19/08/2025

«Սկսում ենք» կարգախոսով սոցցանցային համախմբում նախաձեռնող Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ազգային NSosyal հարթակում առաջին գրառումն է կատարել:

Այդ մասին տեղեկացնում է «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը, որի փոխանցմամբ՝ Էրդողանը մեջբերել է Էրդեմ Բայազետի տողը. «Բետոնե պատերի ներսում աչք բացեց ծաղիկը», որ նրա «Շուտով կելնի արևը» խորագրով բանաստեղծությունից է:

Թուրքիայի նախագահն ավելացրել է. «Դուք պատրա՞ստ եք»: Ըստ «Անադոլուի»՝ Էրդողանն իր գրառումն ուղեկցել է «Başlıyoruz/ Սկսում ենք» հեշթեգով, ինչպես նաև Թուրքիայի դրոշով, երկրագնդի և հրթիռների պատկերներով էմոջիներ տեղադրել:

Սոցիալական ազգային հարթակի ստեղծումն, այսպիսով, Թուրքիայի նախագահի հերթական ձեռնարկումն է, որի միջոցով նա փորձում է իր երկիրը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դերակատար և ոչ միայն ռազմական, այլև քաղաքակրթական գործոն:

Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ութսունամյակի կապակցության Էրդողանը ծավալուն ելույթ է հրապարակել, որտեղ վերստին պնդել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտությունը:

Նա կրկնել է «աշխարհը միայն հինգ երկրները չեն» կարգախոսը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հռչակել է թուրքական և իսլամական աշխարհի սիներգիայի և այդ ձևով համաշխարհային ուժի նոր բևեռի ձևավորման նպատակ:

Թուրքիայում ներքաղաքական բարդ կացություն է, անցած օրերին տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել: Իշխանությունը ճնշում է գործադրում անցյալ տարի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված քաղաքապետների նկատմամբ:

Որոշ դեպքերում նրանք հրաժարվում են ԺՀԿ-ից և անդամակցում իշող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը:

«Սկսում ենք» կարգախոսով սոցցանցային համախմբում նախաձեռնելով՝ Էրդողանը հետապնդում է իշխող քաղաքական ուժի շուրջ հանրային հնարավորինս լայն կոնսոլիդացիա ստեղծելու նպատակ, իսկ դրան հասնելու միջոց է ընտրում ազգայնական քարոզչությունը:

Իրականում Թուրքիան արտաքին քաղաքական լուրջ ձեռքբերումներ չունի: Էրդողանի համար, որքանով հասկացվում է, հատկապես ցավալի է ուկրաինական կարգավորման կուլիսային քննարկումներից մեկուսացումը, ինչը վկայում է, որ նրա դերակատարությունը պահանջված չէ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի, ամենայն հավանականությամբ՝ նաև Եվրամիության համար:

Ըստ որոշ աղբյուրների, նա նաև «դժգոհ է» Վաշինգտոնում Թրամփի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական «համաձայնություններին» իր ուղղակի բացակայությունից:

Բացառված չէ, որ Էրդողանի համար խնդրահարույց է Սյունիքում հաղորդուղիների գործարկման «Թրամփի կամուրջ» նախագիծը. Ամերիկյան մասնակցությունն, ըստ էության, «հատում է Թուրանի ճանապարհը»:

Ավելի լուրջ են Գազայի և Սիրիայի հարցում իսրայելա-թուրքական հակասությունները: Վերջին շրջանում դրանք տարածվում են նաև Կիպրոսի ապագայի վրա: Ակնհայտ է, կարծես, նաև ռուս-թուրքական հարաբերությունների սառնությունը:

Այս համատեքստում ի՞նչ է «սկսում» Էրդողանը: Այս հարցը կարևոր է նաև հայ-թուրքական հարաբերությունների ապագան կանխատեսելու առումով: