Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցում է Խաղաղության 8-րդ ֆորումին: Այստեղ էլ նա առիթը բաց չի թողել եւ կրկին շնորհակալություն է հայտնել իր «կիրթ հարեւան» Ալիեւին՝ իբրեւ թե Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող բեռների հետ կապված բոլոր արգելքները հանելու համար:
Փաշինյանը եւս մեկ անգամ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայից Ադրբեջան գնացող բեռնատարներին ճանապարհներ տրամադրել: Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Հրապարակի» հետ զրույցում նկատեց՝ իրեն զարմացնում է հացահատիկի թեմայով այդ արձագանքների վերաբերյալ տարակուսանքը, որովհետեւ կառավարող ուժի ներկայացուցիչները Հայաստանում շատ վաղուց բարձրաձայնել են, որ ոչ միայն Ադրբեջանի տարածքով, այլեւ հենց Ադրբեջանից կարող են գազ կամ այլ էներգակիրներ կրել:
«Այս մասին հայտարարությունները հնչել են շատ վաղուց, եւ որեւէ կերպ զարմանալի չէ, որ կարող են հնչել այսպիսի մոտեցումներ՝ Ադրբեջանի տարածքով ապրանք ստանալու համար: Սակայն այստեղ խնդիրը հետեւյալն է․ ի վերջո, երբ համաշխարհային տրամաբանությունը բերում է դրան, որ հաղորդակցությունների բացումը, ապաշրջափակումը միջազգային թրենդ է եւ պահանջված է գործնականում բոլոր կամ առնվազն խոշոր խաղացողների շրջանում, այս տրամաբանությանը, այս թրենդին դեմ գնալն արդյունավետ չէ: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ պայմաններով ենք մենք գնում ապաշրջափակման եւ ապաշրջափակմա՞ն ենք գնում արդյոք, թե ընդամենը Հայաստանին միացված հետեւյալ ծիրի կաթիլային տրամաբանությամբ ինչ-որ պրոցեսի, երբ հաղորդուղիների ապաշրջափակում ասվածը տեղի է ունենում այն տեմպով եւ այն տրամաբանությամբ, որը պետք է ոչ թե Հայաստանին, այլ պետք է Հայաստանի հանդեպ ինչ-որ նկրտումներ ունեցող ուժերին: Այս պարագայում հարց է առաջանում․ իսկ ինչո՞ւ օրակարգում չկան բոլոր հաղորդուղիների ապաշրջափակումը եւ այս հարցի լայն քննարկումը: Ինչո՞ւ հանպատրաստից խոսակցություն գնաց այդ ղազախական ցորենի վերաբերյալ, արդյո՞ք սա դարձյալ միտված չէ այդ քարոզչական տրամաբանությունը սպասարկելուն, որով Հայաստանի իշխանությանը քարտ բլանշ է տրվում՝ առաջիկա ընտրական պրոցեսում էլեկտորատին, այսպես ասենք, պրակտիկ խաղաղություն ներկայացնելու համար: Չէ՞ որ մինչեւ հիմա խոսվում է այն մասին, որ խաղաղություն է հաստատվել, բայց ներկայացվող համոզիչ ապացույցներ չկան։ Հակառակը․ հարց է տրվում, թե այդ դեպքում խաղաղության պայմանագիրն ինչու ստորագրված չէ»,-ասաց Բադալյանը:
Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում, ընտրական պրոցեսին զուգահեռ, կլինեն որոշակի քայլեր, որոնք թույլ կտան պաշտոնական Երեւանին խոսել այն մասին, որ պրակտիկ իմաստով խաղաղությունը հաստատվում է, այն վերածվում է որոշումների եւ այլն: Եվ այս կոնտեքստում քաղաքագետը շեշտում է՝ պետք է հարց բարձրացնել՝ եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ խոսք չկա բոլոր հաղորդուղիների ապաշրջափակման մասին, այլ ընդամենը կաթիլային սկզբունքով Հայաստանի հանդեպ որոշումներ են կայացվում:







Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ի աստղագուշակ․ Հավանական են կյանքի շատ ոլորտներում դեպի լավը փոփոխություններ
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ