08/09/2025

Երևանիս վրա թաղապետ չեկավ

Նիկոլ Փաշինյանը որքան շատ է խոսում կոռուպցիան արմատախիլ անելու մասին, այնքան նրա իշխանության շրջանում ավելի շատ է ծաղկում ու նոր թափ առնում կոռուպցիան: Վերջին տարիներին աննախադեպ թվով գործեր են հարուցվել պաշտոնյաների նկատմամբ, հատկապես` Երեւանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակիցների, այդ թվում՝ վարչական ղեկավարների նկատմամբ:

Հրապարակ թերթը գրել է․ Ժողովուրդն ասում է` այս իշխանության վրա նորմալ թաղապետ չեկավ: Մեկը կոռուպցիոն գործարքների մեջ է թաղված, մյուսը մարդ ծեծող է, երրորդը գործից գլուխ չի հանում, եւ այդպես շարունակ: Այս տարվա սկզբից Երեւանի քաղաքապետարանում եւ վարչական շրջանների աշխատակազմերում մեկը մյուսին հաջորդում են կոռուպցիոն գործերով ձերբակալություններ եւ պաշտոնյաների կալանավորումներ։

Այս տարեսկզբին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընթացքի մեջ է 64 քրեական վարույթ, որոնցից 5-ով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 31 անձ։ Նրանցից 7-ը Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների պաշտոնատար անձինք են, որոնցից մի քանիսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ։

Իսկ ապրիլին Ազգային անվտանգության ծառայության ու Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները Շենգավիթի թաղապետարան էին մտել, երկու աշխատակից ձրբակալվել էր: Նրանք Առեւտրի վարչությունից էին:

Այս դեպքից ամիսներ անց` հունիսին, կալանավորվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը` Ռազմիկ Մկրտչյանը, սակայն նրա կալանավորումը կապ չուներ ապրիլին տեղի ունեցած չարաշահումների հետ, պատճառը ՔՊ-ի Շենգավիթի տարածքային խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելն էր:

Մենք գրել էինք, որ ծեծի պատճառը եղել էր այն, որ Մակարյանը քննադատել էր Մկրտչյանի աշխատանքային գործունեությունը, առաջարկել էր ՔՊ նիստին քննարկել նրա աշխատանքը, ինչը դուր չէր եկել Մկրտչյանին:

Մեկ տարի առաջ կալանավորվեց Արաբկիր վարչականի ղեկավարը: Ըստ մեղադրանքի՝ Արամ Ազատյանը «զգալի չափերով կաշառք էր ստացել ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց, ինչպես նաեւ՝ դրդել էր այլ պաշտոնատար անձի՝ կատարել պաշտոնեական կեղծիք»։ Ազատյանին շուրջ մեկ տարի կալանքի տակ պահեցին, իսկ օգոստոսի 6-ին նրա խափանման միջոցը փոխվեց, մի քանի օր նա էլեկտրոնային թեւնոցով հաճախում էր աշխատանքի, ապա աղմուկ բարձրացավ, եւ նա օգոստոսի 8-ին հրաժարականի դիմում գրեց:

2024-ի նոյեմբերին Կենտրոն վարչական շրջանում քննչական գործողություններ կատարվեցին, եւ 4 աշխատակից կալանավորվեց` կաշառք ստանալու մեղադրանքով: Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերը, Կենտրոնի վարչական ղեկավարը տեղի ունեցածից հետո հայտնել էր, որ կալանավորված անձինք թաղապետարանի երկարամյա աշխատակիցներ են:

2023-ի նոյեմբերին էլ ԱԱԾ-ն բերման ենթարկեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանին եւ թաղապետարանի մի քանի այլ աշխատակիցների, որոնց առաջադրված մեղադրանքներն արդեն դատարանը առոչինչ է ճանաչել եւ արդարացրել նրանց: Բերման ենթարկվածների թվում էին համայնքապետարանի կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանը եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանը: Պատճառը չարաշահումներն էին, սակայն դատարանը վերջերս նրանց արդարացրել է:

Իր «հերոսություններով» աչքի է ընկել նաեւ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը` «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը, որն ուղիղ եթերում` ամբողջ աշխարհի աչքի առաջ ծեծի ենթարկեց բլոգեր Արթուր Չախոյանին, որը հանդգնել էր բացահայտել, թե Տեր-Ղազարյանը չարաշահումներ է կատարել:

Քանի որ «Հանրապետություն»-ը ՔՊ-ի բացահայտ կցորդն է, բնականաբար, Տեր-Մարգարյանը չձերբակալվեց, չկալանավորվեց, փոխարենը ձերբակալվեց ծեծի ենթարկված Չախոյանը: Բլոգերին ծեծի ենթարկած թաղապետն ընդամենը հեռացվեց աշխատանքից` իր դիմումի համաձայն: