24/08/2025

Որքան գումար են ծախսում ծնողները՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Նվազագույնը 50 հազար դրամ։ Ահա, այսքան գումար է անհրաժեշտ՝ դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշխատավարձի չափը 55 հազար դրամ է։

Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։

«Հրապարակն» ուսումնասիրեց, թե որքան արժեն գրենական պիտույքները Երեւանի գրախանութներում եւ տոնավաճառներում: Այսպես, հասարակ 12 էջանոց դպրոցական տետրի գինը գրախանութներում սկսվում էր 120 դրամից։ Նույն տետրը սուպերմարկետներում 80 եւ 120 դրամ արժե, մինչդեռ տոնավաճառում՝ 80 դրամ։ Արդեն 24 եւ ավելի էջ ունեցող տետրերի գինը տոնավաճառներում գրեթե նույնն է, ինչ գրախանութներում։ Ամենամատչելին սկսվում է 190 դրամից եւ թանկանում՝ ըստ արտադրման վայրի։

Դպրոցականների համար առաջին անհրաժեշտության ապրանքանիշ համարվող գրիչներն ունեն ամենալայն սանդղակը: Գրախանութներից մեկում նկատեցինք, որ գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 5 հազար դրամի` ըստ արտադրման վայրի: Սուպերմարկետներում նույնպես գրիչների գները սկսվում են 50 դրամից, հասնում մինչեւ 1350-ի:

Մենք ուսումնասիրեցինք նաեւ երեւանյան գրախանութներում առկա դպրոցական պայուսակների գները: Մեզ հանդիպած ամենաթանկ դպրոցական պայուսակը գրախանութներում արժեր 43 հազար դրամ, ամենամատչելին` 8 հազար 500: Ուսումնասիրության ժամանակ հաճախորդներից երկու կին զրուցում էին, որ տոնավաճառներում պայուսակների գներն անհամեմատ ավելի մատչելի են` սկսվում են 3 հազար 500-ից:

Նաեւ ուսումնասիրեցինք դպրոցական աքսեսուարների արժեքները: Դպրոցական ամենահասարակ գրչատուփերը սկսվում են 1200 դրամից, հասնում մինչեւ 4 հազար 800-ի: Գունավոր մատիտները 600-3500 դրամ արժեն:

«Հրապարակը» նաեւ զրուցեց սեպտեմբերի 1-ին իր 6-ամյա որդուն դպրոց ճանապարհող մի ծնողի հետ՝ պարզելու, թե որքան են կազմում դպրոցահասակ երեխայի համար նախատեսված հագուստի եւ կոշիկների ամենամինիմալ գները: Մեր զրուցակցի պնդմամբ` 6-10 տարեկան աշակերտի վերնաշապիկն արժե 8000-30 հազար դրամ, դպրոցական կոշիկները` 13000-32000: Մեր զրուցակցի պնդմամբ` ամենամինիմալ սպորտային համազգեստի արժեքը 15000-20000 դրամի սահմանում է, իսկ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի շրջանակներում երեխաներին պարտադրում են հագնել սպորտային համազգեստ:

Մեր զրուցակցի խոսքով` նշված արժեքներից ընտրել է միջինը: Արդյունքում` մեկ երեխայի համար ծախսել է 90 հազար դրամ: