ՇՀԿ 25-րդ գագաթնաժողովը (օգոստոսի 31-սեպտեմբերի 1, Թիենծին, Չինաստան) ուշագրավ էր պետությունների ու կառավարությունների ղեկավարների ընդգրկուն կազմով եւ քննարկված հարցերի կարեւորությամբ։ Սակայն ՀՀ վարչապետին ուղեկցող կրտսեր դստեր եւ նրա կնոջ ներկայությունը, ինչպեսեւ վերջինիս կենդանի շփումը Ադրբեջանի նախագահի կնոջ հետ, լրացուցիչ բովանդակություն հաղորդեցին կատարվածին, թեեւ գագաթնաժողովին մասնակցող այլ ղեկավարների կանայք նույնպես կային եւ մասնակցում էին գագաթնաժողովի արարողակարգային ու մշակութային մասերին։
Հրապարակ թերթը գրել է․ Առհասարակ, ոչ մի միջազգային համաձայնագիր ուղղակիորեն չի կարգավորում ղեկավարների ընտանիքի անդամների մասնակցությունը աշխատանքային, պաշտոնական կամ պետական միջոցառումներին։ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի համաձայնագիրը (1961 թ.) վերաբերում է երկրներում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների (դիվանագիտական կորպուսի) եւ նրանց ընտանիքի անդամների դիվանագիտական անձեռնմխելիությանն ու արտոնություններին, բայց ոչ երբեք պետության առաջին դեմքերին։ Այսինքն՝ գոյություն չունեն ղեկավարների ընտանիքի անդամների մասնակցությունը կանոնակարգող միջազգային միասնական նորմեր։ Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչ կարգավիճակ տա ղեկավարի ընտանիքի անդամներին։ Խստիվ գործում է հավասարության (պարիտետի) սկզբունքը․ եթե հյուրը գալիս է կնոջ (ամուսնու) հետ, ընդունող կողմը պարտավոր է ապահովել համապատասխան ընդունելություն եւ նրանց համար մշակութային, սոցիալական ծրագիր։
Այդպես էր եւ Թիենծինում. ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը եւ նրա կինը՝ Պեն Լիյուանը, կազմակերպել էին ընդունելություն-ճաշկերույթ, որին մասնակցում էին պատվիրակությունների ղեկավարները՝ իրենց կանանց հետ։ Սին եւ Պենը կարմիր գորգի վրա դիմավորեցին հյուրերին, լուսանկարվեցին նրանց հետ առանձին եւ բոլորի հետ համատեղ։ Այսպիսով, կանայք ներկա գտնվեցին ողջունմանը, մասնակցեցին պաշտոնական լուսանկարմանը եւ արարողակարգային պահերին, ինչպես ընդունված է հանրապետական երկրներում, որտեղ նախագահի կինը (ամուսինը) համարվում է First Lady (First Gentleman), եւ արարողակարգով նրանց մասնակցությունը համարվում է պետական կյանքի բաղկացուցիչ մաս։ Այլ է միապետություններում, որտեղ ընտանիքի բոլոր անդամների մասնակցությունը կրում է դինաստիական ու խորհրդանշական բնույթ եւ խստորեն կարգավորվում է։
Ամփոփենք. միջազգային կառույցների շրջանակում չկան առաջնորդի ընտանիքի մասնակցության ձեւաչափը որոշող համապարտադիր համաձայնագրեր։ Դա համարվում է պետությունների ներքին գործը եւ կարգավորվում է դիվանագիտական արարողակարգով, ավանդույթի ուժով ու երկկողմ պայմանավորվածություններով։
ՈՐՈՇ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Այցի գլխավոր անձը պետության կամ կառավարության ղեկավարն է, իսկ նրա ընտանիքի անդամների ներկայությունը ոչ թե ինքնուրույն, այլ ածանցյալ, ուղեկցող գործոն է։ Ընտանիքի անդամների արարողակարգային կարգավիճակը բխում է ղեկավարի կարգավիճակից։ Նախագահի կինը (ամուսինը) սովորաբար ներառվում է պաշտոնական պատվիրակության կազմում եւ ստանում է համապատասխան տեղ արարողակարգային հերթականության մեջ։ Բոլոր դեպքերում ընտանիքի մասնակցությունը կախված է այցի ձեւաչափից. եթե այցը պետական է, ապա ղեկավարին գրեթե միշտ ուղեկցում է կինը (ամուսինը), աշխատանքային կամ պաշտոնական այցերի դեպքում նրանց մասնակցությունը պարտադիր չէ։ Երկու նկատառում. ՀՀ վարչապետի այցը Թիենծին աշխատանքային էր։ Երկրորդ․ հանրապետական կարգի երկրներում երեխաները հազվադեպ են մասնակցում պաշտոնական միջոցառումներին, դա ընդունված, անգամ պարտադիր կարգ է միապետություններում։
ՈՐՈՇ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ
Պետության կամ կառավարության ղեկավարի կնոջ (ամուսնու) համար ընդունող կողմը սովորաբար կազմում է առանձին ծրագիր (այցելություն դպրոց, հիվանդանոց, թանգարան, պատկերասրահ, մշակութային, բարեգործական եւ այլ հաստատություններ)։ Շատ հաճախ նրա դերը «փափուկ դիվանագիտությունն» է՝ սոցիալական, հումանիտար եւ մշակութային ոլորտների շեշտադրումով։ Ընդունող կողմը սովորաբար պատրաստում է զուգահեռ ծրագիր ամուսնու/կնոջ համար։ Կրկին երեխաների մասին՝ միապետական երկրներում նրանք հաճախ ներկա են լինում հոբելյանների, թագավորական հարսանիքների, ընտանեկան արարողությունների, ինչպեսեւ ազգային տոների ժամանակ։
Հանրապետություններում երեխաների մասնակցությունը հիմնականում կրում է անձնական բնույթ։ Վերադառնալով արմատավորված ավանդույթներին՝ նշենք, որ կանայք իրենց ամուսինների հետ ներկա են գտնվում ոչ պաշտոնական հանդիպումներին, հանդիսավոր ընդունելություններին, ծաղկեպսակ դնելու արարողություններին։ Հետաքրքիր է իմանալ, որ պետական ընդունելությունների ժամանակ նստեցման ձեւաչափը հաշվի է առնում որոշակի ավանդույթներ, օրինակ՝ ամուսինները երբեք չեն նստում կողք-կողքի։ Մինչդեռ արարողակարգային լուսանկարներում ամուսինները հյուրընկալող կողմի հետ միշտ լուսանկարվում են միասին։
Եվ որոշ նրբություններ. պատվիրակության ղեկավարի կինը (ամուսինը) պարտավոր է հարգել ընդունող երկրի կրոնական, մշակութային առանձնահատկությունները, ազգային ավանդույթները, որոնց մեջ են մտնում անվերապահորեն նաեւ հագուկապը, արդուզարդը։ Ընդհանուր առմամբ, ընտանիքի անդամների մասնակցությունը «լրացուցիչ դիվանագիտության» գործիք է, որը ստեղծում է այցի ավելի ջերմ տպավորություն, ամրապնդում է մշակութային կապերը եւ ընդգծում հարգանքը հյուրընկալող երկրի հանդեպ։
ԱԽ, ԱՅԴ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Գագաթնաժողովին իենց զավակների հետ էին եկել Իրանի նախագահը, Ն․ Փաշինյանը եւ Լուկաշենկոն` որդու` Նիկոլայի հետ։ Ոչ հավաստի մեկ-երկու աղբյուր գրեց, թե նա ջերմ զգացումներ է տածում Սի Ցզինպինի միակ դստեր՝ Սի Մինցզեի նկատմամբ, բայց հաշվի առնելով, որ Նիկոլայը նրանից փոքր է 12 տարով, կարելի է ասել` այդ լուրը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ անլուրջ է։ Այդուհանդերձ, մի բան անհերքելի է՝ պայմանականություններ չճանաչող Ալեքսանդր Լուկաշենկոն որդու 21-րդ տարեդարձը հաջողացրեց նշել ՇՀԿ 25-րդ գագաթնաժողովի օրերին․ օգոստոսի 31-ին կրտսեր Լուկաշենկոն բոլորեց 21 տարին՝ դինաստիական կառավարումն արդարացնելու ծանրակշիռ կենսագրական փաստ։ Արարողակարգի ու վարվեցողության պատշաճ կանոնների տեսանկյունից կարեւոր է արձանագրել, որ ծնողների մեծ գործերին երեխաների ներկա գտնվելու ժիր հետաքրքրության մասին պաշտոնական լրատվությունը լռում է, եւ դա ճիշտ է, քանի որ հատկապես անչափահաս երեխաների մասնակցությունը նույնիսկ խորհրդանշական բնույթ չունի։ Միջազգային պրակտիկայում պետությունների ղեկավարների երեխաների հարաբերությունները որեւէ պաշտոնական նշանակություն չեն ունենում, եթե խոսքը հայտարարված ամուսնության կամ ձեւականացված պայմանավորվածության մասին չէ։
ՍԻՐԵԼԻ ԿՆՈՋ ՉԻՆԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒՏԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշյալ գագաթնաժողովին ժամանել էր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, սակայն ոչ մի լրատվամիջոց, ոչ մի պաշտոնական աղբյուր չի նշել, որ հոր եւ մոր հետ Թիենծին (Չինաստան) է մեկնել նրանց անչափահաս դուստր Արփին։ Ի դեպ, նրանց հետ Չինաստանի կառավարության հյուրընկալությունն են վայելել նաեւ Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ադրբեջանի, Թուրքիայի նախագահների եւ Նեպալի, Եգիպտոսի, Մալայզիայի վարչապետների կանայք։ Իրանի նախագահի հետ էր նաեւ նրա դուստր Զահրա Փեզեշքիանը, սակայն ոչ որպես գագաթնաժողովի պաշտոնական մասնակից։ Ն․ Փաշինյանի կինը տվյալ գագաթնաժողովին ներկայացել է սպիտակ զգեստով՝ բաց ուսերով եւ բարձրաճեղք փեշով։ Սպիտակ գույնը Չինաստանում հաճախ զուգակցվում է սգի հետ․ չինացիները հուղարկավորության են գնում սպիտակ հագած, ոչ թե եվրոպացիների նման՝ սեւազգեստ։ Այնպես որ, Չինաստանի կազմակերպած պաշտոնական միջոցառումներին ընդունված է խուսափել ամբողջովին սպիտակ հագուստից։ Ավելին, բաց ուսերը եւ լայն բացվածքը համահունչ չեն այդ երկրում կանանց պաշտոնական հագուստի պահպանողական չափանիշներին։ Չինացիները նախընտրում են իրենց հյուր եկած կանանց տեսնել զուսպ եւ գոց ոճի զգեստով։ Իհարկե, օտարերկրյա հյուրերի նկատմամբ նրանք հանդուրժող են ու ներողամիտ, ավելին՝ հյուրերի հագուկապը պաշտոնապես չի քննարկվում, սակայն դիվանագիտական միջավայրում այն կարող է ընկալվել որպես տեղական ավանդույթներին անհարիր քայլ։ Այսինքն՝ Աննա Հակոբյանի հագուստի սպիտակ գույնը եւ որոշ դետալներ չեն համարվել սկանդալային կամ անպատշաճ, այդ շեղումները համարել են հայ կնոջ կողմից տուրք եվրոպական արձակ ոճին, որը ներդաշնակ չէ չինական ոճին։ Ի դեպ, Ադրբեջանի նախագահի կնոջ հագուստի ոճն Աննայի հագուստի ոճի հակապատկերն էր․ Մեհրիբանի զգեստի կարմիր գույնը չինացիները համարում են ամենաուժեղ գույներից մեկը, երջանկության, հաջողության եւ բերկրանքի խորհրդանիշ, կենսական ուժի (ցի), հարստության, բարգավաճման մարմնավորում: Որպես սոցիալական բարձր դիրքի նշան՝ կարմիր են հագել կայսրերը, վերնախավը, իսկ մուգ կարմրագույնը (burgundy color), որպես վառ կարմիրի զուսպ երանգ, շլացուցիչ տեսք է տալիս պաշտոնական ընդունելությունների մասնակից բարձր հասարակությանը, քանի որ առնչվում է արժանապատվության, հասունության, հեղինակության եւ առաքինության հետ։
Արա ՍԱՀԱԿՅԱՆ
Բաց մի թողեք
Բավ է բարբաջեք խաղաղության մասին․ Խաղաղությունը ստեղծվում է դաշնակիցներով, ուժով և խելքով ու նաև բարոյականությամբ
Զոռով ոչինչ չի լինելու, միջանցք չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան. Լուսանկար
Ո՞վ համոզեց Հայաստանին՝ գնալ դեպի ողբերգություն