ՔՊ-ականները, մեծով-փոքրով, լծվել են արդարացնելու, այսպես կոչված, «Թրամփի ուղու» տնտեսական նշանակությունը։ Այնպես են խոսում, կարծես դրանից հետո Հայաստանի տնտեսության վրա մանանա է թափվելու։
Այնինչ այդ երթուղին, որն ավելի շատ միջանցքի տրամաբանության մեջ է, որքան էլ իշխանության քարոզիչներն այլ կերպ են փորձում մատուցել, կարող է ապահովել՝ ինչպես հնարավոր տնտեսական օգուտներ, այնպես էլ՝ լրջագույն վնասներ հասցնել Հայաստանի տնտեսությանը։
Ընդ որում, վնասները կարող են անհամեմատ ավելին լինել, քան ակնկալվող օգուտները։
Տնտեսական օգուտները, որոնք կապվում են առաջին հերթին բեռների տարանցումից ստացվող գումարների հետ, կարող են լինել առավելագույնը մի քանի տասնյակ միլիոն դոլարի կարգի։
Առավել ևս, որ այդ ոլորտից ստացված եկամուտները բոլորովին էլ միայն Հայաստանինը չեն, բաժանվելու են մի քանի տեղով՝ Միացյալ Նահանգների, Հայաստանի ու երթուղին սպասարկող ընկերության միջև։ Ընդ որում, ըստ հրապարակում եղած տեղեկատվության, կառավարիչ ընկերության մասնաբաժինն ավելին է լինելու, քան մյուսներինը։
Ներդրումները, որոնց մասին այդքան խոսում են այս երթուղու գործարկման պարագայում՝ միֆ է։ Ի՞նչը պիտի շահագրգռի ներդրողներին, որ գան Հայաստան ու ներդրումային ծրագրեր իրականացնեն։ Այդ ո՞ր ոլորտներում են մինչև հիմա ուզեցել ներդրումներ անել, որ չեն կարողացել, ու հիմա Թրամփի երթուղու բացումը նպաստելու է դրան։ Նման բան չկա ու հեռանկարում էլ չի երևում։
Լավագույն դեպքում ներդրումները լինելու են բացվող ենթակառուցվածքների՝ ճանապարհի, նաև երկաթգծի կառուցման վրա, բայց դրանք ներդրումներ են, որոնց տնտեսական էֆեկտը Հայաստանի համար խիստ անորոշ է։ Բեռնափոխադրումները գուցե որոշ չափով շահավետ լինեն՝ երկաթուղուց օգտվելու պարագայում, բայց դա էլ այս պահին բազմաթիվ հարցեր է պարունակում։ Ընդհուպ այն, թե որքանով իրականանալի կլինի։
«Թրամփի ուղու» օգուտների մասին հեքիաթներ պատմելուց առաջ պետք է հիշել, որ այստեղ բազմաթիվ երկրների շահեր են բախվում, ու բացի այն, որ դեռ պարզ չէ, թե այդ երկրներն ինչպես կարձագանքեն ընդհանրապես այդ երթուղու գործարկմանը, այլև Հայաստանի հետ տնտեսական հետագա հարաբերությունների կառուցմանը։ Խնդիրներն առարկայական են հատկապես ԵԱՏՄ շրջանակներում, որը, ինչպես նախկինում, այնպես էլ՝ այսօր հանդիսանում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։
Այդ երթուղու գործարկմանն առայժմ շատ զգուշավոր է արձագանքում Ռուսաստանը, որն ունի պատմական հետաքրքրություններ մեր տարածաշրջանում ու հազիվ թե կարելի է կարծել, որ այդպես հեշտ ու հանգիստ զիջելու է իր տեղը։ Ի վերջո՝ գործ ունենք Հայաստանի ռազմավարական մոտեցումների շրջադարձի հետ, ինչն իր հետ կարող է բերել կտրուկ շրջադարձերի նաև այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի մոտ։ Իսկ թե դրա արդյունքում ինչ կարող է լինել, եթե հանկարծ Հայաստանը հայտնվի ԵԱՏՄ-ի, առավել ևս՝ Ռուսաստանի տնտեսական գոտուց դուրս, պատկերացնելն անգամ սարսափելի է։
Այդ պարագայում՝ անկախ նրանից, Հայաստանն ուզո՞ւմ է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ չի ուզում, ոչ մեկի պետքը չի լինելու։ Իսկ դա միայն բավական է, որպեսզի եղած չնչին տնտեսական կարողություններն էլ փլվեն։
Այսօր Հայաստանի տնտեսությունը հազարավոր թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։ Ռուսական շուկայի մատակարարումների հաշվին է գոյատևում տնտեսության հիմնական մասը ու հատկապես արտահանելի հատվածը։ Հայկական ապրանքների, առավելապես վերամշակվող ապրանքների մեծ մասը մատակարարվում են գերազանցապես ռուսական շուկա։
Ոչ թե այն պատճառով, որ ռուսական շուկան լավ շուկա է, այլ որովհետև այդ ապրանքներն այլ շուկաներում մրցունակ չեն։ Ու եթե հանկարծ Հայաստանը հայտնվի ռուսական շուկաներից դուրս, բազմաթիվ արտադրողներ, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքներ արտադրողները կհայտնվեն անելանելի վիճակում։
Մեկ-երկու ապրանքների մատակարարումների նկատմամբ անգամ մասնակի ու ժամանակավոր սահմանափակումները տեսնում ենք, թե ինչ իրարանցում է առաջացնում ներքին տնտեսության մեջ։ Պատկերացրեք՝ ինչ կարող է լինել, եթե տնտեսական ամբողջ շղթան հայտնվի այդպիսի կարգավիճակում։
Դեռ չենք խոսում տարբեր կենսական ու ռազմավարական ապրանքների մատակարարումների մասին։ Ռուսաստանից է ստացվում Հայաստանի էներգետիկ ռեսուրսների, նաև պարենային ապրանքների գերակշիռ մասը։
Եթե այնպես ստացվի, որ Սյունիքով անցնող «Թրամփի ուղին» հակասի երբեմնի ռազմավարական գործընկերներից մեկի շահերին, ստիպված կլինենք հաշվել ոչ թե այդ երթուղու տնտեսական օգուտները, այլ վնասներն ու վտանգները։
Դեռ այնքան էլ միանշանակ չէ նաև Իրանի վերաբերմունքն այս նախաձեռնությանը։ Շատ բան առայժմ անորոշ է, և միայն հավանական գործարկումից հետո հնարավոր կլինի առարկայական հետևություններ անել։
Այն, ինչ ներկայացնում են Հայաստանի իշխանությունները Սյունիքի անցման վերահսկողության, անվտանգության ապահովման մեխանիզմների ու տարանցման պայմանների վերաբերյալ, դժվար է վերջնական համարել ու ընդունել այնպես, ինչպես ներկայացվում է։ Բազմիցս են տարբեր երևույթների հետ կապված հայտարարություններ արվել, որոնք հետո տրամագծորեն հակառակ տեսք են ստացել գետնի վրա։ Ոչ մի հիմք չկա այսօր պնդելու, որ նույնը չի կրկնվի նաև այս պարագայում։
Անկախ այդ ամենից, ակնհայտ է, որ «Թրամփի ուղին» նվազեցնում է Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում, քանի որ դրանով մատակարարման ճանապարհները շրջանցում են նրանց ուղիները։
Եթե ոչ այս պահին, հետագայում դա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հակազդեցության պատճառ կարող է դառնալ այս երկրների կողմից՝ իր տեսանելի ու անտեսանելի հետևանքներով հանդերձ։
Դեռ չենք խոսում Չինաստանի մասին, որի հետաքրքրությունները կապված են Մետաքսի ճանապարհի նախագծի հետ։
Բաց մի թողեք
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․
Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ պատերազմը դադարեցնելու համար