14/10/2025

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ասել է՝ ինչ անել, ուր են դիմելու

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ գործարարի նկատմամբ հարուցված գործը հասցվելու է միջազգային ատյաններ։

Նրա խոսքով՝ նպատակն է, որպեսզի միջազգային կառույցներն ու Հայաստանի կառավարության վրա ազդեցություն ունեցող ուժերը քայլեր ձեռնարկեն և ապահովեն քաղաքական բանտարկյալների ազատումը։

Ամստերդամը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը հետևում է երկու հայ գործարարների՝ Ռուբեն Վարդանյանին և Սամվել Կարապետյանին։ «Պետք է հարց տալ, թե ինչու է Սամվել Կարապետյանը կալանավորված Հայաստանում, այն դեպքում, երբ նա բացարձակապես անմեղ է»,– ասել է փաստաբանը՝ հիշեցնելով, որ գործարարը ձերբակալվել է այն պահին, երբ Հայաստանում մասնակցում էր իր հոր հոգեհանգստի արարողությանը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործողությունները որևէ քաղաքական բնույթ չեն ունեցել։ «Նրա խոսքում չկար ոչ մի ակնարկ իշխանափոխության կամ կառավարության տապալման մասին։ Սակայն վարչապետը և իր շրջապատը վիրավորական հայտարարություններով են հանդես գալիս՝ փորձելով արդարացնել իրենց քայլերը»,– նշել է Ամստերդամը։

Նա շեշտել է, որ տեղի ունեցածը քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողություն է՝ ընդգծելով, որ Հայաստանի վարչապետը «իրեն անապահով զգացող» ղեկավար է, ով բիրտ մեթոդներով պատժում է իր նկատմամբ քննադատություն հնչեցնող անձանց։

Ամստերդամը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի գործով միջազգային կառույցներին են դիմելու՝ մասնավորապես Եվրոպական Միությանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Նրա խոսքով՝ խախտվել են ՄԻԵԿ-ի մի քանի հոդվածներ՝ 9-րդը (դավանանքի ազատություն), 10-րդը (արտահայտման ազատություն) և 18-րդը (քաղաքական հիմքով հետապնդում). «Մենք պահանջելու ենք, որ Հայաստանը դատապարտվի քաղաքական բանտարկյալներ պահելու համար և պարտավորեցվի վերացնել նման պրակտիկան»: