27/09/2025

Թուրքիայում ապօրինաբար օգտագործվել են հայ քաղաքացիների ժառանգության տվյալները

Ստամբուլի Փենդիք թաղամասում գտնվող կադաստրի վարչության աշխատակից Սելջան Յալվան մեղադրվում է հայազգի քաղաքացիների և այլ անձանց ժառանգական տվյալներն ապօրինի կերպով Ադնան Օքթար ահաբեկչական կազմակերպությանը փոխանցելու մեջ։

Ըստ թուրքական աղբյուրների՝ կազմակերպությունը հիմնադրվել է Հարուն Յահյա կեղծանունով հայտնի, կեղծ գիտական ուղղության թուրք գրող, իսլամական կրեացիոնիստ Ադնան Օքթարի կողմից, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

Վերջինս քաղաքական, կրոնական և գիտահանրամատչելի խնդիրների վերաբերյալ ավելի քան 300 գրքի հեղինակ է, որոնք թարգմանվել են 76 լեզուներով: Վերջինս 2021-ին դատապարտվել է 1075 տարվա ազատազրկման:

Ստամբուլի գլխավոր դատախազության պատրաստած մեղադրական եզրակացության մեջ նշվում է 14 կասկածյալի և 26 տուժածի մասին։ Ըստ քննության, Յալվան ժառանգական իրավունքներից անտեղյակ քաղաքացիներին ասել է, թե իրենց ժառանգություն է մնացել, ապա ստանալով անհրաժեշտ տվյալներ, դրանք փոխանցել կազմակերպությանը։

Վերջինս մեղադրվում է անձնական տվյալներն անօրինական կերպով ձեռք բերելու կամ հրապարակելու, ինչպես նաև հանցավոր նպատակներով կազմակերպություն ստեղծելու մեջ: