15/10/2025

Վաշինգտոն – Մոսկվա «գաղտնի պայմանավորվածություններ»

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հարց օրակարգում չկա: Այդ մասին Դուշանբեում ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելին, նա խոստովանել է, որ Ուկրաինայի հարցով «բանակցություններում դադար է»: Ավելի վաղ ՌԴ Փոխարտգործնախարար Ռյաբկովն ասել է, որ ուկրաինական կարգավորման «Ալյասկայի ազդակն սպառված է»:

Այս ֆոնին հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Իրաքի վարչապետ, Արաբական լիգայի երկրների գագաթաժողովի գործող նախագահ Մուհամեդ Սուդանիի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես ՌԻԱ Նովոստին է ձևակերպել, «կողմերը համաձայնել են հոկտեմբերի 15-ին Մոսկվայում նախատեսած՝ Ռուսաստան-Արաբիա առաջին գագաթաժողովը հետաձգել»:

Ուշադրություն է գրավում այն, որ ռուս-արաբական գագաթաժողովի հետաձգման պատճառ է ներկայացվել այն, որ կապված Գազայում հրադադարի հաստատման ամերիկյան ծրագրի իրականացմամբ ստեղծված իրավիճակի հետ՝ «արաբական երկրների շատ առաջնորդների համար դժվար կլինի անձամբ ժամանել Մոսկվա»:

Պաշտոնական տեղեկատվության տոնայնությունից և, մանավանդ, վերջին հիմնավորումից պարզ է դառնում, որ Արաբական լիգայի երկրները փաստորեն ռուս-արաբական գագաթնաժողովի կազմակերպումը, մեղմ ասած, նպատակահարմար չեն տեսնում և այդ մասին նախօրոք տեղեկացրել են Վլադիմիր Պուտինին:

Ըստ էության, դա նշանակում է, որ արաբական երկրների առաջնորդները Մոսկվայում կարող էին մի էական հարց քննարկել՝ Գազայում հրադադարի հաստատումը, Պաղեստինի ապագան: Եվ քանի որ ԱՄՆ նախագահի վճռական միջամտությամբ կարգավորման հուսալի հեռանկար է համաձայնեցվել, ապա նրանք գերադասում են Պուտինի հետ քննարկումներից ձեռնպահ մնալ:

Իրաքի վարչապետ Սուդանին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, երբ հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է այցելել Եգիպտոս և Իսրայել: Նա, հավանաբար, ներկա կգտնվի ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի համաձայնության արդեն պաշտոնական ստորագրման արարողությանը, ապա մի քանի ժամով կայցելի Իսրայել:

Ըստ տեղեկությունների, նախատեսված է, որ նա ելույթ կունենա իսրայելական խորհրդարանում: Փաստացի ԱՄՆ նախագահը Վլադիմիր Պուտինին ենթարկում է արտաքին քաղաքական «շուրջկալի»:

Թրամփը խոստացել է Գազայում հրադադարից հետո ամբողջ ուժերը կենտրոնացնել ուկրաինական կարգավորման վրա: Իսկ դա հնարավոր է մի դեպքում՝ եթե Ռուսաստանի նախագահը վերստին միջազգայնորեն մեկուսացվի:

Այս իմաստով ԱՊՀ գագաթնաժողովը կարող է հետխորհրդային երկրների համար շատ ծանր լինել. Պուտինը ձգտելու է այդ «հավաքից առավելագույնը քամել»:

Ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան ձևաչափը «դադարի մեջ է, քանի որ Կիևը չի արձագանքում»: Այդ մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա գնտվում է Դուշանբերում, որտեղ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարում ԱՊՀ երկրների առաջնորդների հետ:

Նույն օրը ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը խմբագրական է հրապարակել, որտեղ Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից ի վեր առաջին անգամ Միացյալ Նահանգները մեղադրվում է «համաեվրոպական կառավարելի պատերազմի քաղաքականություն վարելու» և «առանց Ռուսաստանի նոր աշխարհակարգ ձևավորելու մտադրության» մեջ:

Ուկրաինայի հարցում Մոսկվայի հաշվարկն, ըստ երևույթին, այն էր, որ ԱՄՆ հանրապետական վարչակազմը կդադարեցնի ռազմական օգնությունը, և Կիևն ստիպված կլինի ընդունել «կարգավորման պայմանները»: Դոնալդ Թրամփը, երևում է, Պուտինի հույսերը չի արդարացնում:

«Կոմերսանտը», հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, հայտնում է, որ հոկտեմբերի 9-ին հաստատել է ԱՄՆ 2026 թվականի ռազմական ծախսերը: Ընդհանուր առմամբ դրանք կկազմեն 925 միլիարդ դոլար, որից 500 միլիոնը որպես օգնություն կտրամադրվի Ուկրաինային:

Փաստաթղթում հատուկ ընդգծված է, որ մինչև 2028 թվականը կշարունակի գործել Ուկրաինային աջակցության ծրագիրը, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությանն արտոնում է հատկացված գումարի սահմաններում գործարքներ կնքել ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ:

Տարեկան 500 միլիոն դոլարի անհատույց աջակցությունն, իհարկե, Ուկրաինայի ռազմական ծախսերի համեմատ չափազանց համեստ գումար է, բայց կոնկրետ այս փուլում կարևորը Վաշինգտոնից Մոսկվային հղված ազդակն է՝ Միացյալ Նահանգները սատարում է Ուկրաինային:

ՌԻԱ-Նովոստիի խմբագրականն ավարտվում է դիտարկմամբ, որ Ռուսաստանը «վաղուց ինքնաբավ երկիր է և կարող է ապրել առանց Միացյալ Նահանգների հետ համագործակցության, բայց արդյոք ամերիկացիները պատրա՞ստ են դրան»:

Խնդիրն այս դեպքում այն է, թե «Ռուսաստան» ասելիս ռազմա-տնտեսա-աշխարհաքաղաքական ի՞նչ սուբյեկտ են նկատի ունենում Մոսկվայում: Եթե խոսքը միջազգային իրավունքի սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության մասին է, ապա հարցն, իրոք, զուտ Մոսկվա-Վաշինգտոն հարաբերությունների տիրույթում է:

Բայց կայուն տպավորություն է, որ նոր «սառը պատերազմի» անոնս արվում է ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի անունից, ինչը սկզբունքորեն փոխում է Մոսկվա-Վաշինգտոն մրցակցության որակը և ընդգրկման արեալը:

Ըստ այդմ, եթե Վաշինգտոնը չվերադառնա Թրամփի պաշտոնավարման առաջին ամիսների դիրքորոշմանը, ապա Ռուսաստանը կարող է «Ուկրաինան կրկնել ամբողջ հետխորհրդային տարածքում»:

Մոսկվան, այսպիսով, կտրուկ բարձրացնում է «ուկրաինական խաղադրույքը»՝ այն հասցնելով իր ներկայիս պահանջների և հնարավոր նվաճումների միջև ամերիկյան ընտրության մակարդակի:

Դա Թրամփի մերձավորարևելյան տրիումֆին «սիմետրիկ արձագանք է», եթե, իհարկե, ամեն ինչ քարոզչական բլեֆ և Վաշինգտոն-Մոսկվա «գաղտնի պայմանավորվածությունների» տեղեկատվական ապահովագրում չէ: