ՔՊ 7-րդ համագումարը մեկ դերասանի թատրոն էր հիշեցնում: Գլխավոր դերակատարը` ՔՊ առաջնորդը, մե՛կ հուզվում էր, մե՛կ՝ խոնարհվում, մե՛կ ղժղժում, մեկ՝ ավետում երրորդ հանրապետության վախճանն ու չորրորդի սկիզբը, իսկ հանդիսատեսը լուռ եւ խոնարհաբար ծափահարում էր նրա խաղին, հավանության արժանացնում նրա բոլոր մտքերն անխտիր։
Հրապարակ թերթը գրել է․ Այդուհանդերձ, համագումարի գլխավոր հարցը, թե ովքեր են դառնալու նոր վարչության անդամներ, ամենաինտրիգայինն էր: Բացի այն, որ ՔՊ վարչության անդամ դառնալով լուծելու էին իշխանությունում իրենց կայուն տեղի հարցը, հենց այդ մարդիկ են ընդունելու պետության, մեր ժողովրդի վերաբերյալ կարեւորագույն որոշումները:
Իհարկե, Փաշինյանը վերջին տարիներին միանձնյա է կառավարում երկիրը, ու ՔՊ-ն եւ իր խմբակում բոլորը միայն ծափ տվողներ ու լուռ հնազանդվողներ են, բայց վարչության անդամները նաեւ երբեմն ընդդիմանում են նրա որոշումներին, ստիպում են երբեմն հաշվի նստել իրենց հետ։
ՔՊ ղեկավար մարմնի նոր կազմը մի տխուր օրինաչափություն բացահայտեց: ՔՊ-ում առաջ են գնում ճամբարափոխները, պոռոտախոսները, կարմիր գծեր չունեցողները, անդաստիարակները, որոնք, մի կողմից, պատրաստ են դառնալ Փաշինյանի ձեռքի թաշկինակը, մյուս կողմից` նրան գերազանցել ընդդիմախոսների դեմ պայքարում։
Անգամ ՔՊ-ում են անակնկալի եկել նախկինում 5 կուսակցություն փոխած, իր իսկ բնորոշմամբ` ֆեյք ՀՀԿ-ական եղած, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ձայների թվից, որը հաշված քվեներով զիջեց Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, ոմանք սա բացատրում են նրանով, որ Պապոյանը ղեկավարել է ՔՊ տարածքային կառույցները եւ ընտրիչների` շարքային կուսակցականների հետ շատ է շփվել ու նրանց քվեով է դարձել վարչության անդամ:
Սակայն ինչո՞վ է բացատրվում մեկ այլ ուսապարկի` երբեմնի ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանի կամ նախկին ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանի ձայների քանակը։ Նրանք ավելի շատ ձայն են հավաքել, քան կուսակցության ակունքներում կանգնած Արմեն Փամբուխչյանը, Տիգրան Ավինյանը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Ալեն Սիմոնյանը եւ այլք։
Փամբուխչյանը, ի դեպ, չանցավ վարչության նոր կազմ, գործող կազմից դուրս մնացին նաեւ Վաղարշակ Հակոբյանը, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որն Արուսյակ Մանավազյանից շատ ձայն է հավաքել, բայց քանի որ Փաշինյանը կանանց քվոտա է սահմանել, ուստի Միքայելյանն իր տեղը զիջեց Արուսյակին։
Դեռ մինչեւ համագումարը մեզ լուրեր էին հասել, որ Փաշինյանը միջնորդավորված փորձում է ուղղորդել պատվիրակներին, որ Ավինյանին, Ալեն Սիմոնյանին, Սասուն Միքայելյանին ձայն չտան, դուրս թողնեն նոր վարչության կազմից, կամ նրանք գոնե նվազ ձայներով անցնեն, որ լեզուները կարճ լինեն։
Նախորդ վարչության ընտրությունների համեմատ Ավինյանն այս անգամ ավելի քան 100 ձայնով պակաս քվե է ստացել՝ 422 ձայն, Ալեն Սիմոնյանը 11-րդ հորիզոնականում էր, Սասուն Միքայելյանն էլ նախորդում 547, այս ընտրություններում 416 ձայն է ստացել։
Վարչության անդամության հայտ ներկայացնողները 42-ն էին, Հակոբ Սիմիդյանը բացարկ էր ներկայացրել, մնացել էին 41-ը։ 20-յակից դուրս են մնացել պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, որը թեպետ Փաշինյանի կամակատարներից է, բայց այնքան է չափերն անցել, որ անգամ ՔՊ-ում սկսել են նրան չհանդուրժել, Կարեն Սարուխանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, որի համար Փաշինյանի շրջապատը «վիզ էր դրել», որ անցնի, Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, Տաթեւ Գասպարյանը, Սոնա Ղազարյանը, նախարարներ Անահիտ Ավանեսյանը, Վահե Հովհաննիսյանը, մարզպետներ Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը, համայնքապետեր Գարիկ Սարգսյանը, Արտաշատի ղեկավար Կառլեն Մկրտչյանը եւ հանրությանը ոչ այնքան հայտնի մի քանի ՔՊ-ականներ։
Ի դեպ, համագումարին մասնակցում էր նաեւ Փաշինյանի եղբորորդի Սիփանը, որը պատերազմից հետո ընդհատակ էր անցել:
Բաց մի թողեք
Ոչ Վալոդյա Գրիգորյանը, ոչ նրա եղբայրը կապ չունեն այդ սպանության հետ, անմտություն է այն վարկածը, որ վենդետա է տեղի ունեցել
Տեր-Պետրոսյանի անգամ մի քանի բառից բաղկացած միտքը փոթորկում է ողջ քաղաքական դաշտը
Վալոդիայի հաղթանակը մնացել էր իշխանության կոկորդին