Վերջերս ակնհայտ մշակութային (ոչ քաղաքական) փոքր, բայց կարեւոր գործարք կայացավ։ Հայաստանի իշխանությունների ֆինանսական միջամտությամբ ձեռք բերված միջնադարյան Ավետարանը հանդիսավոր արարողակարգով եւ ճոխ համերգային ծրագրով հանձնվեց Մատենադարանին։ Շատերը գոհունակություն ապրեցին, երբ հայագիր անգնահատելի, հերթական Ավետարանն իր հավերժական հանգրվանը գտավ Մատենադարանի ցուցասրահում։
Սակայն Մատենադարանի տնօրենի երախտիքի խոսքը ոմանք տարօրինակ համարեցին։ Չգիտես ինչու, խոսքն ուղղված էր ոչ այնքան Ավետարանի գրիչներին, հնածոն Մատենադարանի սեփականություն ձեւակերպողներին, որքան՝ ՀՀ վարչապետին։ Այդպես, մշակութային գործարքը վերածվեց քաղաքական շոուի, այլ կերպ՝ անձնիշխանության ձոներգի։ Իսկ Ավետարանը դարձավ ձոներգի առիթ։
Այս իրողությունը հիշեցրեց խորհրդային կուսակցապետական ժամանակաշրջանը, երբ բոլոր մեծ ու փոքր հաջողությունները վերագրվում էին իշխող քաղաքական ուժի «իմաստուն եւ հեռատես» առաջնորդին, անշուշտ, մինչեւ նրա պաշտոնանկումը կամ մահը։ Սա արդեն մեթոդոլոգիա է, երբ երկրի առջեւ կուտակված քաղաքական խնդիրները խելամտորեն լուծելու փոխարեն մշակութային գործարքներից են քաղաքական շահաբաժին (դիվիդենտ) ակնկալում։
Ակնհայտ է, որ հոգնած, պարզ մարդիկ ստերից ու խելքից դուրս խոստումներից կորցրել են կողմնորոշումը, խարխափում են անորոշության մեջ, իսկ հավատն առ քաղաքական ուժեր եւ իշխանություն՝ շահերի վերլուծության արդյունքն է որոշողը։ Ստեղծված իրադրության մեջ ո՞ւմ քիմքին է հասանելի Ավետարանը, Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը․․․ Չկա պետականության զգացում, կա մտքերի քաոս։ Իսկ ինստիտուցիոնալ պետականությունը վերափոխվել, դարձել է արհեստագործական օրախնդիր ծրագրերով զբաղվող համքարություն։
Ի դեպ, նոր սահմանադրության մասին։ Գործող Սահմանադրությունը ճիշտ եւ ճիշտ վարչապետի «հագով» է կարված, քանզի երաշխավորում է նրա հավերժ վերարտադրությունը։ Միակ խոչընդոտը Անկախության հռչակագրի մասին Սահմանադրությունում մեկ տողով հղումն է։ Արժե՞ հարեւան երկրի ղեկավարի պահանջով Սահմանադրությունից հղումը հանելու համար թանկարժեք հանրաքվե անցկացվել։
Իսկ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական ընդդիմությունը նախաձեռնի արմատապես նոր հայեցակարգով, հիմնովին այլ Սահմանադրություն ստեղծելու գործը, ըստ որի․
1․ կվերականգնվի Հայաստանի կառավարման կիսանախագահական համակարգը
2․ երկրի նախագահը կլինի Զինված ուժերի գլխավոր հրամանատարը
3․ նախագահը երկու անգամ՝ անընդմեջ ընտրվելու իրավունք կունենա՝ յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով
4․ նախագահը երրորդ անգամ վերընտրվելու իրավունք չի ունենա
5 ամենակարեւորը՝ նախագահի լիազորությունները կվերահսկեն ԱԺ խորհրդարանը եւ Սահմանադրական դատարանը։ Մանրամասնենք․ խոսքը նախագահի վետոն հաղթահարելու եւ պաշտոնանկության (իմպիչմենտի) մեխանիզմների եւ որոշ պաշտոնների հարցում նշանակումների մասին է։
Այդպիսի դիմակայությամբ օժտված Սահմանադրությամբ կկանխվի իշխանությունների ջրիկացումը՝ համատարած ստերն ու անհեթեթ խոստումները։ Իսկ երկրի ղեկավարն օտար երկրների պաշտոնյաների հետ կգործակցի առանց խոնարհվելու։
Ինչ վերաբերում է ՀՀ Անկախության հռչակագրին, ապա Հռչակագիրն ամբողջությամբ եւ իր մասին հղումը ՀՀ Սահմանադրության մեջ՝ անուրանալի է։
Փաստենք, որ առկա ՀՀ Անկախության հռչակագիրը չի մոռացվել։ Օգոստոսի 22-ին կայացավ ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կազմած «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 35 ամյակը» ժամանակագրական փաստաթղթերի ժողովածուի շնորհանդեսը։ Ժողովածուն փաստարկում է, որ Հայոց անկախ պետականությունը կերտվել է ոչ թե դրսի ուժերի դրդմամբ, այլ համայն հայության գիտակցությամբ եւ համահավաք ջանքերով՝ որպես Հայոց անկախ պետականության ծննդյան վկայական։
Արամայիս Ասլանյան






Բաց մի թողեք
Բախից մինչև իսպանական բարոկկո և Կոմիտաս․ Խուան դե լա Ռուբիայի մենահամերգը Երևանում. Լուսանկարներ
Հայաստանի պատվիրակ Ալբերտի «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են
«Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնի փակման արարողությունն էր․ Լուսանկարներ