Իշխանության անպատկառությունը հասել է նրան, որ պրոպագանդիստական աշխատանքի պարտականությունը դրել է բյուջետային միջոցներով պահվող ֆեյքերի պետական ֆաբրիկայի, կառավարող որոշակի ընտանիքներին պատկանող ԶԼՄ-ների վրա, իսկ հեռահաղորդակցության հանրային միջոցները վերադարձել են պետական-կուսակցական իրենց վաղեմի կարգավիճակին։
Կասկածից վեր է՝ «ֆեյք աջակիցների» վիրտուալ պայքարում իշխանությունն ակնհայտորեն հաղթում է ընդդիմությանը։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ամեն օր կայծակնային արագությամբ քանի հազար կեղծ էջերից են ասպատակության ենթարկվում հայտնի գործիչների օգտահաշիվներն ու արգելափակվում Ցուկերբերգի գրասենյակի օժանդակությամբ։ Խոսքի ազատության ոտնահարումների շարքից են անցանկալի անձանց հեռախոսների ապօրինի գաղտնալսումները եւ անձնական տվյալներին տիրանալը։ Բազմաթիվ քաղաքացիներ հայտարարություններ են տարածել իրենց անձնական հեռախոսները «կոտրելու», հեռախոսազանգերի տվյալները գողանալու մասին։ Սրանք հասարակության ինքնուրույն մտածող եւ գործող ոչ ՔՊ-ական սեգմենտի բնական իրավունքը խեղդելու, լռեցնելու գործիքներ են, որոնք զանգվածաբար կիրառվում են ավտորիտար եւ տոտալիտար վարչակարգերում։
Անկախ լրատվամիջոցները, հատկապես առցանց հարթակներն ու վերլուծական կայքերը, իշխանական ճամբարի իրենց գործընկերների կողմից հաճախ են ենթարկվում տնտեսական, վարչական, իրավական ճնշումների։ Կամայական կերպով իբրեւ կեղծ լուր եւ վիրավորանք են մեկնաբանվում հեղինակների կարծիքները, եւ դատական վարույթներ են հարուցվում լրագրողների ու խմբագիրների դեմ։ Այս կարգի բոլոր դեպքերը նախկինում հաշվառվում, մոնիտորինգի էին ենթարկվում ու միջազգային որոշակի կառույցներին էին ներկայացվում հայաստանյան NGO-ների (ոչ կառավարական կազմակերպությունների) կողմից։ Սակայն ժողովրդավարության շղարշի տակ իշխանությանը տիրացածները այդ դաշտն ամայացրել են՝ NGO-ները այլասերելով GONGO-ների (կառավարության հետ համագործակցող ոչ կառավարական կազմակերպությունների)։
Մոտեցող ընտրությունների ստվերը
Իշխող վարչախմբի կողմից խոսքի ազատության ընտրողական ճնշումներն օր-օրի սաստկանալու են, քանի որ առջեւում համապետական ընտրություններն են՝ ՔՊ-ի համար կենաց-մահու պայքարի շրջանը։ Արեւմտյան ստնտուների անվերապահ աջակցությունից օգտվող վարչախումբը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու արգելքները խստացնում է, երբ կանխազգում է իշխանությունը կորցնելու իրական սպառնալիք։ 2021-23 թվականներին նա օրեր ու շաբաթներ հանդուրժեց Երեւանի կենտրոնում ստեղծված «վրանաքաղաքն» ու բողոքի բազմաթիվ երթերը, սակայն բռնություն կիրառեց, երբ ալիք տվեց Արցախը հանձնելու հարուցած դժգոհությունը։ Ոստիկանությունն առանձնակի դաժանությամբ ուժ կիրառելով՝ ցրեց հավաքները՝ ներկայացնելով դրանք որպես «կանխարգելիչ միջոցառումներ»։ Խաղաղ հավաքների բազմաթիվ կազմակերպիչներ ու մասնակիցներ բերման ենթարկվեցին, ձերբակալվեցին, կալանավորվեցին, ենթարկվեցին բռնաճնշումների, խոշտանգումների, սպառնալիքների։ Այս երեւույթներն ընդգծում են, որ իրավապահ մարմինները ոչ թե սահմանադրական իրավունքով թելադրված սահմանափակումներ են գործադրել, այլ գործել են օրվա իշխանության քաղաքական պարտադրանքի ներքո՝ հետեւելով նրա արտաիրավական դիրեկտիվ հանձնարարականներին։
Որեւէ երկրում մարդու ազատությունների եւ իրավունքների վիճակն իրավական չափորոշիչների եւ միջազգային դրական փորձի տեսանկյունից գնահատելու առումով ուղեցուցային է ԵԽԽՎ 1900 բանաձեւը (ընդունվել է 2012-ին), որը սահմանում է նաեւ քաղբանտարկյալի կարգավիճակը՝ հիմք ընդունելով տվյալ անձի մտքի, խղճի, կարծիք արտահայտելու, հավաքների եւ Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով սահմանված այլ իրավունքների ու ազատությունների խախտումները, նրան քրեական մեղադրանք ներկայացնելիս, կալանավորելիս, դատարանում նրա գործը քննելիս իրավական ընթացակարգերը չպահպանելը եւ քաղաքական դրդապատճառների առկայությունը։ Այս մասին` հաջորդիվ։
Արա Սահակյան
Բաց մի թողեք
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն
Արամ քահանան ցինիկաբար գործ է տալիս ոչ միայն Վեհափառի, այլև Արագածոտնի թեմի առաջնորդի ու մյուս հոգևորականների դեմ
Ցանկանում են հուժկու գրոհով ինձ վախեցնել․ Հայկ Դեմոյան