«Խաղաղության» օրակարգի շրջանակում Նիկոլ Փաշինյանը որոշել է հայրենիքի համար կյանքը տված մեր նահատակների հիշատակը խնկարկելլու նոր ձեւ առաջարկել հայ ժողովրդին: Դեռ չի ասել, թե «ուրիշ Հարավային Կովկասում», ուր ոչ ավել, ոչ պակաս «խաղաղությունն արդեն հաստատվել է», ինչպես պետք է այսուհետեւ խնկարկել տղաների հիշատակը, որոնց նահատակվելու համար փաշինյանական «ներդրումն», ինչ խոսք, անգերազանցելի է։
Այդ մասին հենց ինքն էր խոստովանել, երբ 2022թ ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն այս վիճակը, իհարկե, առանց զոհերի»։
Հայ ժողովրդի հավաքական գիտակցությունը, ազգային ինքնությունը, հիշողություննն ու արժեհամակարգը «խաղաղության» քաղցր խոստման դիմաց փոխել ջանացող Փաշինյանն արդյո՞ք մտադիր է իր մեծացրած Եռաբլուրն ապամոնտաժել հանրային գիտակցության մեջ ու այդ հեռահար նպատակի ներքո է առաջարկում նահատակներին խնկարկելու ձեւը փոխել։
«Ինձ համար շատ ցավոտ հարց եք առաջ բերում, բայց ես իրեն եւ իր հայր Ալիեւին ու իր հորեղբայր Էրդողանին պետք է տխրեցնեմ ու ասեմ՝ ես հասցնելու եմ Շուշում երեխա կնքել, թո՛ղ գնան սուգ անեն, մենք մեր նպատակին հասնելու ենք սիրով՝ ոչ ատելությամբ, որովհետեւ մեր սերն ավելի ուժեղ է, քան իրենց ատելությունը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում Փաշինյանի հայտարարությանն այսպես արձագանքեց ազատամարտիկ, երգահան Դավիթ Ամալյանը, ում որդին ննջում է Եռաբլուրում ու հավելեց․ «Նա չգոյության, հակաազգայինի, հակապետականի վերնագիր է»։
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցն ընդգծեց՝ ցանկացած դեպքում մենք պետք է նկատի ունենանք այն հանգամանքը, որ ունենք իշխանություն, որը գործում է դրսի ուղղորդմամաբ եւ պատրաստ է ամեն բան հանձնել իշխանության մնալու համար։ «Նրան կարող են օժանդակել միայն այն ուժերը, որոնք իրեն բերել են իշխանության՝ թուրքերը եւ ադրբեջանցիները, ուստի, ցանկացած բան, ինչ նա ասում է, պետք է դիտարկել այդ համատեքստում։ 7 տարի շարունակ նա Օվերտոնի պատուհան է բացում, նույնիսիկ դեռ մինչեւ իշխանության գալն այդ պատուհանն այնքան բացեցին՝ նա եւ իր նմանները, որոնք, ցավոք սրտի, պարզվում է՝ բավականին շատ էին մեր կողքին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը сквозня́к -ի մեջ է։ Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ նա նույնիսկ այլեւս ոչ մի բանից չի վախենում՝ այնքան է հղփացել ու իր բոլոր ասածների ու արածների համար անպատիժ մնացել, որ կարող է նաեւ նման բան մտածել եւ իր տրամաբանության մեջ տեղավորվում է դա։ Ըստ երեւույթին, իրենք այդպես են տեսնում Հայաստանը ապագայում, այն ապագայում, որը գծել ու հանձնել են իրեն՝ որպես տնային աշխատանք, ինչպես Ալիեւն է ասում եւ որը նա հնազանդ կատարում է։ Նա պատրաստ է ամեն ինչ հանձնել՝ հիշողություն, պատմություն, պատրաստ է մտավորականությանը ցեխի մեջ լղոզել, միայն, որ մնա իշխանության»-ասում է Դավիթ Սահակյանցը։
Եռաբլուրը, ուր Նիկոլ Փաշինայնը հանգիստ խղճով ոտք դնել պարզապես չի կարող, մեր ժողովրդի պայքարի ու հաղթանակի խորհրդանիշներից է, հանուն համազգային նպատակի զոհված ու արյան գնով հողը պահած սերունդների միջեւ կապի խորհրդանիշ է եւ վերջապես, այն Ադրբեջանի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշն է , հետեւաբար, մերժելի է Փաշինյանի ու նրա իշխանության համար, մերժելի է այն հանձնառության իրականացման ճանապարհին, որը նա ստանձնել է։
Ոչ պատահական ասված այդ միտքը կյանքի կոչելու նախապատրաստությունը Նիկոլ Փաշինյանը նոր չէ, որ պետք է տեսնի։ 44-օրյա պատերազմից մեկ տարի անց՝ 2021թ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը նա հայտարարել էր իր ծրագրի մասին՝ Եռաբլուրին հակադրել Կյանքի պուրակը, որը պետք է կառուցվեր քաղաքի մյուս ծայրում՝ Բուսաբանական այգում ու փոխեր հայ հասարակության ընկալումները։
Փաշինյանն այդ օրը ասաց, որ Կենաց պուրակ է կառուցվելու, որտեղ Արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, դրանք կխորհրդանշեն Հայաստանի Հանրապետության պատմության « նոր դարաշրջանի, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը»:
«Պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը` մեր բոլոր նահատակներին և հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող: Դա չի լինելու հուշակոթող, լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, և այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք», – հայտարարել էր Փաշինյանը, որը Արցախի ապրելու մասին, իհարկե, հետո մոռացավ՝ այն հանձնելով Ադրբեջանին, իսկ նախօրեին, արդեն բաց տեքստով վերահաստատեց որդեգրած գիծը՝ հայտարարելով, թե ․ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէ»։
«Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել»,-իր ուղերձում վերահաստատել էր նա, իսկ այդ «էջը փակելու» հարթություններից մեկը հենց Եռաբլուրը մոռացության տակն է, այն փոխարինելը նահատակների խնկարկման «ուրիշ ձեւով»։
Կյանքի պուրակ կառուցելու համար բյուջեից 4.6 մլրդ դրամ է հատկացվել, պուրակը Երևանի բուսաբանական այգու շուրջ 50 հա տարածքը կզբաղեցնի։ Շինարարությունն ընթանում է։ Ի դեպ, նույն տարում, երբ Փաշինյանն ազդարարեց այն կառուցելու մասին, նրա գործընկեր Ալիեւը Բաքվում հայատյացության ու ֆաշիզմի մաստեր կլաս էր ցույց տալիս՝ բացելով «ռազմավարի պուրակը» է՝ որպես Հայաստանի նկատմամաբ հաղթանակի խորհրդանիշ, պատերազմի ահասարսուռ դրվագներով ու հայ զինվորի ստորացման տեսարաններով։
Բաց մի թողեք
Իջևանի նախկին քաղաքապետն ու որդին ձերբակալվել են, որովհետև ժամանակին մասնակցել են Ոսկեպարի ցույցին
Պատերազմ ազգային ու հոգևոր հենասյուներին. այս արշավը հենց Եկեղեցու դեմ ուղղված հարձակում է
Սպառնացել է ոստիկանապետին