08/11/2025

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից ցորենով բեռնված գնացքը հասել է Հայաստան

Հացահատիկով բեռնված գնացքն անցել է Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքով, այժմ Հայաստանում է։ 

15 վագոններից կազմված գնացքը Հայաստան է տեղափոխել 1048 տոննա 800 կգ ցորեն։ Անցնելով Վրաստանի սահմանը՝ այն ուղևորվել է Հայաստանի Դալարիկ կայարան։

Հիշեցնենք, օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Բաքուն վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին արցախյան հակամարտությունից ի վեր։

Դրանից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կժամանի Հայաստան Ակտաու-Բաքու երթուղով, ապա՝ ադրբեջանական և վրացական երկաթուղիներով։

Այսօր էլ Երևանում անցկացվող միջազգային խորհրդաժողովում ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գնահատանքի» խոսքեր էր հղել Ադրբեջանի ղեկավարին՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները վերացնելու որոշման համար: