27/08/2025

Ալիևն արդեն սպառնում է․ Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները

«Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները»: Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Դժվար է ասել՝ ինչ կարող է խանգարել: Հուսով եմ, որ ոչինչ չի խանգարի գործընթացին, բայց կրկին 100 տոկոս երաշխիքներ չունեմ, քանի որ լավ չեմ տիրապետում Հայաստանի ներքին քաղաքականությանը։

Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր Սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա, այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը: Որովհետև անկախ նրանից, թե ով է ստորագրել փաստաթղթերը Վաշինգտոնում՝ դրանք ստորագրվել են Հայաստանի անունից՝ հայ ղեկավարի կողմից։ Եթե փոփոխությունների հետ կապված ինչ-որ բան պատահի, և նրանք հետ կանգնեն ստորագրվածից, դա լրջորեն կվատթարացնի Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները։

Եվ ոչ միայն Միացյալ Նահանգները, այլև միջազգային հանրությունը աջակցեց այս գործընթացին՝ Եվրոպան աջակցեց, Թուրքիան, արաբական երկրները աջակցեցին, այսինքն՝ ամբողջ միջազգային հանրությունը»:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության մասին բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել են Վաշինգտոնում նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ: Ես կարծում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը, իսկ պաշտոնապես ու վերջնական խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս պարունակում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ ինքն ու ադրբեջանական կառավարությունը հասկացել են, որ այդ փոփոխությունը կատարվելու է. «Եվ հենց որ այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական Խաղաղության համաձայնագիր, սակայն այս փաստաթղթի նախաստորագրման փաստը Ադրբեջանի և Հայաստանի կողմից Սպիտակ տանը նախագահ Թրամփի ներկայությամբ արդեն նշանակում է պատերազմի ավարտ, որը ընդհատումներով տևել է ավելի քան երեսուն տարի։ Սա բացում է բոլորովին նոր հնարավորություններ Հարավային Կովկասի տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանի համար»:

Մենք մտադրություն չունենք կտրել Իրան-Հայաստան սահմանը. Ալիև Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չունի Իրան-Հայաստան սահմանը կտրելու կամ «Զանգեզուրի» շրջանը գրավելու ծրագրեր։

Ալիևն Al-Arabiya-ին տված հարցազրույցում ասել է. ««Զանգեզուրի միջանցքը» որևէ սպառնալիք չի ներկայացնում Իրանի համար, և Ադրբեջանի կողմից այս շրջանը գրավելու կամ Իրան-Հայաստան սահմանը կտրելու մտադրության մասին լուրերը բացարձակապես անհիմն են»։

Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության կարևորությանը՝ նա ասել է. «Բաքուն ձգտում է ստեղծել նոր հաղորդակցման հարթակներ, որոնք կարող են օգուտ բերել տարածաշրջանի բոլոր երկրներին»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Բաքուն մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականության հարգումը և բարիդրացիական հարաբերությունների զարգացումը։