27/08/2025

Բաքվում պնդում են, որ ռուս իրավապահները կտրել են Սաֆարով եղբայրների սեռական օրգանները

Ադրբեջանում նոր հիստերիա և վայնասուն են բարձրացրել Եկատերինբուրգում իրենց հայրենակիցների շրջանում ռուս իրավապահների իրականացրած և շարունակվող ստուգումների, ձերբակալությունների պատճառով:

Հիշեցնենք, որ տարիների վաղեմության սպանության գործով ՌԴ ԱԴԾ վերջերս լայն խուզարկություններ էր իրականացրել Եկատերինբուրգի ադրբեջանական համայնքում, որի շրջանակում ձերբակալվել էին սպանություն կատարելու մեջ կասկածվող մի շարք անձինք, իսկ նրանց երկուսը՝ Հուսեին և Զիյադին Սաֆարովը մահացու վնասվածքներ էին ստացել:

Ըստ ադրբեջանական Մինվալ-ի, Կրեմլին մոտ կանգնած «Պրոյեկտ» աղբյուրը, իբր,  հայտնել է, թե Սաֆարովների սեռական օրգանները կտրվել են նրանց ձերբակալությունից հետո:

Նույն պնդման համաձայն, մեկ այլ աղբյուր հաստատել է. «Նրանց նկատմամբ բռնություն է գործադրվել»: Դեռևս պարզ չէ՝ դա տեղի է ունեցել խոշտանգումների ժամանակ, թե՞ մահից հետո, գրում է ադրբեջանական կայքը:

Մինվալը պնդում է նաև, թե Ադրբեջանում անցկացված փորձաքննությունն, իբր, հաստատել է խոշտանգումների հետքերը՝ սեռական օրգանների հատվածում կապտուկներ և ազդրի վրա քերծվածքներ: