Մինչ շատերը մտահոգ են` արդյո՞ք 2026-ի խորհրդարանական ընտրություններին Փաշինյանը կդիմի ընտրակեղծիքների եւ ամեն գնով կվերարտադրվի, թե ոչ, այժմ արդեն մեր աչքի առաջ ամեն օր, ըստ էության, ընտրություն է կեղծվում, քանի որ ընտրությունը միայն քվեարկությունը չէ, այլ ողջ նախընթաց շրջանը, իսկ այս պարագայում՝ 7-8 ամիսը։
Հրապարակ թերթը գրել է․ Եվ դա արտահայտվում է նրանով, որ մի տեղ ռեպրեսիաների միջոցով, վախի մթնոլորտ ստեղծելով եւ խոսքի համար ու շինծու մեղադրանքներով մարդկանց կալանավորելով ու դատապարտելով են ընտրակեղծիքների մթնոլորտ ձեւավորում երկրում, մի ուրիշ տեղ` մարդկանց քծնելով ու պետության պարտավորությունների կատարումը որպես լավություն ներկայացնելով:
Համացանցում տեղադրված մեծ թվով տեսահոլովակներից պարզեցինք, որ մինչ օրս Լոռու մարզային իշխանությունը 2023-ի մայիսին տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքներն է վերացնում եւ աղետից տուժածներին փոխհատուցումներ տալիս։ Հիշեցնենք, որ ամենից շատ տուժել էին Ալավերդի քաղաքն ու մոտակա գյուղերը։ Ուսումնասիրելով երիտասարդ մարզպետ Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջը՝ ֆիքսեցինք, թե ինչպես է նա մեկառմեկ գրառումներ արել եւ նշել, թե մարզի որ ճանապարհներն են վերանորոգել եւ այլն։ Սակայն թե դրանք ինչ ճանապարհներ են եւ դեռ քանի տարի կամ ամիսներ առաջ պետք է վերանորոգված լինեին, այդ մասին մարզպետը չի խոսում։ Դա, հավանաբար, ձեռնտու չէ: Իշխանությունը թերեւս կարծում է, որ աղետի հետեւանքով քանդված ճանապարհների ուշացած նորոգումը կարող է հանրության աչքին թոզ փչել եւ իրենց լրացուցիչ քվեներ բերել:
Մարզպետի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք նաեւ, որ նա տարբեր ընտանիքների բնակարաններ է նվիրում կամ մի քանի միլիոն դրամի փոխհատուցումներ հատկացնում, ինչը պարտավոր էին անել դեռ երկու տարի առաջ, սակայն հիմա են անում՝ պահել են, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անեն` որպես ընտրակաշառք, ձայներ կորզելու նպատակով: Մարդիկ էլ, բնական է, հուզվում են, երախտագիտություն հայտնում, եւ այս տեսարանները Արեն Մկրտչյանը հրապարակում է իր էջում, տարածում են սոցցանցերում։
Ալավերդու ընտրված համայնքապետ, սակայն ՔՊ-ի մանդատագողության արդյունքում քաղաքապետի պաշտոնից զրկված Արկադի Թամազյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով մարզում առկա իրավիճակին ու նորաթուխ մարզպետի խորամանկ քայլերին, ասում է. «Դե, սրանք սիրում են լուն ուղտ դարձնել, փոքր բանը` մեծացնել, ուռճացնել, հետո մեծամտանալ ու մեծ-մեծ խոսել: Այդ ճանապարհները ոչ թե պարտավոր են սարքել, այլ․․․ պարտավոր էին սարքել: Այդ ամենն արվում է ժողովրդի տված հարկերից, այլ ոչ թե իրենց գրպանից: Դա իրենց պարտականությունն է: Աշխատանքային բնականոն պրոցես է: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում, թեպետ պետության մեջ արդեն այնպիսի բաներ են կատարվում, որ հերթը չի հասնում այս թեմաներին անդրադառնալուն: Այն, ինչ անում է այժմ, տարիներ առաջ կիսատ մնացած ծրագրերի շարունակությունն է: Բոլորի մոտ էլ նույն տպավորությունն է, ընտրություններից առաջ փորձում են մարդկանց աչքին թոզ փչել»:







Բաց մի թողեք
Նոյեմբերի 1-ի աստղագուշակ․ Հավանական են կյանքի շատ ոլորտներում դեպի լավը փոփոխություններ
Փաշինյանը կիսատ ծրագիրը, որպես ավարտուն է ներկայացրել
Բնակչության հաշվառման նոր կարգ, թե՝ նախընտրական ծուղակ