Հոկտեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, վերստին մեկնարկեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին վերագրվող, այսպես կոչված, «Դիզելի գործի» քննությունը՝ վառելիքի մատակարարումների ժամանակ ենթադրյալ չարաշահումների դեպքով:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության բողոքը` բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Սերժ Սարգսյանը եւ գործով անցնող մյուս մեղադրյալներն արդարացվել են, եւ գործն ուղարկել է նոր քննության:
Հիշեցնենք նաեւ, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի Երեւանի քրեական դատարանում այս գործը քննած ու Սերժ Սարգսյանին արդարացրած դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները հետագայում դադարեցվեցին: Պաշտոնական պատրվակն այն էր, թե Վազգեն Մանուկյանի գործի քննությունն է ձգձգել, բայց ոլորտում վստահ են, որ իրական պատճառը Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռն է, որը Նիկոլ Փաշինյանի սրտով չի եղել:
Այժմ ուշագրավ զարգացումներ կան այս գործով: Մեկ անգամ քննված, դատավճռի կայացմանը չձգող այս մեղադրանքը իշխանությունը որոշել է «հորով-մորով» անել, եւ դրա համար բեկանումից հետո այս գործով Հակակոռուպցիոն դատարանում Գլխավոր դատախազության շահերը ներկայացնում են հանրային մեղադրողներ Կորյուն Սերոբյանն ու Արմեն Մուրադյանը:
Կորյուն Սերոբյանը Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետն է այս տարվա մայիսից, իսկ Արմեն Մուրադյանը Կենտրոնի դատախազն է։ Այսպիսի ծանրակշիռ հրետանի է Աննա Վարդապետյանն ուղարկել դատարան: Ի դեպ, այս քրեական գործով առաջին ատյանի դատարանում մի քանի դատախազ է փոխվել, հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այժմ Հակակոռուպցիոն դատարանում մեղադրանքը պաշտպանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետը, որի վարչության վարույթում անթիվ-անհամար գործեր կան, եւ թվում է` նա չպետք է ժամանակ ունենար նաեւ դատարանում մեղադրանք պաշտպանելու:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ի պատասխան ասաց, որ նրանք ի սկզբանե ներգրավված են եղել, բայց դատարան են եկել այլ դատախազներ, որոնք դուրս են եկել համակարգից, այժմ մնացել են Սերոբյանն ու Մուրադյանը, որոնք էլ պետք է դատարանում ներկայացնեն մեղադրանքը։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվում էր 2013 թ․ պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով 489 մլն 160 հազար դրամի հափշտակության կատարումը կազմակերպելու մեջ։ Գործը վերաբերում է վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությամբ այս գործը միացվեց ենթադրյալ կոռուպցիոն մյուս վարույթներին, որոնք քննվում են Հակակոռուպցիոն դատարանում՝ Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ:






Բաց մի թողեք
Նա մահացել է, հարություն առել, ես ով եմ, որ մեկնաբանեմ նրան․ Արամյան
Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները
«Մանկավարժականի գործով» ուշադրության կենտրոնում է ռեկտորի ընկերուհի ԿԳՄՍ նախարարը