27/09/2025

Աշխարհը միջուկային ռենեսանս է ապրում, իսկ Հայաստանը ․․․

Փաշինյանը հինգշաբթի օրը Մոսկվայում մասնակցել է «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին: Իր ելույթում նա հայտարարել է, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի մոտ 30%-ն արտադրող հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը որոշվել է երկարաձգել մինչեւ 2036 թվականը։ 

Հրապարակ թերթը գրել է. «Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան տարածաշրջանային զարգացման կարեւոր գործոն»,- ասել է նա, սակայն չի նշել, թե ինչ նոր էներգետիկ օբյեկտների մասին է խոսքը: Գուցե դա իր բացած «երկու ատոմակայաննե՞րն» են, որոնք, ինչպես պարզվում է, ընդամենը արեւային կայաններ են: Ի դեպ, որքան էլ մասնագետները պնդում են, թե մոդուլային ատոմակայանները Հայաստանի նման փոքր եւ ենթակառուցվածքներով հարուստ երկրների համար չեն, վարչապետը շարունակում է խոսել դրանց մասին:

Պուտինի հետ հանդիպման ժամանակ նա նորից հիշատակել է փոքր մոդուլային ատոմակայանները. «Մենք այժմ աշխատում ենք եւ փնտրում Հայաստանի համար հարմար նախագծեր` փոքր մոդուլային ատոմային հնարավորություններ, եւ, իհարկե, այդ հարցում նույնպես շատ ակտիվ երկխոսություն ունենք ՌԴ-ի հետ»: Իսկ մեզ թվում էր, թե մոդուլային կայանների գծով ԱՄՆ-ի հետ են բանակցում:

Արդյո՞ք նոր էներգետիկ հզորությունները Հայաստանի ատոմակայանից ազատվելու ձեւ չեն, եւ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է համադրելու եվրոպացիների, Թուրքիայի՝ ատոմակայանը փակելու պահանջն ու Ռուսաստանին տված հակառակ բովանդակության խոստումները: Այս հարցերի շուրջ զրուցել ենք էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանի հետ:

Նա խորքային հակասություն չի տեսնում Փաշինյան-Պուտին զրույցի ընթացքում արված հայտարարությունների միջեւ, քանի որ մինչեւ 36 թվականը ՀԱԷԿ-ի կյանքը երկարացնելու որոշումը վաղուց է կայացված:

«Այլ բան է, թե միջուկային էներգետիկայի զարգացման որ ճանապարհով ենք մենք գնալու, եւ այսօր արդեն պետք է կայացվի որոշում, քանի որ մենք այսօր կանգնած ենք ռազմավարական դիլեմայի առաջ՝ գնալ մոդուլային ռեակտորի՞ կառուցման ճանապարհով, թե՞, այնուամենայնիվ, ընտրենք ավանդական մեծ հզորությամբ ատոմակայանի կառուցման սցենարը»:

Վահե Դավթյանը հատկանշական է համարում այն, որ մոդուլայինի մասին հայտարարությունները հնչում են հենց Մոսկվայում: Ռուսական պետական «Ռոսատոմ» կորպորացիան աշխարհում փոքր մոդուլային ռեակտորների կառուցման բացարձակ առաջատարն է: «Այն, որ մոդուլային ատոմակայանի մասին խոսվում է Մոսկվայում, սա իր մեջ որոշակի աշխարհաքաղաքական ուղերձ է պարունակում»,- ասում է փորձագետը: Նաեւ հիշեցնում է, որ ԱՄՆ-ն է Հայաստանին առաջարկել փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագիծ, բայց առայսօր ամերիկյան ոչ մի ընկերություն գործնական առաջարկ չի արել:

«Մինչդեռ «Ռոսատոմն» առաջարկել է թե՛ մեծ հզորության ատոմակայանի նախագիծ՝ Սանկտ Պետերբուրգի ԱԷԿ-ի մոդելին համապատասխան, թե՛ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման նախագիծ: Որքան ես գիտեմ, այս պահի դրությամբ կա միտում՝ երկրորդ մոդելի ճանապարհով գնալու: Օր առաջ որոշումը պետք է կայացվի, քանի որ ժամանակը սահմանափակ է»,- կարծում է փորձագետը: Նոր էներգետիկ հզորություններ ասելով ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, եւ ի՞նչ է պետք Հայաստանին` Ձեր կարծիքով: «Եթե մոդուլայինի մասին է, սա մի բան է, եթե խոսքն արեւային էներգետիկայի մասին է, որը շահարկվոմ է Հայաստանում, սա լիովին այլ խոսակցության թեմա է:

Ակնհայտ է, որ անգամ եթե Հայաստանում կառուցվեն գործող ատոմակայանի հզորությունը 3 անգամ գերազանցող արեւային կայաններ՝ հաշվի առնելով դրանց ցածր ՕԳԳ-ն, դրանք չեն կարող ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ էլեկտրաէներգիայի կայուն մատակարարումը պիկային ժամանակահատվածում: Իմ խորքային համոզմունքն է, որ Հայաստանին պետք է ավանդական, մեծ հզորության ատոմակայան, որը թույլ կտա Հայաստանին ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը, դիրքավորվել Իրանի էներգետիկ շուկայում, որը պակասորդ ունի, հատկապես հյուսիսային հատվածում, եւ Իրանն ունի ու դրսեւորում է այդ շահագրգռվածությունը՝ Հայաստանից էլեկտրաէներգիա ներկրելու: Այլապես օրակարգում չէր լինի Իրանի հետ երրորդ բարձրավոլտ օդային գծի կառուցման նախագիծը»,- պատասխանում է Վահե Դավթյանը:

Հայաստանի համար ատոմային էներգետիկան կարգավիճակ է, որը շատ երկրներ չունեն եւ փորձում են զարգացնել։ «Ադրբեջանն է վերջին երկու տարում օրակարգ բերում միջուկային էներգետիկայի զարգացման հարցը, Թուրքիան, Իրանը, որոնք նույնպես փորձում են դիրքավորվել որպես միջուկային կարեւոր խաղացողներ, Մերձավոր Արեւելքում կան մի շարք նախագծեր, Կենտրոնական Ասիայում Ղրղզստանը, Ղազախստանը զարգացնում են այս ուղղությունը, Ուզբեկստանն է հետաքրքիր որոշում կայացրել՝ ատոմակայանի կառուցման վերաբերյալ, ու այդ մասին հայտարարվեց Մոսկվայի գագաթնաժողովում»,- ասում է Վահե Դավթյանը: Ըստ նրա, աշխարհն այսօր միջուկային ռենեսանսի պայմաններում է գտնվում:

«Բոլորը միակարծիք են, որ խաղաղ ատոմը չունի այլընտրանք՝ որպես կանաչ անվտանգ էներգիայի աղբյուր, եւ Հայաստանը չպետք է անմասն մնա այս գլոբալ գործընթացից: Ինչ վերաբերում է Բաքվի կամ Անկարայի կողմից արվող հայտարարություններին, դրանք քաղաքական հայտարարություններ են, կա Անդրազգային կառույց, որը լիազորված է նման գնահատականներ տալու այս կամ այն միջուկային օբյեկտին՝ ՄԱԳԱՏԷ-ն, որը բացառապես դրական գնահատական է տվել ՀԱԷԿ-ին: Նրա կյանքը մինչեւ 2036 թվականը երկարաձգելու որոշումը նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հավանությանն է արժանացել եւ լուրջ փորձագիտական գնահատականի»: