիր է, թե այդ տենդենցներն ինչպես են ազդել անշարժ գույքի գների վրա:
Հրապարակ թերթը գրել է․ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2025թ․ առաջին կեսին Երեւան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները, ըստ վարչական շրջանների, հետեւյալ պատկերն ունեն.
Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․ ապրիլին կազմել է 890 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.7% անկում։
Արաբկիր վարչական շրջանում՝ 618 հազար 500 դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.6% անկում։
Դավթաշեն վարչական շրջանում՝ 475 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.3% աճ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 446 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4% աճ։
Աջափնյակ վարչական շրջանում՝ 413 հազար 500 դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1,6% աճ։
Էրեբունի վարչական շրջանում՝ 408 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1.7% աճ։
Նոր Նորք վարչական շրջանում՝ 408 հազար 100 դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4.3% աճ։
Ավան վարչական շրջանում՝ 396 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.8% աճ։
Շենգավիթ վարչական շրջանում՝ 394 հազար 100 դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․3% անկում։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 388 հազար 100 դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0.3% աճ։
Նուբարաշեն վարչական շրջանում՝ 238 հազար դրամ։ 2024թ․ համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 4․8% աճ։
Silver Rea գործակալության ղեկավար, անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովից «Հրապարակը» հետաքրքրվեց` նախորդ տարվա համեմատ ի՞նչ պատկեր է այժմ: Նկատելի է, որ անշարժ գույքի շուկայում կան որոշակի փոփոխություններ, մասնավորապես` բնակարանների գները նախորդ տարվա համեմատ նվազել են: Ա. Հարությունովը, անդրադառնալով թեմային, նկատեց. «Գնային առումով, թե նախորդ տարվա համեմատ գները որքան են նվազել, հստակ ասել չեմ կարող, քանի որ մենք այսօր ինչ աղբյուրից օգտվում ենք, օրինակ` նույն Կադաստրի կոմիտեի տված վիճակագրությունից, այս պահի դրությամբ չենք կարող համեմատել նախորդ տարվա հետ, քանի որ վիճակագրության հետ խնդիրներ կան: Մենք՝ ինքներս էլ ներկայացրել ենք Կադաստրի կոմիտե եւ պնդել ենք, որ վիճակագրությունը խեղաթյուրում են, քանի որ այնտեղ ներառվում է առաջնային շուկայում ձեռք բերված գնման իրավունքը: Ենթադրենք՝ քառակուսին եղել է 700 դոլար, որն այս տարի է հանձնվել շահագործման, օրենքով ստացվում է, որ այն այս տարի է վաճառվել, բայց իրականում այդպես չէ, բնակարանը, ենթադրենք, ձեռք է բերվել մի քանի տարի առաջ: Այս է պատճառը, որ գների առումով կա խեղաթյուրում: Առհասարակ, վերջին երեք տարվա ընթացքում անշարժ գույքի շուկայում բնակարանների գները գնում են դեպի կարգավորում: 2022 թվականին տեղի ունեցավ գնաճ: Բավականին էքստրեմալ իրավիճակ էր: Ռուս-ուկրաինական պատերազմ տեղի ունեցավ, մեծաթիվ ռուսներ եկան Հայաստան: Այդ ընթացքում դեպի Հայաստան երեք հոսք եկավ: Առաջին երկու հոսքը կապված էր ռուս-ուկրաինական պատերազմի հետ, մյուս հոսքը` Արցախի պատերազմի հետ, երբ մեր 100 հազարից ավելի հայրենակիցները եկան Հայաստան: Բոլորն ունեին բնակարանի խնդիր: Մարդիկ սկսեցին բնակարաններ վարձել, սակայն շատերը նաեւ գնում էին բնակարաններ: Այդ ընթացքում ստեղծվել էր աննախադեպ բարձր պահանջարկ, եւ, բնականաբար, դեֆիցիտի հաշվին բնակարանների գները բարձրացան: Որոշ դեպքերում գներն այդ շրջանում դարձել էին խիստ անտրամաբանական: Մարդիկ տարակուսում էին, հատկապես միջին աշխատավարձ ստացող մարդկանց համար նման պայմաններում բնակարաններ ձեռք բերելը դարձել էր անհասանելի․ խոսքը թե՛ վաճառքի մասին է եւ թե՛ վարձակալության: Սակայն վերջին ժամանակներում գները սկսեցին կարգավորվել: Ոմանք կարծում են, որ գների կարգավորումը շուկայի փլուզում է, սակայն շուկան պարզապես կարգավորել է իր գները, չի փլուզվել: Ամեն տարի կարգավորվում են գները: Գնորդներն են պահանջարկ ստեղծողները: Շուկան կարգավորվում է գնորդների տրամաբանական պահանջարկը բավարարելու համար: 2022-2023 թթ․ համեմատ հավանականությունը մեծ է, որ կա գների նվազում, սակայն, օրինակ, եթե դա համեմատում ենք 2021 կամ 2020 թվականի հետ, ապա ոչ թե գների նվազում, այլ գների աճ կարող ենք արձանագրել»:
Բաց մի թողեք
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները
Արսեն Թորոսյանի ընկերը, ով բժշկի քիթ էր կոտրել, ընդդիմադիր է դիրքավորվում․ Լուսանկար
Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»