08/11/2025

Ձերբակալելո՞վ, կալանավորելո՞վ, գործեր կարելո՞վ, ձեռնասուն դատարաններո՞վ, լողասենյակներում «ժուչոկներ» տեղադրելո՞վ

Մի տեղ կարդացի, որ կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանը, որը շարունակում է իրեն «տեր Արամ» անվանել, իր նախկին գործընկերոջ, կարելի է ասել՝ նախկին հավատակից եղբոր՝ տեր Սարգսի մասին ասել է՝ նա Ապարանում «խադավիկ» է աշխատել (իբր ընթացագործ լինելը վարկաբեկիչ է) եւ կաթողիկոսի բարեկամն է:

Իսկ դրանից առաջ հույս է հայտնել, որ հանրությունը կիմանա, թե հոգեւորականներից որ մեկը որտեղ է մազերը կտրում (հավանաբար, ԱԱԾ-ն վարսավիրանոցներում նույնպես «ժուչոկներ» է դնում): Ինչ խոսք, շատ կարեւոր տեղեկություններ են:

Այդ ամենն ինձ թույլ է տալիս եզրակացնելու, որ Ստեփանը նիկոլական է ոչ միայն «ի պաշտոնե», այսինքն՝ նվիրվելով իր «շեֆի» քաղաքական ծրագրերի իրականացմանը, այլեւ՝ ուղնուծուծով. բամբասկոտ, ճղճիմ «կոմպրոմատներով» ուղեկցվող մանր գզվռտոցը նրան հոգեհարազատ է:

Պարզապես այդ երիտասարդը կյանքի սխալ ճանապարհ է ընտրել՝ չպիտի հոգեւորական դառնար: Ավելի շուտ՝ դեղին մամուլի լրագրող, բլոգեր կամ, եթե բանսարկություններում հասնի որոշ վարպետության, ՔՊ պատգամավոր: Հոգեւոր ծառայությունը ես, ճիշտն ասած, այլ կերպ եմ պատկերացնում:

…Մաքրել եկեղեցի՞ն: Այո, համաձայն եմ: Բայց այսպիսի՞ գործելակերպով: Ձերբակալելո՞վ, կալանավորելո՞վ, գործեր կարելո՞վ, ձեռնասուն դատարաններո՞վ, լողասենյակներում «ժուչոկներ» տեղադրելո՞վ:

Վարչապետը, քաղաքական մեծամասնությունը, պետական ուժային լծակներ ունեցողներն ի բնե, իրենց բնույթից ելնելով, չեն կարող «մաքրել» կրոնական կազմակերպությունը, որը ե՛ւ Սահմանադրությամբ, օրենքներով, եւ ի՛ր բովանդակությամբ պետք է ինքնավար լինի:

…Ի՞նչ կլինի, եթե հաջորդ վարչապետին կամ նախագահին դարձյալ դուր չգա այս կամ հաջորդ կաթողիկոսը: Դարձյա՞լ պետք է մխրճվենք պղծության ճահճի մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ