18/08/2025

«Դիվանագիտական մարաթոն» Լավրովի համար

«Նախագահ Թրամփը վճռական է տրամադրված, այս (Ալյասկայում Վլադիմիր Պուտինի հետ) հանդիպումը ստուգողական չէ, որովհետև եթե արդյունքի չարձանագրվի, ապա ԱՄՆ նախագահի խոսքերը վստահելի չեն լինի»,- axsios-ին ասել է Սպիտակ տան մի աղբյուր՝ ի պատասխան հարցի, թե ի՞նչ կարելի է սպասել ռուս-ամերիկյան գագաթաժողովից:

Միջազգային մամուլն արձանագրել է հանդիպման նշանակության մասին կողմերի մեկնաբանության տարբերությունը և արձանագրել, որ եթե Ռուսաստանի նախագահը խոսել է ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորման միջոցով ամբողջ աշխարհում խաղաղության հասնելու հնարավորությունից, ապա ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները կոնկրետ ակնկալում են Ուկրաինայում հրադադարի հաստատում, որին պետք է հաջորդի «դիվանագիտական մարաթոն»՝ նպատակ ունենալով կարգավորել բոլոր, այդ թվում՝ տարածքային հարցերը:

Ալյասկայում Թրամփ-Պուտին հանդիպումից եվրոպական համայնքի սպասելիքը նույնպես հստակ է և ձևակերպված է այսպես. «Ուկրաինայի վերաբերյալ որևէ գործարք չի կարող կնքվել առանց Կիևի ուղղակի ներգրավվածության»:

«Ալյասկայում սպասվում են լրջագույն բանակցություններ»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն և հիմնավորում՝ կողմերի բանակցային պատվիրակությունների բարձր ներկայացուցչականությամբ: Վլադիմիր Պուտինին ուղեկցում են արտաքին գործերի, ֆինանսների և պաշտպանության նախարարներ Լավրովը, Սիլուանովը և Բելոուսովը, արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովը և ուղղակի ներդրումային հիմնադրամի տնօրեն Դմիտրևը:

Թրամփին ուղեկցում են փոխնախագահ Վենսը, պետքարտուղար Ռուբիոն, ֆինանսների նախարար Բեսենտը և նախագահի հատուկ բանագնաց Ուիթկովը: Ամերիկյան կողմից, այսպիսով, բացակայում է պաշտպանության նախարարը, բայց ռուսաստանյան մամուլը դա «անվտահության դրսևորում» չի համարում, քանի որ պետքարտուղար Ռուբիոն համատեղում է նաև ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը:

Այսպիսով, բանակցային թիմերի կազմից և ներկայացուցչական մակարդակից կարելի է եզրակացնել, որ Վլադիմիր Պուտինը դիվանագիտական հմտությունների ողջ զինանոցը գործի է դնելու, որպեսզի առանձին վերցրած ռուս-ուկրաինական հակամարտության և պատերազմի հարց չքննարկվի, քննարկումները կենտրոնանան Ռուսաստան-ԱՄՆ «սկզբունքային համաձայնության հիմքով» երկկողմ հարաբերություններում հասնել լիցքաթափման, ապա համատեղ և փոխշահավետ «կոնստրուկցիայով» անցնել «Եվրոպայում և ամբողջ աշխարհում խաղաղության և համագործակցության հաստատմանը»:

Միջազգային մամուլը չափազանց խորհրդանշական փաստ է արձանագրել. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հյուրանոց մտնելուց առաջ մի քանի վայրկյան շփվել է լրագրողների հետ և ասել, որ Ալյասկայում եղել է նախկինում, իսկ այդ ընթացքում տեսախցիկներն ֆիքսել են, որ նրա հագի սպիտակ գույնի սվիտերի վրա առկա է СССР լոգոտիպ:

Ռուսաստանի արտգործնախարարն, ամենայն հավանականությամբ, այդ խորհրդանշական քայլն արել է՝ հասկացնելու համար, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման է գնում որպես ԽՍՀՄ-ի ոչ միայն ֆորմալ, այլև նրա աշխարհաքաղաքական հավակնությունների իրավահաջորդ:

Անցյալ դարի 70-ականների սկզբի խորհրդա-ամերիկյան լիցքաթափումը հնարավոր դարձրեց գումարել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոնֆերանս և ստորագրել Հելնիսկյան եզրափակիչ ակտը:

Թրամփ-Պուտին բանակցությունները «Հելսինկի -2» գոնե սկիզբ կնշանավորե՞ն: