Երեկ առավոտյան տեղեկացանք, որ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի եւ թեմում ծառայություն իրականացնող մի խումբ հոգեւորականների տներում, ապա 8 անձի տեղափոխել են Քննչական կոմիտե՝ առանց փաստաբանի եւ չասելով, թե ուր են տանում, ինչ կարգավիճակով։
Հրապարակ թերթը գրել է․ Հետո պարզվեց, որ հոգեւորականներին բերման են ենթարկել վկայի կարգավիճակում։ Երեւանի քննչական կոմիտեի վարչություն էին տարվել Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղեւոնդ քահանաները։ Ավելի ուշ տեղեկացանք, որ առիթը Տեր Արամ քահանայի Հ1-ին տված հարցազրույցն է, որի ժամանակ նա, ի թիվս այլ մեղադրանքների, հայտարարել էր, թե Արագածոտնի հովիվներն իրենց 2021 թվականին պարտադրել են մի ուժի օգտին մասնակցել հանրահավաքի: Տեղնուտեղը Դանիել Իոաննիսյանը` իր Իրազեկ քաղաքացիների միավորումով, հաղորդում էր ներկայացրել դատախազություն, անմիջապես վարույթ էին հարուցել եւ գործի անցել:
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազան Պռոշյանը Վեհափառ հայրապետի քրոջ որդին է, որի նկատմամբ, ըստ լուրերի, քրեական գործ են ուզում հարուցել` հանրահավաքին մասնակցել ստիպելու հոդվածով:
Թեմայի մասին զրուցել ենք փաստաբան, նախկին դատախազ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեքսանդր Սիրունյանի հետ:
– Տեր Արամի` Հ1-ի հարցազրույցի տաղավարում հնչեցրած մտքերի հիման վրա Դանիել Իոաննիսյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, ինչի արդյունքում մի շարք հոգեւորականների են բերման ենթարկել, խուզարկություններ են իրականացրել եւ այլն: Ձեր կարծիքով` այս պրոցեսներն իրավաչա՞փ են:
– Լավ չի, մեղմ ասած` լավ չի, եթե ամենն այնպես է, ինչպես տեղեկանում ենք, բայց ես չեմ զարմանում: Իսկ Իոաննիսյանին հարցաքննե՞լ են, հարց է առաջանում: Կարգը հետեւյալն է․ անկախ այն բանից, թե դու ով ես, քննիչ ես, տերտեր, թե նարկոտիկ ծախող, առաջին հերթին պետք է հարցաքննել հաղորդում տվողին, այս պարագայում` Դանիել Իոաննիսյանին:
Հաղորդումը տվեցիր, հետո՝ դե հլա մի հատ պատմի, թե ինչ գիտես, տղա ջան: Մի բան պիտի ասի, չէ՞: Գուցե Տեր Արամն իրեն առանձին ինչ-որ բաներ էլ է պատմել կամ գուցե Տեր Արամը գրել-կարդալ չգիտի, իրեն է խնդրել այդ գործը ստանձնել: Իոաննիսյանին հարցաքննելուց հետո պետք է կանչեին Արամին, նրան եւս հարցաքննեին, նոր հասնեին մյուսներին: Ես ասում եմ, թե կարգն ինչպես է:
Ի վերջո, տեռորիստ չեն բռնել, որը զիբիլանոցը վառելուց հետո պետք է գնար կանալիզացիա պայթեցնելու, բռնածները հոգեւորականներ են, բայց ես մեր իրավապահների վրա չեմ զարմանում: Ասեմ ձեզ, որ էս կարգի հարցերում քաղաքականություն ման գալ պետք չէ: Սա ուղղակի իրավապահ մարմինների էշության արդյունքն է, ինչը վարկաբեկում է իշխանությանը:
– Այսինքն` Դուք մտածում եք, որ սա քաղաքական պատվեր չէ:
– Այ ցավդ տանեմ, եթե մենք լուրջ փաստեր ենք ներկայացնում, ոչ մի ընթացք չեն տալիս, ի՞նչ քաղաքական պատվերի մասին կարա խոսք լինի: Հաստատ, ոչ մի տերտեր էնպես չի, որ մեզ հետաքրքրում է` չէ: Բայց մեզ հետաքրքրում է «վերխուշկեն», մեզ Ապարանի տերտերն ընդհանրապես չի հետաքրքրում, ու արդեն հինգ տարի է՝ ասում ենք, որ Վեհարանի ժողովրդի մասին լուրջ փաստեր ունենք` կոնտրաբանդա, հոսանք ծախել եւ այլն: Կաթողիկոսը 5 մեգավատանոց արեւային կայան է տեղադրել, ինչն ամբողջ Արմավիրի մարզին կարա հոսանքով ապահովի: Էս ամեն ինչը թողած՝ ընկել են մի քանի տերտերի հետեւից։ Սա իրավապահների էշության արդյունքն է:
– Կաթողիկոսի մասին Ձեր տեղեկությունները որտեղի՞ց են, վստա՞հ եք, որ ճիշտ են:
– Բա ի՞նչ են, որ ճիշտ չեն: Հինգ մեգավատանոց արեւային կայան է դրել, ո՞ւմ համար: Սեփական մեկ տունը հոսանքով սնուցելու համար հարկավոր է 5 կիլովատանոց «դվիժոկ»: Ես երեք հարկանի սեփական տուն ունեմ, հինգ կիլովատը լրիվ հերիք է: Լավ, թող 10-ը լինի, որպեսզի ամեն ինչ կարողանամ օգտագործել, էդ մարդը` կաթողիկոսը, 5 մեգավատանոց կայանն ի՞նչ է անում: Իմ տան պես 10 տուն կարող է դրանով հուսանք ստանալ: Որ ասի՝ Ոսկեհատ գյուղն է լուսավորում, չեմ հավատա, անգամ այստեղ չկա էդքան տուն: Նույնիսկ Էջմիածին քաղաքում էդքան տուն չկա երեւի, ի՞նչ է անում: Ըստ օդում կախված լուրերի` բիդքոյն են արտադրում:
– Դանիել Իոաննիսյանն ինչո՞ւ է շահագրգռված, որ հոգեւորականներին դատեն, բանտարկեն եւ այլն:
– Ռուս «բաբուլյաներ» կան հերթապահ, որ տեսնում են՝ բակերում ինչ կա, որ բամբասեն, Դանիել Իոաննիսյանը նրանց է նման: Մի հաղորդում կար` կատակերգական «Yere 1»: Ինձ այդ հաղորդման Լորիսին է նաեւ հիշեցնում:
Բաց մի թողեք
Անպատկառություն
«Չինգաչունգ» են անում ծառայողական մեքենաների համար
Էդմոն Մարուքյանը դատի է տվել ՀՀ կառավարությանը