31/10/2025

Սրբուհի Գալյանը համաձայն է արդարադատության համակարգը ծաղրողների հետ

Հայտնի բլոգերներ Եվա Ղարիբյանը եւ Հայկ Մկրտչյանը (մասնակցությամբ վերջինիս հոր եւ մոր) ինստագրամում համատեղ վիդեոհոլովակ են հրապարակել, որտեղ ներկայացնում են դատավորի կամ դատավորի թեկնածուի բարեվարքության թեման, եւ դա անում են դատավորներին վիրավորելով, նրանց որպես մեծահարուստներ ներկայացնելով։

Հրապարակ թերթը գրել է․ Ահա, մի քանի դրվագ․ Հոլովակի սկզբում Ղարիբյանն ասում է, թե արդարադատության նախարարությունն առաջարկում է դատավորների աշխատավարձերը բարձրացնել մինչեւ 1 միլիոն 248 հազար դրամ, Մկրտչյանի հայրն էլ դա լսելով տղային ասում է՝ թե բա բլոգեր, բա որ ասում էի՝ գնա դատավոր դառի, տես` ինչ թվեր են ստանում։ Եվա Ղարիբյանն էլ արձագանքում է՝ խի՞ մենակ թվեր, բա դու իրենց ունեցվածքն ու ստացած նվերները տեսնես․․․ ։ Եվ տպավորություն է  ստեղծվում, որ դատավորները ոչ միայն բարձր աշխատավարձ, այլ նաև նվերներ են ստանում, կաշառակերներ են, մինչդեռ հոլովակի մեջտեղում է խոսվում դատավորների բարեվարքության, նրանց ունեցած-չունեցածը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ստուգվելու մասին։

Շարունակելով զրույցը հոլովակի տարեց մասնակիցը դիմելով աղջիկ բլոգերին հարցնում է՝ թե որտեղի՞ց է ինֆորմացիան ստանում, պատասխանում է՝ հասարակական կազմակերպություններից, տղան էլ ավելացնում է՝ հետեւում  են, որ «ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստա»։ Վերջին տողը, հիշենք, Նիկոլ Փաշինյանի արտահայտությունն է՝ երբ գրգռված խոսում էր նախկինների, նրանց թալանի մասին, եւ ի նկատի ունենալով նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ասաց. ոչ մի մուկ  եւ ոչ մի ձուկ չի պլստալու:

Ռիլլի մի  հատվածում, երբ խոսվում է դատավորի կամ դատավորների թեկնածուների կողմից թափանցիկություն ապահովելու մասին, Հայկ Մկրտչյանն ասում է․ «Պետք է պարզ ցույց տաս քո բոլոր կապերը, անգամ քրեական, որ լավ ախպոր ախպերների գործերն ուլադիտ չանես․․․»։
Այս գովազդի գռեհիկ բառապաշարի, ընդգծված քաղաքական երանգի, դատավորներին «նվերներ» ստացող ու մեծ ունեցվածքի տեր ներկայացնող բլոգերներով, ըստ էության, իրավապահ համակարգը կարծում ենք` դեռ կզբաղվի, սա դեռ մի կողմ թողնենք, մեզ հետաքրքրեց՝ դատավորների աշխատավարձերի բարձրացման մասին ռիլ պատրաստելու պատվեր տվե՞լ է արդարադատության նախարարությունը կամ Բարձրագույն դատական խորհուրդը։ Ի դեպ, այս հոլովակով իր էջի սթորի բաժնում կիսվել է նաեւ նախարար Սրբուհի Գալյանը՝ ըստ էության, հավանության արժանացնելով վատ սցենարով եւ դատական համակարգը նսեմացնող բառապաշարով հոլովակը։

Արդարադատության նախարարությունից մեզ ասացին՝ իրենք չեն հոլովակի «պատվիրատուն»՝ քաղհասարակությունն է։ Բարձրագույն  դատական խորհրդի Լրատվության բաժնի պետ Ծովինար Խաչատրյանն էլ մեզ փոխանցեց․  «Մեզ հետ տեսահոլովակը համաձայնեցված չէ, մենք հեղինակը չենք, ի դեպ դրա գոյության մասին տեղեկացել եմ լրագրողից, հետո պարզել, որ այն ՀԿ–ներից մեկի պատվերով է արվել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կարծիքի ենք տեսահոլովակի մասին, ապա կարծիքը ոչ միանշանակ է, ինչի վերաբերյալ տեղեկացվել է նաև հոլովակի պատվիրատուն»։

Տեղեկացանք, որ տեսահոլովակի պատվիրատուն սորոսական հիմնադրամներից մեկն է` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, ի դեմս տնօրեն Նաիրա Սուլթանյանի։