19/08/2025

Ինչ է ստորագրվել Իրանի և Հայաստանի միջև․ Մանրամասներ

Հայաստանյան և իրանական գերատեսչությունների միջև ստորագրվել է մի շարք համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են տարբեր ոլորտներ։

Մասնավորապես, Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունները ստորագրել են 2025-27 թթ․ քաղաքական խորհրդակցությունների վերաբերյալ հուշագիր։ Դրան հաջորդել են համաձայնագրեր տնտեսության, զբոսաշրջության, կրթության, քաղաքաշինության, առողջապահության, ինչպես նաև մշակութային ժառանգության և պատմության ոլորտներում։

Մասնավորապես՝

•   ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ու Իրանի ստանդարտների ազգային կազմակերպությունը կնքել են փոխըմբռնման հուշագիր՝ ստանդարտացման, հավատարմագրման, չափագիտության և համապատասխանության գնահատման ոլորտներում։
•    Զբոսաշրջության ոլորտում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանի մշակութային ժառանգության նախարարության միջև։
•    ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Իրանի աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարությունը պայմանավորվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում 2025-29 թթ․ համագործակցության մասին։
•    Քաղաքաշինության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն և Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարությունը։
•    Առողջապահական արտադրանքի կարգավորման վերաբերյալ համաձայնագիր է կնքվել ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և Իրանի առողջապահության նախարարության համապատասխան կառույցի միջև։

Մշակութային և գիտական ոլորտներում ևս ձեռք են բերվել պայմանավորվածություններ․
•    ՀՀ Ազգային արխիվը և Իրանի ազգային գրադարանը ու արխիվը կնքել են համագործակցության հուշագիր։
•    Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաև ՀՀ Ազգային գրադարանի և Իրանի ազգային գրադարանի միջև։
•    ՀՀ պատմության թանգարանն ու Իրանի ազգային թանգարանը նույնպես պայմանավորվել են համագործակցության շուրջ։

Այս հուշագրերը նախատեսում են երկու երկրների միջև հարաբերությունների խորացում ինչպես քաղաքական ու տնտեսական, այնպես էլ մշակութային ու կրթական ուղղություններով։