Այսօր հայ մեծագույն երգահան – կոմպոզիտոր, հայկական երաժշտության պահապան հրեշտակ, օտարամոլություններից մաքրող ու պահպանող Կոմիտասի ծննդյան օրն է․
Եղիշե Չարենցը պաշտամունքի հասնող սեր ու ակնածանք ուներ Կոմիտասի նկատմամբ։ Նա դեռևս 1920-ական թվականներին ցանկանում էր Կոմիտասին նվիրված պոեմ գրել։
Գուրգեն Մահարին պատմում է, թե ինչ հիացմունքով էր Չարենցը լսում կոմիտասյան երգերի Ակսել Բակունցի կատարումները․ «Ակսելը ճեմարանից հիշում էր Կոմիտասի երգերը, երբեմն նեղ շրջանակում Կոմիտաս էր երգում չափ տալով, չնայած որ միակ երգողն ինքն էր։ Չարենցը շատ էր սիրում այդ երգերը։
Չարենցն ասել է. Կանցնեն տարիներ, շատ տարիներ, ես չեմ լինի, գուցե դու էլ չլինես։ Կոմիտասի երգը դուրս կգա մեր երկրից, կլսեն ու կզարմանան։ Կոմիտասը հայ է, բայց աշխարհինն է, բոլորինը, մարդկությանը։ Կգա ժամանակ, երբ Կոմիտասին հողի տակից կհանեն, դամբարան կկառուցեն նրա համար։ Թող պառկի այնտեղ, և բոլորը գան ի տես։ Նա արժանի է դրան բոլորից ավելի, գուցե միայն նա։ Սա այլևս աճյուն չէ, այլ սրբազան մասունք, ուրեմն և մեղք է նրան հողի տակ պահել», – հիշում է Ռուբեն Զարյանը։
Այս տպավորություններով է գրվել Եղիշե Չարենցի «Էպիտաֆիա» բանաստեղծությունը․
Աստ՝ Կոմիտասն է հանգչում՝ իբրև հող և աճյուն առհավետ։
Սիրտ մոխրացած, դարձած հող՝ երբեմնի անոթ ձայնածին։
Ա՛յր մահացու՝ աշխարհում նա եղել է դպիր, վարդապետ:
Այր մշտատև՝ ձայնապետ — ձայների արքա— ձայնագիր։
6 հունիսի, 1936 թ․
Այդ օրերին էլ Եղիշե Չարենցը գրում Կոմիտասի հիշատակին պոեմը՝ Requiem aeternam («Հավերժական հանգիստ»)
ՃԽ
Թո ՛ղ ամոքվի՛ վերջապես
Հազար սրով զարկած խոր—
Սիրտդ հողում մեր հրկեզ,—
Որպես գրկում սիրած մոր։—
Որպես վսե՜մ ողջակեզ՝
Հոգնած աճյունը քո թո՛ղ
Գտնի հանգի՜ստ վերջապես –
Եվ հայրենի դառնա հող…
ՃԽԱ
Եվ հայրենի այդ հողից,
Չանցած գարուն մի քանի—
Կելնեն շքե՜ղ և ուղիղ
Երգի շյուղե՜ր կենդանի։—
Եվ շշունջում գեղեցիկ,
Հնչեղ երգում նրանց խոր—
Կապրի հանճարը քո ջինջ՝
Անմահ երթի՜ ելած նոր…
ՃԽԲ
Կխաղաղվի՜ վերջապես
Խոնջած աճյունը քո հար։—
Դարձած մոխի՜ր կենսաբեր,
Դարձած ավյո՜ւն, դարձած քար։—
Անէացա՜ծ, սրբացած
Կապրի ոգիդ հմայող՝
Դարձած ելնո՜ղ երգի ձայն—
Եվ հայրենի՜ դարձած հող…
Կոմիտասյան հնչյունների հրաշալի կատարման տեսանյութը՝ ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր, վիրտուզ դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ։
1956 թվականին վրձնած այս կտավով Սարգիս Մուրադյան գեղանկարիչը ցանկացել է արվեստի միջոցով բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին։ Մուրադյանը կտավը նկարել է Արտեմի Այվազյանի տանը։ Բնորդել է Սարգիս Մուրադյանի կինը՝ Արտեմի Այվազյանի խալաթով։ Կտավում Կոմիտասը նստած է դաշնամուրի առջև, նա կարծես կանխազգում է մոտալուտ վտանգը՝ կիսով չափ շրջվել է դեպի կիսաբաց դուռը, որտեղից ներս են մտնում թուրք զինվորները՝ նրան ձերբակալելու։ Այստեղ Կոմիտասը ներկայացված է որպես հայ մտավորականության հավաքական կերպար: Կտավը հագեցած է արնակարմիր գույնով, ինչն առավել դրամատիզմ է հաղորդում տեսարանին։
Այս ամենը Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Բաց մի թողեք
Հրաշալի հոգեւոր – մոգական տոն էր. Կոմիտասին նվիրված համերգով մեկնարկել է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը. Լուսանկարներ
Մանկական արվեստի թանգարանը վերաբացվում է. Լուսանկարներ
Մեկնարկում է Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային երրորդ փառատոնը. Տեսանյութ