Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցում այս պահին գործադուլ է․ ուսուցչական անձնակազմը դժգոհում է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշումից, որ նա մեկ տարի առաջ ազատել է իրենց դպրոցի տնօրեն Լուսինե Մկրտչյանին տնօրենի պաշտոնից, մեկ տարի անց՝ արդեն դատարանի որոշմամբ, ստիպված է եղել վերականգնել Լուսինե Մկրտչյանին տնօրենի պաշտոնում, բայց երկու օր անց նորից ազատել է։
Դրա համար էլ դպրոցի կոլեկտիվն այսօր գործադուլ է հայտարարել՝ իր բողոքն արտահայտելով մարզպետի ապօրինությունների դեմ (իրենք այդպես են որակում մարզպետի որոշումները)։
MediaHub-ը դպրոցի ուսուցիչներից բացի զրուցել է նաև Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ։ Վերջինիս նախ դուր չեկավ մեր հարցում հնչած «ապօրինի հրաման» որակումը՝ նշեց, թե ինքն ապօրինի ոչ մի բան չի անում։
-Պարոն Մովսիսյան, ինձ ասացին, որ Լուսինե Մկրտչյանին մեկ տարի առաջ ազատել եք աշխատանքից, իրենք բողոքարկել են Ձեր հրամանը վարչական դատարանում, ընդ որում՝ Դուք խոստացել եք, որ եթե դատարանով ինքը կվերականգնվի, Դուք չեք խոչընդոտի նրան, բայց Ձեր խոստումը չեք պահել և Վերաքննիչ բողոք եք ներկայացրել, Վերաքննիչում էլ եք պարտվել, որից հետո Հարկադիր կատարման ծառայության միջոցով պարտավորվել եք վերականգնել նախկին տնօրենին իր պաշտոնում։ Բայց վերականգնելուց երկու օր անց նորից ազատել եք նրան։ Ինչո՞ւ։
-Ուրեմն, դպրոցի տնօրենը ստացել է երկու նկատողություն և ազատվել է աշխատանքից։ Ինքն օգտվել է իր իրավունքից և տվել է դատարան՝ բողոքարկելով թե՛ իմ տված երկու նկատողությունները, թե՛ ազատման հրամանը։ Ուրեմն դատարանը իմ նկատողությունները ճանաչել է իրավաչափ, այսինքն՝ էն նկատողությունները, որ ես տվել եմ, իրենք տվել են դատի, դատարանը որոշել է, որ ես ճիշտ եմ արել, որ տվել եմ։ Ազատման հրամանը, քանի որ ազատելուց երեք աշխատանքային օր առաջ ես պիտի զգուշացնեի իրեն, պատշաճ ծանուցեի, ծանուցումը, քանի որ պատշաճ արված չի եղել, որովհետև իրենք չեն վերցրել էդ փոստը, որպեսզի ծանուցվեին, դատարանը հօգուտ իրենց է որոշումը կայացրել։ Այսինքն՝ տեխնիկական հատվածը ես չեմ կատարել, բայց նկատողությունները իրավաչափ են ճանաչվել։ Ու դատարանը որոշում է կայացրել, որ ես պիտի վերականգնեմ ու նաև իր միջին աշխատավարձի չափով իր չաշխատած ամիսների համար աշխատավարձ տամ։ Ես կատարել եմ դատարանի որոշումը՝ վերականգնել եմ աշխատանքի, նաև վճարել ենք էն ժամանակահատվածի համար, որի համար դատարանը մեզ պարտադրել է։ Իմ վերականգնելուց հետո ես նորից ազատել եմ՝ հիմք ընդունելով էն նկատողությունները, որը իրավաչափ է ճանաչված, որը որ վիճարկվել է դատարանում, ու ոնց որ իրենք են կրել, նույն ձև մարզպետի աշխատակազմն ա կրել դատարանում, ու ճանաչվել ա իրավաչափ։ Այսինքն՝ ես ճիշտ նկատողություն եմ տվել։
-Իսկ ի՞նչ նկատողություն եք տվել, ասացին՝ ընդամենը 5-10 րոպե շուտ է դուրս եկել դպրոցից։
-Հիմա ես չեմ մտնելու դետալների մեջ։ Ժողովուրդ ջան, իմ նկատողությունն իրավաչափ ա ճանաչվել, հիմա ես չեմ դնելու ամբողջ դատական գործը բան անեմ։
-Դուք անձնական խնդի՞ր ունեք այդ կնոջ հետ։
-Ոչ մի խնդիր։ Ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ։
-Կարո՞ղ է՝ ամուսինը Հանրապետական է, դրա համար եք որոշել ազատվել իրենից։
-Որ ամուսինը Հանրապետական ա, դա շատ լավ ա, ուրախ ենք իրենց համար։
-Դրա ի՞նչն է լավ, ինչի՞ համար եք ուրախ։
-Այսինքն՝ ցանկացած մարդ իրավունք ունի մասնակցի քաղաքական պրոցեսներին, լինի տարբեր կուսակցությունների անդամ։ Եթե իր ամուսնու՝ ՀՀԿ-ական լինելը որևիցե մի ձև խանգարեր կամ կապ ունենար, տիկին Մկրտչյանը իմ պաշտոնավարման ժամանակ բավականին երկար աշխատել է դպրոցի տնօրեն։
-Դե, հիմա նախընտրական շրջան է, դրա համար եք, երևի, որոշել ազատվել նրանից ու Ձեր մարդուն նշանակել։
-Ոչ, նախընտրական շրջանի մասին խոսք չի գնում, խոսքը գնում է մի տարի առաջվա խոսակցության մասին։ Ու եթե մի տարի հետ գնանք՝ 2024 թիվ, ու համարենք, որ 2026 թվին ընտրություններ պիտի լինեն, էդպես լինի՝ միշտ նախընտրական շրջան է։ Ինձ ճանաչելով՝ Դուք գիտեք, որ ես քաղաքական առումով մարդկանց կյանքում գործից չեմ ազատի, ինձ թույլ չեմ տա, ու ինչպես ասացի՝ բոլոր իմ որոշումները բխում են օրենքներից, ու երբեք ես ոչ իրավաչափ գործողություն չեմ անում։ Դրա մասին է խոսում նաև դատարանի որոշումը։ Հետևաբար, իմ բոլոր որոշումները իրավաչափ են, դրանից հետո իրենք հիմա նորից էս որոշումս էլ կարող են վիճարկել դատարանում, որի ձևը իրենք գիտեն, ունեն բավականին լավ փաստաբան, շատ իրավագիտակից ժողովուրդ են, էլի կարան վիճարկեն դատարանում իմ որոշումը։
Վահե Մակարյան
Բաց մի թողեք
Ալիև․ «Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Նիկոլն էլ հետս ա»
Արարատ Միրզոյանի պաշտպանը ծամոն է ծամում դատական նիստում․ Լուսանկար
«Կլյուչեվոյ» պաշտոններից կթռնեն մի շարք պաշտոնյաներ. հերթի տակ են երկու փոխվարչապետները. Լուսանկար