01/11/2025

Փաշինյանը ոչ ծրագրով Կիրանցին հատկացված գումարի չափն է հիշում, ոչ կառուցվող տների թիվը

Կիրանց այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հետ տարել էր նաեւ Հանրային խորհրդի անդամներին, որոնց, զբոսավարի նման, ներկայացնում էր, թե պետական աջակցությամբ, վարկային ծրագրով սահմանամերձ բնակավայրերում ինչեր են արել, խոսում էր տների կառուցման ծրագրով Կիրանցում արվող շինարարության մասին։

Ըստ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի՝ նա հայտարարել է․  «Կիրանցում եղել ա 97 տուն, հիմա 16 միլիոնի ծրագրով կառուցվում ա 54 տուն։ Կներեք, 21 միլիոն ա Կիրանցում, ոչ թե՝ 16։ Այսինքն՝ գյուղում իրա պատմության լավագույն պիկը եղել ա 97, հիմի մենակ կառավարության ֆինանսավորմամբ 54 տուն ա կառուցվում, այսինքն՝ գյուղը 50 տոկոսով հիմա աճում ա»։

Հանրային խորհրդի անդամներից մեկը հարցրել է, թե Կիրանցում կառուցված տները կբնակեցվե՞ն ընտանիքներով։ Փաշինյանը պատասխանել է․ «Եթե ոչ բոլորը, մեծամասնությունը»։ Նա սխալվել է՝ պետական աջակցությամբ, վարկային ֆինանսավորմամբ սահմանագոտում տների կառուցման ծրագրով յուրաքանչյուրին 16 միլիոն դրամ չի հատկացվում, այլ հատկացվում է 17 միլիոն կամ 21 միլիոն դրամ։ 21 միլիոն դրամի հատկացման դեպքում կառուցած տունը հագեցվում է գույքով։

Փաշինյանը սխալվել է նաեւ Կիրանցում կառուցվող տների թվի հարցում։ Տավուշի մարզպետի աշխատակազմի տվյալներով՝ Կիրանցում այդ ծրագրով հաստատված է 53 առանձնատան կառուցում, որից ոչ մեկի շինարարությունն ավարտված չէ, ոչ մի տուն բնակեցված չէ։

Ըստ Կիրանցի բնակիչների՝ գյուղում կառուցվող այդ տներից 7-ը պատկանում է ոչ թե Կիրանցի, այլ՝ Հայաստանի այլ վայրերի բնակիչներին։ Կիրանցի բնակիչներն այդ տները կոչում են «բանկիրների տներ», քանզի դրանց տերերը տարբեր բանկերի պաշտոնյաներ են։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել․ «Հոկտեմբերի 21-ի դրությամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, պետական աջակցությամբ վարկային 17 կամ 21 միլիոն դրամ ֆինանսավորմամբ քանի առանձնատուն է կառուցվել, որ բնակավայրերում՝ որքան, քանի առանձնատան կառուցումն է ընթացքի մեջ։ Հայտնի՞ է Ձեզ, որ այդ ծրագրով շատ առանձնատներ կառուցվել են ոչ  սահմանամերձ գյուղերի բնակիչների կողմից»։

Մարզպետի աշխատակազմից ուղարկել են մի աղյուսակ՝ տվյալներով, թե Տավուշի սահմանամերձ որ գյուղում վերոհիշյալ ծրագրով քանի առանձնատան շինարարություն է հաստատվել, դրանցից քանիսի  կառուցումն է ավարտված, քանիսն է բնակելի, բնակվող։ Մարզպետի աշխատակազմից նաեւ հայտնել  են․ «Ծրագրի շահառուների վերաբերյալ մարզպետի աշխատակազմը հաշվառում չի իրականացնում»:

Ըստ մարզպետի աշխատակազմի՝ ծրագրով Տավուշի մարզի սահմանամերձ 24 գյուղերում հաստատվել է 1501 տան կառուցում, որից ավարտված է 138-ի շինարարությունը, դրանցից բնակելի է 108-ը, բայց դրանցից 18-ում են այժմ բնակվում։ Աչք է զարնում տարբեր գյուղերում այդ ծրագրից օգտվողների թվերի շատ մեծ տարբերությունը։ Տավուշի մարզի ամենամեծ բնակչություն ունեցող Կողբ գյուղում այդ ծրագրով հաստատված է 277 առանձնատան կառուցում, որից 6-ի շինարարությունն ավարտված է։

Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան գյուղում ծրագրով հաստատվել է 1 տան կառուցում։ Բարեկամավանը փոքր գյուղ է, սակայն Բերդ համայնքի Մովսես, Իջեւան համայնքի Ազատամուտ գյուղերը բնակչությամբ մեծ գյուղեր են, Մովսեսում հաստատված է 1, Ազատամուտում՝ 4 տների կառուցում։ Բերդ համայնքի Չինարի գյուղում հաստատված է 6, Իջեւան համայնքի Վազաշեն գյուղում՝ 8 առանձնատան կառուցում։

Սահմանամերձ գյուղերի բնակիչները հայտնում են, որ սահմանագոտում տնազուրկ շատ ընտանիքներ չեն կարողացել օգտվել ծրագրից, քանի որ այդ ընտանիքների մի մասը սոցիալապես անապահով է, վարկային վատ պատմություններ ունի, նրանց վերաբերյալ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում վարույթներ կան, ծրագրում ընդգրկված բանկերը չեն հաստատում այդ ընտանիքներին տներ կառուցելու նպատակով վարկերի տրամադրումը։

Սահմանագոտում պետական աջակցությամբ տներ կառուցելու ծրագրին մասնակցելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար հարկավոր է 700-800 հազար դրամ, որը տնազուկ շատ ընտանիքներ չունեն եւ չեն օգտվել ծրագրից։ Սակայն ծրագրից օգտվել են սահմանագոտու հետ կապ չունեցող՝ բանկային ոլորտի պաշտոնյաներ, Երեւանի, Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչներ, սահմանագոտում ծնված, սակայն վաղուց այլ վայրերում ապրողներ։

Օրինակ, Իջեւան համայնքի սահմանամերձ Սարիգյուղ բնակավայրում այդ ծրագրով կառուցված եւ Երեւանի բնակիչներին պատկանող 5 տուն կա, որոնց տերերին սարիգյուղցիները դեմքով չեն ճանաչում։