Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ վերջին օրերին ճնշումները սաստկացել են։ Նրա նկատմամբ իրավական գործընթացներն ավելի ինտենսիվ են դարձել։ Ղուկասյանը գրեթե ամեն շաբաթ դատարաններում է․ օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց 5 մլն․ դրամ գրավ եւ երկրից չբացակայելու ստորագրությամբ խափանման միջոց կիրառել նրա նկատմամբ։
Հրապարակ թերթը գրել է․ Նա մեղադրվում է 1999-2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։
Բացի այդ, իրավապահները նոր քրեական գործ են հարուցել նաև որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ, որտեղ քաղաքապետը ևս ներգրավված է՝ որպես գործով անցնող անձ։ Ինքը՝ Ղուկասյանը հայտարարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ուշագրավ է, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ է անդրադարձել Վարդան Ղուկասյանին՝ նշելով, թե երբ խոսվում է ընդդիմադիր քաղաքապետների գործունեության մասին, ինչու չի խոսվում նաև Գյումրու քաղաքապետի մասին, որը, վարչապետի խոսքերով, քաղաքապետ է ընտրվել միլիոնավոր գումարներ կաշառք բաժանելու միջոցով։
Հետո Փաշինյանը ձեռքի մուրճն է թափահարել՝ ասելով, որ դա անթույլատրելի է։ Պարզ է, որ եթե հիմքեր ունենային վաղուց էին քրեական վարույթ հարուցել, պատժել մեղավորներին, եւ սա առաջին դեպքը չէ երբ երկրի ղեկավարը անմեղության կանխավարկած է խախտում եւ ուղղորդում իրավապահներին:
Ու որքան էլ Գյումրու քաղաքապետը փորձում է խիզախ երևալ, այստեղ-այնտեղ հայտարարել, որ չի զիջելու, ավելին` 2026թ-ի համապետական ընտրություններին է մասնակցելու, այնուամենայնիվ, որոշ մտավախություններ տեսանելի են։ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը դատապարտող Ղուկասյանի հայտարարությունը վկայում է ոչ միայն իրավիճակի լրջության, այլև իր սեփական անձի հետ կապված մտահոգությունների մասին։ Վարդան Ղուկասյանն, անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանությանը, այն որակել է բարբարոսական հանցագործություն, որը վկայում է երկրում տիրող անպատժելիության և ամենաթողության մասին։
Նշել է, որ իրավապահները զբաղված են այլախոհների դեմ ճնշումներով՝ փոխանակ կանխեն նման դեպքերը։ Նա նաև հիշեցրել է իր դեմ կազմակերպված մահափորձը՝ ընդգծելով, որ քաղաքական պատվերով հանցագործությունները շարունակում են նոր զոհեր խլել, իսկ ժողովրդի կողմից ընտրված, նրանց վստահությունն ու սերը վայելող համայնքապետերը վերածվել են կենդանի թիրախների, բարձագույն ղեկավարության կողմից հնչող սպառնալիքներն էլ՝ պետական քաղաքականության։
Մեր տեղեկություններով, Ղուկասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մտահոգում են նաեւ նրա քաղաքական թիմին։ Թիմում քննարկում են հնարավոր զարգացումների, քաղաքի կառավարումն ամեն գնով ձեռքներից բաց չթողնելու քայլերը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ղուկասյանն իրեն ձերբակալելու կամ դեպքերի հնարավոր այլ զարգացումների դեպքում հատուկ հանձնարարական է տվել փոխքաղաքապետ փեսային։ Նշենք, սակայն, որ որքան էլ Ղուկասյանի կողքին է իր թիմը՝ Կոմունիստական կուսակցության ավագանու կազմը, այնուամենայնիվ, որոշ տարաձայնություններ նկատելի են մյուս ընդդիմադիր ավագանու խմբակցությունների հետ, որոնց աջակցությամբ նա ընտրվել է քաղաքապետ։ Միշտ չէ, որ քաղաքապետի և ընդդիմադիր ուժերի ջրերը նույն առվով են հոսում։
Ռուբեն Մխիթարյանի ղեկավարած ավագանու «Իմ հզոր համայնքը» խմբակցությունն արդեն երկրորդ անգամ է բացահայտ հիասթափություն հայտնում քաղաքապետի աշխատանքից, ու երկրորդ անգամ «ներում» նրան։ Նույն կերպ է վարվում նաև Մարտուն Գրիգորյանի՝ «Մեր քաղաքը» դաշինքը։ Ընդդիմադիր խմբակցությունները քաղաքապետարանի դռներից դուրս որքան էլ ասում են, թե շատ բան իրենց սրտով չէ, միևմնույն է՝ փորձում են զիջման գնալ, իրավիճակը շտկել, քանի որ իրենք են ընտրել քաղաքապետին՝ հանուն նրա, որ ՔՊ-ն քաղաքի իշխանությունը չզավթի։
Ընդդիմադիր ուժերի եւ քաղաքապետի վերջին կոնֆլիկտը Գյումրու տոնին վերաբերող քննարկումներն էին։ Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ավագանու կազմը պահանջում էր մեծ շուքով տոնել քաղաքի օրը՝ համայնքի բյուջեից զգալի գումար հատկացնելով։ Մինչդեռ քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում ընդդիմադիրները քննարկել էին Գյումրու օր չտոնելը, գումարը խնայել եւ ծախսել նպատակային, վերանորոգել մանկապարտեզները, քաղաքապետը չէր առարկել։ Նույն օրվա մեջ, սակայն, Ղուկասյանը հակառակ հայտարարությամբ հանդես եկավ, հիասթափեցնելով ընդդիմադիրներին՝ տեղեկացրեց, որ ամենը ասեկոսե է, Գյումրու օրը տոնվելու է մեծ շուքով։
Իրավիճակի լրջությունը հասկանալով, Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, փորձել է շտկել այն․ քաղաքապետը համաձայնության է եկել «Տաշիր Գրուպ» ընկերության հետ, քաղաքի օրը տոնել ընկերության հաշվին, այլ ոչ թե ՝ քաղաքի բյուջեի, ընդդիմադիրներին էլ հասկացրել է, որ դա լավագույն տարբերակն է՝ գյումրեցիներին գոհացնելու, իսկ ՔՊ-ին` լռեցնելու։
Չնայած ՔՊ-ն այդ որոշումից էլ դժգոհ մնաց: Երբ իմացավ, որ քաղաքի տոնը կազմակերպելու է Սամվել Կարապետյանի հիմնադրած «Տաշիր Գրուպը», քաղաքապետին քննադատելու առիթը բաց չթողեցին, նշելով, թե «ավանտյուրա» է անում։
Անդրադառնալով Ղուկասյանի այս 5-6 ամսվա գործունեությանը՝ նշենք, որ տեղական խնդիրների լուծման համար վերջին շրջանում նա փոփոխություններ է փորձում իրականացնել քաղաքապետարանում։ Աշխատակիցներին ասել է, որ «հեղափոխություն» պետք է արվի կադրային ոլորտում, ստեղծվելու են նոր բաժիններ ՝ մասնավորապես գյուղատնտեսության և երիտասարդության հարցերով, որտեղ կաշխատեն նոր կադրեր։
Գյուղատնտեսության բաժնում նախատեսում է ներգրավել Գյուղատնտեսական ակադեմիա ավարտած երիտասարդ մասնագետների։ Աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետը շատ է դժգոհում՝ ասելով, որ պետական աջակցություն չկա, մինչդեռ Գյումրիում անմշակ ու անջրդի հողերը շատ են, դրանք մշակող չկան։
Ղուկասյանը նպատակ ունի վերահսկողություն սահմանել նաև քաղաքաշինության բաժնի վրա և ազատվել նախկին բալասանյանական թիմի որոշ անդամներից։ Այդ նպատակով քաղաքաշինության բաժնում ներգրավում է երիտասարդ կադրերի։
Բաց մի թողեք
Ընտրությունն այսօրվա ու արդիական տնտեսությամբ Հայաստանի միջև է
Սպանության իրական պատճառը երկրի մթնոլորտն է
Յոթուկես տարվա ղեկավար է, փոխնախագահների մակարդակն էլ չունի