27/09/2025

ՔՊ վարչությունն ընտրվել է ՀՀ օրենքի խախտումով․ Նոր համագումար պետք է անցկացվի

Իշխող ուժի շաբաթ օրվա համագումարի ընթացքում ՔՊ վարչության եւ վերահսկող մարմնի ընտրության արդյունքներն արդեն հայտնի են, սակայն այն չի ընթացել օրենքի պահանջին համապատասխան, ուստի եթե արդարադատության նախարարությունն առաջնորդվում է օրենքով, ապա վարչության 8 եւ վերահսկիչ մարմնի 6 անդամներին չպետք է գրանցի, ինչը նշանակում է, որ 2 կառույցն էլ չեն կարող գործել, եւ պետք է նոր համագումար եւ նոր ընտրություններ անցկացվեն։

Հրապարակ թերթը գրել է․ Հարցն այն չէ, որ ձայների էլեկտրոնային հաշվարկի ընթացքում խնդիրներ են առաջացել, ոմանց համոզմամբ՝ միտումնավոր չեն հաշվարկել Տիգրան Ավինյանի ձայները, որ նրան դուրս թողնեն վարչության կազմից։ Մենք մինչեւ համագումարն էինք գրել, որ Փաշինյանը փորձում է Ավինյանին եւ Ալեն Սիմոնյանին դուրս թողնել վարչության կազմից, երկուսն էլ կորցրել են նրա վստահությունը։ Բայց այս, կարելի է ասել, տեխնիկական խնդիրը հաղթահարվեց, ի վերջո՝ Ավինյանն ընդգրկվեց վարչության կազմում: Նախնական կազմում չէր նաեւ Արմեն Խաչատրյանը, որին ՔՊ-ում «ընդդիմադիր» են համարում ու անցանկալի անձ: Նոր հաշվարկից հետո թե՛ Ավինյանը, թե՛ Խաչատրյանը ընդգրկվել են վարչության կազմում՝ դուրս են մնացել Արեն Մկրտչյանն ու Անահիտ Ավանեսյանը։ Ինչեւէ, ինչպես նշեցինք, խնդիրը կեղծիքի մեջ չէ, այլ նրա, որ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքը։

Բանն այն է, որ «Կուսակ­ցությունների մասին» սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է կուսակցության համագումարում որոշումների ընդունման կարգը: Ըստ այդ կարգի, վարչության անդամ կարող են ընտրվել համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ «Կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են համագումարում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»,- ասվում է օրենքի վերջին խմբագրված տարբերակում։ Կուսակցության կանոնադրության 38-րդ կետում եւս նույնն է ասվում. «Կուսակցության կանոնադրությունում եւ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ղեկավար եւ վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրության, մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավարի ընտրության, կուսակցության վերակազմակերպման եւ լուծարման մասին որոշումներն ընդունվում են Համաժողովում ձայնի իրավունք ունեցող մասնակիցների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։

ՔՊ-ից պաշտոնապես հաղորդել են, որ «համաժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 974, քվեարկության մասնակիցների թիվը՝ 917»: Սա նշանակում է, որ ՔՊ վարչության անդամ կարող էին ընտրվել ընտրությանը մասնակցած 917 պատվիրակներից կեսից՝ 458-ից ավելի ձայն ստացած կուսակցականները։ ՔՊ համագումարում հաստատված վարչության 20 հոգանոց կազմում 12 հոգի է հաղթահարել այս շեմը, Ալխաս Ղազարյանը վերջինն է՝ 513 ձայնով, նրան հաջորդող Արուսյակ Ջուլհակյանը 439 ձայն է հավաքել, մյուսները՝ ավելի քիչ. Վիլեն Գաբրիելյան, Հասմիկ Հակոբյան, Գնել Սանոսյան, Տիգրան Ավինյան, Արմեն Խաչատրյան, Նազելի Բաղդասարյան, Արուսյակ Մանավազյան, ինչը նշանակում է, որ, համաձայն սահմանադրական օրենքի, նրանք չեն ընտրվել վարչության անդամ, ուստի արդարադատության նախարարությունը չի կարող նրանց գրանցել։ Խախտվել է նաեւ կանանց քվոտան` ընդամենը մեկ կին է հաղթահարել պահանջը։

Ընդ որում՝ ՔՊ-ն չի կարող շարունակել վարչության աշխատանքները 12 հոգով, քանի որ համագումարն ընդունել է որոշում, որ վարչությունը պետք է բաղկացած լինի 20 հոգուց, Վերահսկող մարմինը՝ յոթ։ Ի դեպ, Վերահսկող մարմնում էլ միայն Լեւոնյան Լեւոնն է օրենքով ընտրված համարվում, ուստի եթե, ինչպես Փաշինյանն է հորջորջում, Հայաստանն իրավական պետություն է, ապա պարտավոր են նոր համագումար եւ ընտրություններ անցկացնել: Ընդ որում՝ սա նախընտրական համագումար էր, բայց դրա կազմակերպման բազային իրավական պահանջների մասին կա՛մ չգիտեն, կա՛մ դրանք չեն կատարել: Հարց է ծագում․ ինչպե՞ս են այս մարդիկ երկիր կառավարում, երբ ոտնահարում են մի օրենք, որը ՔՊ խմբակն անձամբ է ընդունել։