2018թ․ հուլիսին սկսվեց եւ 2019 թ․ հունվարին ավարտին հասցվեց Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին (ՈՒՈՒԵ) Համայն Ռուսիո ուղղափառ եկեղեցուց անկախ ճանաչելու գործընթացը։ Առաջին քայլը այդ հարցով Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքին դիմելն էր։
3 ամիս անց՝ հոկտեմբերի 11-ին, Կ․Պոլսի Սինոդը որոշեց չեղարկել Կիեւի Մետրոպոլիան հսկելու մասին 1686 թ. Մոսկվային տրված իրավունքը եւ ճանաչեց ՈւՈՒԵ-ի ինքնավար (ավտոկեֆալ) իրավունքը։ Դեկտեմբերի 15-ին Կիեւում գումարված Միացյալ Եկեղեցական ժողովը՝ չճանաչված ՈՒՈՒԵ Կիեւի պատրիարքության եպիսկոպոս Եպիփանին ընտրեց Կիեւի եւ Համայն Ուկրաինայի Մետրոպոլիտ։
2019թ․ հունվարի 6-ին Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Եպիփան Մետրոպոլիտին հանդիսավորությամբ հանձնեց նախօրեին իր կողմից ստորագրված Տոմոսը, որով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին ճանաչվեց ավտոկեֆալ (Православна Церква Украини, ПЦУ)։
1991 թվին քաղաքական անկախություն նվաճելուց 28 տարի անց Ուկրաինան նվաճեց նաեւ եկեղեցական անկախություն։ Այսպիսին էր Կիեւի ընկալումը, իսկ Մոսկվան դա գնահատեց իբրեւ «ռուսական աշխարհի» փլուզում, եւ նրա արձագանքը չէր կարող լոկ խորհրդանշական լինել։
Երկփեղկված Եկեղեցի
Ավտոկեֆալության ճանաչումից հետո Ուկրաինայի եկեղեցին բաժանվեց երկու ճյուղի՝ Մոսկվայի պատրիարքության ՈւՈՒԵ եւ ավտոկեֆալ ՈւՈՒԵ։ Առաջինը ամուր արմատներ ունի գյուղերում եւ ավանդական միջավայրում, որտեղ եկեղեցին ոչ թե «ինստիտուտ» է, այլ կյանքի շղթա։ Երկրորդը կենտրոնացած է Լվովի, Տեռնոպոլի, Կիեւի երիտասարդության ու մտավորական շրջանակներում, որտեղ ազգային ինքնությունն ընկալվում է որպես քաղաքական ընտրություն եւ եվրոպական ուղղություն։ Ուկրաինան հայտնվեց ավանդապահության եւ քաղաքական ինքնաարարման բախման կիզակետում։
Օրենքի լեզուն
2022թ․ փետրվարից շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմը ծնեց նաեւ նոր սահմանումներ տալու անհրաժեշտություն՝ ի՞նչ է անվտանգությունը եւ ի՞նչ՝ սպառնալիքը։ Պատերազմի հենց սկզբից Ուկրաինայի իշխանությունները Մոսկվայի պատրիարքության ՈւՈՒԵ-ին դիտարկեցին որպես Ռուսաստանի ազդեցության գործակալ։ Ընդունվեցին սահմանափակումներ, որոնք շոշափեցին եկեղեցու գույքային եւ վանական իրավունքները։ Կիեւ-Պեչյորյան մայրավանքը դարձավ հակամարտության կենտրոն։ Ի պաշտպանություն Մայրավանքի վանականների վտարման հավատացյալները բողոքի ցույցերի ու երթերի դուրս եկան խաչերով, մոմերով, սաղմոսներ երգելով։ Նրանք որեւէ այլ լոզունգ չունեին, բացի մեկից՝ «Սա մեր սրբությունն է»։ Եվ պարզ դարձավ, որ Զելենսկու կառավարությունը հանդիպել է ոչ թե քաղաքական ընդդիմության, այլ հիշողության դիմադրության։
Առաջնագծում կրկին Արեւմուտքն է
Ուկրաինայի առաջնորդները ՈւՈՒԵ-ի ինքնուրույնացումը ներկայացրին որպես ազգային անվտանգության հենասյուն։ Պաշտոնական Կիեւի մեկնաբանությունը պարզ էր․ Ուկրաինան ազատվում է Ռուսաստանի հոգեւոր ազդեցությունից։ Սակայն իրականում շատ ավելի խոր գործընթացներ էին սկսվել։ ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հարթակներում Ուկրաինայի առաջնորդները ՈՒՈՒԵ ինքնուրույնացումը ներկայացրեցին որպես ազգային անվտանգության հենասյուն եւ կապեցին եւրոպական ընտրության հետ։ Կրոնական հարցերում իբր չեզոք ԱՄՆ-ից եւ Եվրոպայից Ուկրաինա ներխուժեցին նորաոճ կրոնական նախաձեռնություններ («Նոր կյանք», «Սեր», «Կենդանի խոսք» եւ այլ) ու սկսեցին ակտիվ քարոզել «քրիստոնեություն առանց ավանդության»։ Նման համայնքներն աշխատում էին ոչ թե հավատացյալների հետ, այլ ինքնության ընկալման ուղղությամբ։ Նրանք «Որտե՞ղ ես աղոթում» հարցը փոխարինեցին «Ովքե՞ր ենք մենք» հարցով։
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայի համար Ուկրաինայի եկեղեցական ինքնուրույնացումը դարձավ ոչ թե «ադմինիստրատիվ կորուստ», այլ հոգեւոր ողբերգություն։ Պատրիարք Կիրիլը հայտարարեց․ «Կիեւ-Պեչյորյան Մայրավանքը մեր հավատի ծննդավայրն է։ Նրա կորուստը՝ ամբողջ Ռուսական ուղղափառության սրտի կորուստն է»։ Սա սոսկ խոսք չէր, այլ հիշողության ցավի հուշարձան։ Կիեւում, սակայն, դրանք ընկալվեցին որպես ուկրաինական ինքնությունը ջնջելու պահանջ։ Եվ երկխոսությունը դարձավ անհնար։ Նույն Աստծուն ուղղված աղոթքը բաժանվեց երկու ձայնի՝ երկու ցավով։
Վերջաբան
Ուկրաինական ողբերգությունը հիշեցնում է, որ ազգը վերանում է ոչ միայն տարածք կորցնելով, այլեւ երբ կորցնում է իր հոգեւոր հիշողության կրողին։ Եթե հայկական ինքնությունը չպահպանի իր պատմությունը, լեզուն, սրբավայրերը, ծեսը ու մշակութային հիշողությունը, ապա այն կդառնա է ուրիշի ձայնի արձագանքը։ Հիշողությունը հնարավոր է պաշտպանել սիրով, ապրումակցումով, ամուր հավատով, հաստատակամությամբ, պատասխանատվությամբ։
Արա Սահակյան






Բաց մի թողեք
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան
Գեղարքունիքի մարզպետը Հովհաննավանքի պատարագի ու փոքրիկ Տիգրանի կորելու մասին