ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մտադրության մասին փաստաթղթի ստորագրման կապակցությամբ Բաքվի իշխանական լրատվամիջոցը տեսակետ է հայտնում, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Ադրբեջանի համաձայնության:
Հեղինակը, սակայն, նույն տեղում խոստովանում է, որ Բաքուն Հայաստանի հետ այլ երկրների հարաբերությունների հարցում այլևս որևէ առարկություն չի կարող ունենալ՝ հաշվի առնելով նոր իրողությունները:
Ուշագրավ է, որ այս դեպքում ելակետային են գնահատվում Վաշինգտոնի եռակողմ պայմանավորվածությունները:
«Ի տարբերություն Պակիստանի, որը չի ճանաչել հայկական պետության գոյությունը, Թուրքիան Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականին, բայց… դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել»,- գրում է ադրբեջանցի մեկնաբանը և ուշադրություն հրավիրում ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպմանը:
Այդ առթիվ, ինչպես նկատել էինք տվել ավելի վաղ, «Անադոլուն» հայտնել է, որ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջիկա կոնկրետ քայլերի մասին: «Էրդողանն իր խաղն ունի»,- ենթադրում է Բաքվի իշխանական լրատվամիջոցը, ինչից հասկացվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առաջիկա ենթադրյալ քայլերի վերաբերյալ Իլհամ Ալիևը, գուցե, վերապահումներ ունի:
Հարկ է, երևի, ուշադրություն դարձնել երկու հանգամանքի վրա: Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ Պեկինը «սատարում է Ադրբեջանի սուվերեն զարգացմանը»:
Ոչ ոքի, այդ թվում՝ Չինաստանի առաջնորդի, համար գաղտնիք չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ՝ երկու պետություն են»: Այդ համատեքստում Սի Ծինփինի «սուվերեն Ադրբեջան նախագիծը» ոչ այլ ինչ է, քան՝ Թուրքիայից լիովին անկախ պետություն:
Դա, բնականաբար, Էրդողանի «խաղին» հակաքայլ է:
Երկրորդն, ըստ երևույթին, կապված է իսրայելա-թուրքական սրացման հետ, ինչից Ադրբեջանը հետևողականորեն փորձում է դիստանցավորվել: Երևում է, Անկարան Բաքվի նկատմամբ այդ հարցում «փափուկ ուժ է կիրառում» և իր նպատակին հասնելու համար կարող է օգտագործել առանց Ադրբեջանի համաձայնության Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու կոնկրետ քայլերի գործոնը:
Սկզբունքորեն հայ-ադրբեջանական գործընթացում Թուրքիան այլևս Ադրբեջանին տալիք չունի: Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի առնվազն մասնակի բացումը ոչ ոք «դավաճանություն» չի դիտի:
Բայց այդ դեպքում Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրումը և վավերացումը կդառնա այլևս անշրջելի: Ալիևը նման հեռանկար տեսնո՞ւմ է, դրա համա՞ր է Էրդողանից դժգոհ:
Բայց ի՞նչ երաշխիք, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կոնկրետ քայլերի մասին Էրդողանի հայտարարությունը «հերթապահ» չէ:
Բաց մի թողեք
«Զանգեզուրի միջանցքն» էլ պետք է կրի նախագահ Իլհամ Ալիևի անունը
Համաձայնագիրը բարենպաստ հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանի, ինչպես նաև լայն աշխարհագրության համար. Ալիև
Պակիստանը կճանաչի Հայաստանը ՄԱԿ-ում, ինչի համար «կանաչ լույս» կստանա ԵԱՏՄ-ում