2024 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 98 և ֆիզիկական բռնության 101 դեպք։ Վերջին տարիներին անչափահասների նկատմամբ ֆիզիկական ու սեռական բռնության գործերով աճ է նկատվել հատկապես որոշ հոդվածների մասով։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է անչափահասների նկատմամբ կիրառվող ֆիզիկական ու սեռական բռնության ցուցանիշների միտումները՝ 2021-2025թթ․ ընթացքում։
Այսպես, 2023 թվականին գրանցվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 90 և ֆիզիկական բռնության 96 դեպք։ Նախորդող տարիներին այս ցուցանիշներն ավելի ցածր են եղել․ 2022 թվականին՝ սեռական բռնության 51 դեպք, ֆիզիկական բռնության 49 դեպք։
Այս տարվա հունվար-հուլիսի տվյալներով արդեն իսկ սեռական բռնության 49 դեպք է գրանցվել, ֆիզիկական բռնության՝ 72 դեպք։
Ֆիզիկական ու սեռական բռնության հոդվածներով արձանագրված դեպքերի ամբողջական վիճակագրական պատկերը ներկայացված է կից աղյուսակում։ 2022 թվականի հուլիսի 1-ից վիճակագրությունը վարվել է՝ հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունները։ Մինչ այդ հիմք է ընդունվել 2003 թվականին ընդունված օրենսգիրքը։
| Գրանցված դեպքերը | 2025 (7 ամիս) | 2024 | 2023 | 2022 | 2021 |
| Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելը, փոփոխելը և դադարեցնելը (Հոդված 117) | 0 | 0 | 1 | — | — |
| Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը (Հոդված 106*) | — | — | — | — | 1 |
| Սպանություն (Հոդված 155,104*) | 20 | 13 | 18 | 4 | 3 |
| Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից երեխայի սպանություն (Հոդված 157) | 2 | 1 | 1 | — | — |
| Առողջությանը ծանր վնաս պատճառելը (Հոդված 166, 112*) | 7 | 11 | 7 | 5 | 4 |
| Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (Հոդված 167,113*) | 22 | 23 | 15 | 7 | 2 |
| Առողջությանը թեթև վնաս պատճառելը (Հոդված 171,117*) | 20 | 46 | 38 | 11 | 11 |
| Ծեծը (Հոդված118*) | — | — | — | 21 | 39 |
| Անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը(Հոդված172) | 1 | 7 | 10 | 1 | — |
| Բռնաբարությունը (Հոդված138*) | 3 | ||||
| Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները ( Հոդված 198, 139*) | 22 | 39 | 38 | 27 | 12 |
| Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը (Հոդված 199) | 1 | 8 | 5 | 1 | — |
| Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ (Հոդված 200,141*) | 15 | 31 | 28 | 17 | 24 |
| Անառակաբարո արարք կատարելը (Հոդված 201,142*) | 11 | 20 | 19 | 6 | 16 |
*Այս նշումով հոդվածները վերաբերում են 2003 թվականի Քրեական օրենսգրքին։
FIP.am-ը ուսումնասիրել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի տվյալները՝ անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների մասով։
Ըստ այդմ՝ 2025 թվականի առաջին կիսամյակում քննվել և դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքով 3, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 6 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 20 քրեական վարույթ։
Նույն ժամանակահատվածում կարճվել է ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 8, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 14, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 57 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 25 քրեական վարույթ։
2024 թվականին դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 8, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 1, ֆիզիկական ներգործության դեպքերով 27 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 30 քրեական վարույթ։
Նույն ժամանակահատվածում կարճվել է՝ ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 10, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 26, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 105 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 17 քրեական վարույթ։
2023 թվականին դատարան է ուղարկվել ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 5, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 2, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 10 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ։ Նույն ժամանակահատվածում կարճվել է՝ ծանր մարմնական վնաս հասցնելու վերաբերյալ 7, միջին ծանրության վնաս հասցնելու վերաբերյալ 15, ֆիզիկական ներգործության վերաբերյալ 50 և սեռական ոտնձգությունների վերաբերյալ 4 քրեական վարույթ։
Այսպիսով, պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերի աճի միտում կա։ Այդ միտումը արտացոլված է ինչպես հարուցված, այնպես էլ դատարան ուղարկված ու կարճված քրեական վարույթների վիճակագրությունում։
Գայանե Մարկոսյան








Բաց մի թողեք
Ռուսաստանում գնդակահարվում են, բայց չեն ցանկանում պատերազմել Ուկրաինայի դեմ
Զինծառայողին ինքնասպանության են հասցրել․ Սուրեն Պապիկյանի արձագանքը․ Մանրամասներ
Սեուտա՝ դարպաս դեպի Եվրոպա․ երիտասարդ միգրանտները ծովով են անցնում՝ Եվրոպա հասնելու համար․ Լուսանկարներ, Տեսանյութ