Եվրոպական Միության կողմից ներդրվում է նոր Մուտքի/ելքի համակարգ (Entry/Exit System-EES), որը կսկսի գործել 2025թ. հոկտեմբերի 12-ից։
Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը:
Նոր համակարգի նպատակն է ամրապնդել Շենգենյան գոտու արտաքին սահմանների վերահսկողությունը, բարձրացնել անվտանգությունը և պարզեցնել գործընթացները ոչ ԵՄ երկրների քաղաքացիների համար։
Ի՞նչ պետք է իմանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիները․
Ո՞ւմ է վերաբերում
Նոր համակարգը վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք չեն հանդիսանում ԵՄ կամ Շենգենյան գոտու անդամ պետության քաղաքացի, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներին։
Ի՞նչ է փոխվում
Սահմանային անցակետերում ԵՄ և Շենգենյան գոտու պետությունները կգրանցեն յուրաքանչյուր մուտք և ելք՝ փոխարինելով ներկայիս անձնագրում դրոշմակնիքների դնելու գործելակերպը։
Գրանցվող տվյալները
– անձնական տվյալներ (անուն, ազգանուն, քաղաքացիություն և այլն),
– ճամփորդական փաստաթղթի տվյալներ,
– մուտքի և ելքի ամսաթիվ ու վայր,
– կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկարում։
Վավերականության վերահսկում
Համակարգը ավտոմատ կվերահսկի, թե արդյոք թույլատրելի՞ է տվյալ անձի մուտքը, և արդյոք չի՞ գերազանցվել Շենգենյան գոտում կարճաժամկետ մնալու՝ «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր ժամանակահատվածում» կանոնը։
Որտե՞ղ է գործելու
Համակարգը կգործի բոլոր արտաքին սահմանային անցակետերում՝ օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։
Ինչպե՞ս պատրաստվել
Ճանապարհորդները պետք է պատրաստ լինեն կենսաչափական տվյալների (մատնահետք, լուսանկարում) տրամադրմանը և սահմանին ստուգման ավելի երկար տևող ժամանակահատվածին հատկապես առաջին անգամ մուտք գործելիս։
EES-ը ԵՄ լայնածավալ թվային սահմանային կառավարման համակարգ է, որը մշակվել է միգրացիոն գործընթացների թափանցիկության և անվտանգության բարձրացման նպատակով։ Համակարգի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն հասանելի է հետևյալ հղումով՝ https://travel-europe.europa.eu/ees:
Բաց մի թողեք
Արարատ Միրզոյանը՝ TRIPP-ի մասին
Ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները. Փաշինյան
Էջմիածինը միավորեց արվեստը, ճաշակը և ազգային հյուրասիրության գեղեցկությունը. Լուսանկարներ