31/10/2025

«Նժար»-ի թիմն իմ թեկնածությունն է առաջադրել, այն տրամաբանությամբ, որ ես անկուսակցական եմ

«Հրապարակի» զրուցակիցը «Նժար» շարժման հիմնադիր, շարժման վարչապետի թեկնածու, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է: 

– Թեպետ պաշտոնական քարոզարշավի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքական ուժերը սկսել են նախընտրական` ոչ պաշտոնական քարոզչությունը, վերադասավորումներ են ընթանում, ինչ-որ ուժեր են իրար միանում,  խոստումներ են հնչում եւ այլն: Այժմ ինչո՞վ է զբաղվում Ձեր «Նժար»-ը:

– Դեռ շատ շուտ է խոսել հստակեցումների եւ վերջնական վերադասավորումների մասին: Ենթադրում եմ, որ լինելու են անսպասելի հայտարարություններ, ինչպես, օրինակ, շատ անսպասելի լսեցինք Թաթոյան-Շանթ Հարությունյան միավորման մասին: Նման տարբեր ընթացքների մենք դեռ ականատես ենք լինելու: Մենք շարունակում ենք հիմա ինտենսիվ հանդիպումներ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ՝ նախաձեռնությունների հետ: Անուններ այժմ կխուսափեմ տալ, քանի որ այս պրոցեսը սիրում է լռություն, հանգստություն: Երբ լինեն վերջնական համաձայնություններ, անպայման հանրությունն այդ մասին կտեղեկանա:

– Այսինքն` հնարավոր է, որ դուք էլ մի այնպիսի ուժի հետ միավորվեք, որ զարմանա՞նք:

– Այո, շատ հնարավոր է: Թեպետ մենք նախնական համաձայնություններ տարբեր թիմերի հետ արդեն ունենք, սակայն դրանք դեռեւս վերջնական ձեւակերպված չեն: Որեւէ կողմ դեռեւս չի շտապում: Ամեն մեկս ունենք տարբեր մոտեցումներ: Յոթ ամիսը եւ քիչ է թվում, միեւնույն ժամանակ՝ ահագին երկար ժամանակ է: Մենք այս առումով չենք շտապում:

– Տեղեկություններ կան, որ իշխանություններն ամեն գնով խոչընդոտելու են նոր գրանցվող կուսակցություններին: Այս առումով ի՞նչ կասեք: Չե՞ք հիմնելու կուսակցություն:

– Մենք սկզբունքորեն կուսակցություն չենք գրանցելու, որովհետեւ մեզ համար սկզբունքային հարց է՝ լինել ոչ կուսակցական ֆորմատի մեջ, հետագայում տարբեր կուսակցությունների հետ համագործակցության նպատակ ունենալով: Զարմացած չեմ, որ իշխանությունը խոչընդոտում է կուսակցություն ստեղծելու աշխատանքին, դա հատուկ է իրենց ոճին: Մի մասին չեն թողնի գրանցվել, իսկ մյուս մասին ուղղակի կարգելեն մասնակցել ընտրություններին: Ինչպես տեսնում ենք` մի մասին էլ կալանավորում են, դատապարտում են: Այս իշխանության բոլոր գործիքներին արդեն ծանոթ ենք, գիտենք: Բոլոր հնարավոր տարբերակներով աշխատելու են քաղաքական ուժերի դեմ:

– Մեր նախորդ զրույցում նշել էիք, որ երբեւէ չեք համակրել Ռուսաստանին, սակայն Ձեր խոսքից այժմ տպավորություն եմ ստանում, որ աշխարհաքաղաքական ուղղվածությունը Ձեզ համար հիմա այնքան էլ էական չէ, եւ պատրաստ եք միանալ բոլոր այն ուժերի հետ, որոնք քիչ թե շատ պոտենցիալ ունեն… հնարավո՞ր է միավորվեք մի ուժի հետ, որը կլինի ռուսամետ:

– Այս պահին Հայաստանն այն աստիճան ծայրահեղ ծանր իրավիճակում է գտնվում, որ մենք՝ բոլորս, մեր հայացքները մի պահ պետք է կողքի դնենք, կողքի պետք է դնենք նաեւ կուսակցական եւ աշխարհաքաղաքական նախասիրությունները: Պետք է փնտրել տարբերակ՝ Հայաստանն այս վիճակից հանելու, լավագույնս հանելու համար: Ես իմ տեսակով լիբերալ եմ, արեւմտամետ, սակայն այս պահին գտնում եմ, որ մեզ բաժանող բոլոր տեսակի տարաձայնությունները պետք է մի կողմ դնենք եւ փորձենք գտնել Հայաստանի համար լավագույն լուծումները: Եթե մենք նորից պայքարենք իրար դեմ, ոչ մի արդյունքի չենք հասնի: Ոչ մի պրոդուկտ չենք ստեղծի:

– «Նժար»-ի վարչապետի թեկնածուն Դուք եք: Ինչպե՞ս որոշվեց դա:

– Այո, թիմն իմ թեկնածությունն է առաջադրել, այն տրամաբանությամբ, որ ես անկուսակցական եմ, եւ իմ անցած ճանապարհը թույլ չի տա թիրախավորել ինձ եւ մեծ տարաձայնությունների մեջ մտնել: Կուսակցությունները երբ միանում են, անպայման վեճ է սկսվում, թե ով պետք է լինի առաջնորդը, որ կուսակցությունից: Իրար հարցնում են` ինչո՞ւ հենց ձեր կուսակցությունից, եթե ոչ մեր, եւ այստեղից վեճ է ծագում, ու սկսում են իրար չվստահել: Իմ թեկնածությունը հատուկ են առաջարկել, որ այս թեման փակվի: Ասեմ, որ պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներ չունեմ, վարչապետ դառնալը չի եղել իմ մանկության երազանքը, ես շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեմ:

– Գարեգին Միսկարյանն ինչո՞ւ լքեց շարժումը: Նա հայտարարել էր, որ որոշումն առողջական խնդիրներով է պայմանավորված, բայց մարդիկ գրում էին, որ չեն հավատում՝ առողջական խնդիրներով չեն դադարեցնում քաղաքական պայքարը:

– Պարոն Միսկարյանը հստակ ասել է, եւ նա իսկապես ունի առողջական խնդիր, եւ լավագույն լուծումն այս տարբերակում որոշ ժամանակով հանգստի գնալն է:

– Մինչեւ «Նժար»-ի ստեղծումը չունե՞ր առողջական խնդիրներ:

– Չեք պատկերացնի՝ «Նժար»-ը ստեղծելուց հետո ինչ ռեժիմով ու տեմպով ենք աշխատել: Կարող էր մարդն իսկապես չդիմանալ այդ ռեժիմին, հատկապես որ ունի այլ զբաղմունքներ եւ հետաքրքրություններ: Հետազոտական աշխատանքներով է զբաղվում, ակումբային աշխատանքով եւ այլն:

2020 թվականի պատերազմից հետո զարմանալու բան չկա, որ մարդիկ չեն դիմանում: Ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, որ պահից Գարեգին Միսկարյանի առողջական վիճակը կարգավորվի, այդ պահից նա նորից միանալու է մեր թիմին: Չենք կարող նրա հետ ունենալ գաղափարական տարաձայնություն: Արժեհամակարգերի առումով Հայաստանում ինձ ամենամոտը Միսկարյանն է: