Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն սեպտեմբերի հինգին անդրադարձել է նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությանը, ըստ որի ռուսական կողմը «փոխհատուցել է Բաքու-Գրոզնի չվերթի կործանված ինքնաթիռի արժեքը, ինչպես նաև զոհվածների և տուժածների ապահովագրական գումարները»:
Հաջիզադեն այդ փաստը չի հերքել, բայց մեկնաբանել է, որ վճարումները կատարել է Ռուսաստանի ապահովագրական ընկերություններից մեկը, մինչդեռ Ադրբեջանը պահանջում է, որ ՌԴ կառավարությունը նույնպես փոխհատուցի ադրբեջանական կողմի կրած վնասները:
Բավական ծավալուն տեքստում Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն առնվազն երեք անգամ օգտագործել է «հարձակման ենթարկված օդանավի կործանում» ձևակերպումը, ինչից հետևում է, որ Բաքուն դիրքորոշում է փոխել:
«Ալ-Արաբիա» հեռուստաընկերությունը հարցազրույցում Իլհամ Ալիևը Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանումը գնահատել էր «ոչ միտումնավոր», մինչդեռ Հաջիզադեի գործածած բնորոշումը պարզորոշ վկայում է, որ խոսքը քաղաքացիական ինքնաթիռի «դեմ ռազմական հարձակման» մասին է:
Ավելի վաղ Իլհամ Ալիևը սպառնացել է, որ եթե Ռուսաստանը կատարվածի համար պաշտոնական պատասխանատվություն չստանձնի և մեղավորներին չպատժի, ապա Ադրբեջանին կմնա դիմել միջազգային դատական ատյաններին:
Նա վկայակոչել է Ուկրաինայի օդային տարածքում մալայզիական «Բոինգի» խոցման հետ կապված Հաագայի դատարանի վճիռը, որով աղետի պատասխանատու է ճանաչվել Ռուսաստանը:
Այդ վճիռը կայացվել է աղետից ավելի քան տասը տարի անց: «Մենք համբերատար ենք, կսպասենք»,- ասել է Ալիևը՝ հասկացնելով, որ պատրաստ է դատական երկարատև քննության, «միայն թե արդարությունը հաղթի»:
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր տիրույթում: Կարելի է ենթադրել, որ Մոսկվան Բաքվի հետ երկխոսություն հաստատելու քայլեր է ձեռնարկել, բայց առայժմ «սառույցը միայն ավելի է կարծրանում»:
Բաքվի մամուլում տեղեկություն է տարածվել, որ ՇՀԿ-ում դիտորդ-անդամության ադրբեջանական հայտը «ոչ թե Հնդկաստանը, այլ Ռուսաստանն է արգելափակել»:
Գուցե Ալիևը դրա դիմաց Մոսկվայից քաղաքական լուրջ փոխհատուցո՞ւմ է պահանջում: Ալիևը պատրաստվում է ԱՊՀ-ն լքե՞լ:
Բաց մի թողեք
Պաշտպանության նախարար աշխատած ժամանակ Փաշինյանին խաբել «բաշարած» գեներալը
Մարգարիտա Սիմոնյանի մոտ ախտորոշվել է ծանր հիվանդություն. Պուտինի սազանդարի վերջը
Պուտինը Զելենսկուն ոչնչացնելու խնդի՞ր է լուծում