16/10/2025

Պուտինը պայթեցնում է իր պիստոններին, հերթում՝ Բաշար ալ-Ասադն է

Իսրայելական Vesty.go.il առցանց լրատվամիջոցը, հղում անելով սիրիական աղբյուրներին, գրում է, որ Սիրիայի անցումային վարչակազմի ղեկավար Ահմադ ալ-Շարաան Մոսկվա է այցելել, որպեսզի «Վլադիմիր Պուտինին խնդրի արտահանձնել Բաշար ալ-Ասադին»:

Սիրիայի իշխանությունները մտադիր են Ասադին դատել «ժողովրդի դեմ գործած ռազմական հանցանքների համար»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին չի հերքել տեղեկությունը, որ Պուտին-ալ-Շարաա բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Սիրիայում Ռուսաստանի երկու ռազմահենակայանների հետագա ճակատագիրն է:

Համադրելով այս երկու տեղեկությունները, կարելի է ենթադրել, որ Սիրիայի անցումային կառավարությունը Վլադիմիր Պուտինին «գործարք է առաջարկում՝ արտահանձնել Ասադին և պահպանել ռազմական ներկայությունը»:

Սիրիայում Ռուսաստանը երկու ռազմահենակայան ունի՝ Տարտուսում և Հմեյմիմում: Դրանք տեղաբաշխված են հիմնականում ալևիաբնակ տարածքներում, որտեղ մի քանի ամիս առաջ ալ-Շարաայի կողմնակիցները զանգվածային սպանություններ են իրականացրել:

Բաշար Ասադը ծագումով ալիև է, սիրիական նոր իշխանություններին նրա արտահանձնումը և դատավարությունը կարող են ներքին հուզումների պատճառ հանդիսանալ:

Մյուս կողմից Սիրիայից Ռուսաստանի հեռացումը կնշանակի Մերձավոր Արևելքում ազդեցության լիակատար կորուստ: Բարդ է կանխատեսել, թե ինչ որոշում կկայացնի Վլադիմիր Պուտինը: Մանավանդ որ Ասադի արտահանձնումը նրա համար վարկանիշային ցավալի կորուստ կլինի:

Նման կարևորության որոշումներ ընդունելիս, իհարկե, բարոյական արգելակները վճռորոշ նշանակություն, որպես կանոն, չեն ունենում: Ավելի էական է, թե Սիրիայի անցումային իշխանությունը կարո՞ղ է երաշխավորել, որ Ասադի արտահանձնումից հետո Ռուսաստանը կպահպանի Տարտուսի և Հմեյմիմի ռազմահենակայանները:

Ահմադ ալ-Շարաան ակնհայտորեն այն դեմքը չէ, որին Պուտինը կարող է վստահել կամ հավատ ընծայել: Դամասկոսի որոշումները կախված են առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշումից:

Շարմ էլ Շեյխի «Խաղաղության գագաթնաժողովում» ԱՄՆ նախագահ Թրամփը գովել է թուրք պաշտոնակցին և ասել, որ նա կարող է դրական դեր խաղալ ուկրաինական կարգավորման գործընթացում, քանի որ «Ռուսաստանում նրան վստահում են»:

Կարելի է ենթադրել, որ մոտ ապագայում կկայանա Պուտին-Էրդողան շփում: Բաշար ալ-Ասադի ճակատագիրը, թերևս, կորոշվի այդ համատեքստում: