08/11/2025

Իտալական East Journal-ը բացասաբար է անդրադարձել Հայաստանին ու քննադատել Փաշինյանին

Իտալական East Journal-ը նոյեմբերի 5-ին անդրադարձել է Հայաստանին․ մաս 1-ին. 

«Վերջին շրջանում Հայաստանը, որտեղ իշխանության ղեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, դարձել է աճող սոցիալական եւ քաղաքական լարվածության թատերաբեմ։ Ձերբակալվում են ընդդիմադիրներ, ճնշվում է այլախոհությունը, բախում կա Հայ Առաքելական եկեղեցու հետ։ Կառավարությունն էլ այդ իրավիճակում սկսել է հավակնոտ մի նախագիծ՝ վերաֆորմատավորել ազգային ինքնությունը եւ ամրացնել սեփական իշխանությունը>։

Հոդվածում ասվում է, որ իշխանության գալով 2018 թվականին «Թաշվյա հեղափոխության» արդյունքում՝ Փաշինյանն այն ժամանակ հայտարարում էր, որ չի պատրաստվում փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ հեռանալ Ղարաբաղյան շարժման գաղափարախոսությունից, սակայն 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ելքն ու 2023 թվականին Ադրբեջանի կողմից ԼՂ-ում անցկացված հայաթափումը հանգեցրել են նրան, որ Հայաստանի գործող կառավարությունը փոխել է իր գաղափարախոսությունը։

Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» կամ «Նոր Հայաստանի» գաղափարախոսությունը, որը ներառում է հետեւյալ դրույթները․

•  Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում,

•  «Իրական Հայաստան», որը ընդգրկում է 29 743 կմ․ քառ․ տարածք, միջազգայնորեն ճանաչված սահմաններում միայն,

•    Հայրենիքը պետությունն է կոնցեպտ, որը ենթադրում է, որ  Հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Նկատելի է այն, որ հայության մեծ մասի համար, թե Հայաստանում, թե Սփյուռքում, պատմական Հայրենիքը ներառում է այն տարածքները, որոնք համարվում են հայկական ժամանակակից Արեւելյան Թուրքիայում, ինչպես նաեւ՝ Լեռնային Ղարաբաղը, հյուսիսային Իրանն ու հարավ-վրացական Ջավախքը

• Անկախություն՝ ուժային մի քանի կենտրոններից ունեցած կախվածության միջոցով։ Սա նշանակում է, որ արտաքին քաղաքականությունը պետք է միտված լինի նվազեցնելու մեկ ուժային կենտրոնից կախվածությունը, որը հասկանալիորեն ՌԴ-ն է։

•  Հարաբերությունների ամրապնդում ԵՄ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի հետ։

Այս գաղափարախոսությունը բերելու է հայկական ազգային ինքնության վերաիմաստավորմանը կամ վերաֆորմատավորմանը։ Փաշինյանին մեղադրում են ազգային ինքնության սիմվոլների ոչնչացման մեջ։

Օրինակ՝ Հայ ժողովրդի կողմից որպես պատմական եւ կրոնական ինքնագիտակցության կարեւոր սիմվոլ հանդիսացող Արարատ սարի պատկերի հեռացումը կնիքներից։ Արարատի վրա է, համաձայն Աստվածաշնչի, կայանել Նոյ նահապետի տապանը Համաշխարհային ջրհեղեղից հետո։ Այս տարվա նոյեմբերի 1-ից Արարատ սարի պատկերը հանվել է սահմանային կնիքներից։

Այս տարվա հոկեմբերի սկզբին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե հաջորդ տարվա հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթի, ապա իր ղեկավարած քաղաքական ուժը կստանձնի պատասխանատվությունը ստեղծելու Հայաստանի, այսպես կոչված, «Չորրորդ Հանրապետությունը»։

Հայկական ընկալման համաձայն, ներկայիս ՀՀ-ն դա «Երրորդ Հանրապետությունն» է։ «Երկրորդ Հանրապետությունը»՝ Խորհրդային Հայաստանն էր, իսկ «Առաջին Հանրապետությունը» գոյություն է ունեցել 1918-20 թթ։ Ըստ Փաշինյանի, Երրորդ Հանրապետությունը հիմնված է եղել հակամարտության եւ ուտոպիստական պատմական Հայրենիքի որոնումների տրամաբանության վրա, իսկ Չորրորդ Հանրապետությունը ի տարբերություն նախորդի, հիմնված է լինելու խաղաղության եւ գոյություն ունեցող Հայրենիքի՝  Հայաստանի Հանրապետության վրա։ Դա նաեւ ենթադրում է նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացում, մի բան, որ պահանջում է նաեւ Բաքուն, այն համարելով երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման  նախապայման։

Հայաստանի բնակչության մեծ մասը քննադատում է թե «Իրական Հայաստանի», թե «Չորրորդ Հանրապետության» գաղափարները, դրանք ընկալելով որպես զիջումներ՝ արված Բաքվին եւ Ստամբուլին, ինչպես նաեւ՝ հարձակում ազգային ինքնության, Հայոց Ցեղասպանության եւ Ղարաբաղյան վերջին պատերազմների հիշողության դեմ։ Հավելյալ անհանգստություն է առաջացնում Գարեգին 2-րդ կաթողիկոսին գահընկեց անելու փորձերն ու դեմոկրատիայի էրոզիան։

Շարունակելի