08/09/2025

Ո՞ւմ նյարդերն առաջինը տեղի կտան` Էրդողանի, թե՝ Նաթանյահուի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 3-ի երեկոյան Անկարայի նախագահական պալատում մուսուլմանական Մաուլիդ-ան – Նաբի տոնի առթիվ պաշտոնական ընդունելություն է կազմակերպել, որին հրավիրվել են իսլամադավան երկրների հոգևորականության ներկայացուցիչներ:

Մաուլիդ-ան-Նաբի տոնը նվիրված է Մուհամեդ մարգարեի ծննդյանը: Ըստ ավանդույթի՝ հավատացյալ մուսուլմաններն այդ օրը երեկոյան աղոթքից հետո միմյանց նվերներ են մատուցում, աղքատներին օգնություն ցուցաբերում:

Նախագահական պալատում ընդունելությանը Թուրքիայի նախագահը հանդես է եկել ելույթով, որն աչքի է ընկնում կրոնա-դավանաբանական այլասացությամբ և իսլամական աստվածաբաններից արված խրթին մեջբերումներով:

Էրդողանը, կարծես, խնդիր է ունեցել հյուրերին և Թուրքիայի քաղաքական, գիտական, մշակութային և կրոնական վերնախավին ներկայանալ որպես ոչ միայն աշխարհիկ պետության առաջնորդ, այլև բարեպաշտ մուսուլման և «Ղուրանի» մեկնիչ:

Դա ակնհայտորեն արտաքին աշխարհին հղված ազդակ և քաղաքական ուղերձ է առ այն, որ Թուրքիան իսլամադավան համայնքի առաջատարն է: Էրդողանը, կարծես, խորհրդանշական կերպով վերականգնել է Օսմանյան կայսրության պետական կարգը, որ սուլթանին ճանաչում էր թե որպես պետության գլուխ, թե մուսուլմանների հոգևոր առաջնորդ:

Սա, իհարկե, կարելի էր համարել Թուրքիայի ներքին գործը, որտեղ վաղուց են խոսում սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական իսլամի կարգավիճակը լեգալացնելու անհրաժեշտություն, եթե իր ելույթում Էրդողանը չհայտարարեր, որ աշխարհի բոլոր մուսուլմանները նույն համրիչի հատիկներն են, մի շենքի աղյուսները, մենք մի մարմին ենք, գտնվում ենք Գազայում, Պաղեստինում և չենք կարող անտարբեր նայել, թե Նաթանյահու անունով դաժան անհավատն ինչպես է այնտեղ կոտորած անում։

Թուրքիայի նախագահը փաստացի Իսրայելի վարչապետին կրոնական պատերազմի կոչ է արել: Էրդողանը Չինաստանից նոր է վերադարձել, որտեղ բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահի և ՉԺՀ առաջնորդի հետ: Նրա համար, անշուշտ, դիվանագիտական հաջողություն է, որ ՇՀԿ գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությամբ Գազայուն Իսրայելի գործողությունները դատապարտվել են:

Բայց եթե Էրդողանը գործի է դրել «ղազավաթի»՝ այլադավանների դեմ իսլամական «սրբազան պատերազմի» խաղաքարտը, կարելի է ենթադրել, որ Նաթանյահուի կառավարության հետ լարվածությունը հասել է վտանգավոր սահմանագծի:

Ո՞ւմ նյարդերն առաջինը տեղի կտան: Ըստ տեղեկությունների՝ սեպտեմբերի լույս երեքի գիշերն իսրայելական օդուժը խոցել է Դամասկոսի արվարձաններում տեղակայված թուրքական ՀՕՊ կայանքները: