27/09/2025

Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 10:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գտնվող, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին հարակից գերեզմանների տարածքով անցնող երկաթգծերի վրա մարդկային մարմնի մնացորդներ կան:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՊԾ Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 1-ին գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանն ու 2-րդ վաշտի հրամանատար Հայկ Արոյանը:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է: Հայտնաբերվել է մարդկային մարմնի մնացորդներ, 2 գանգ, ատամնաշար:

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժիշկները պետք է պարզեն՝ հայտնաբերված մարդկային մարմնի մնացորդները կնո՞ջ, տղամարդո՞ւ, թե՞ երեխայի են պատկանում: