30/10/2025

Ինչո՞ւ են ստիպում պատվաստվել քովիդի դեմ

Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ իրենց այս օրերին պարտադրում են քովիդի դեմ պատվաստվել:

«Հրապարակ» թերթը գրում է․ Պատճառաբանում են, թե համավարակը կրկին տարածում է գտել եւ վտանգ է ներկայացնում:

Սակայն որոշ աշխատակիցներ ըմբոստացել են եւ հրաժարվել պատվաստվելուց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսը, ըստ առողջապահության նախարարության հայտարարության, համարվում է սուր շնչառական հիվանդությունների մեջ ներառված հիվանդություն, ուստիեւ պատվաստումը չի կարող պարտադիր լինել:

Առողջապահության նախարարությունից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչո՞ւ են որոշ նախարարություններում աշխատակիցներին պարտադրում պատվաստվել, եւ որքա՞ն է այժմ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը: Նախարարությունից մեզ ասացին. «Քովիդը, որպես այդպիսին, վաղուց ճանաչված է սուր շնչառական վարակների մեջ մտնող հիվանդություն: Որեւէ ակտիվություն չունենք:

Ունենք սեզոնին բնորոշ սուր շնչառական հիվանդությունների որոշ ակտիվություն, ինչը լրիվ նորմալ է, կտրուկ բարձրացում չունենք եւ անընդհատ այս մասով իրազեկում ենք ու հորդորում պատվաստվել գրիպի դեմ: Քովիդի հետ կապված՝ որեւէ գերատեսչության չենք պարտադրել պատվաստվել, որովհետեւ նախ` պատվաստումը կամավոր է, եւ երկրորդ` ցուցված է միայն ռիսկի խմբերին: Եթե որեւէ մեկին պարտադրել են, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»: